Ֆրանսիայում նոյեմբերի 7-ին նախատեսված բողոքի ակցիաների ընթացքում հասարակական կարգն ապահովելու համար ամբողջ երկրում ներգրավվելու է շուրջ 70 հազար ոստիկան և ժանդարմ։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
«Սպառնալիքի մակարդակը ճիշտ նույնն է, ինչ նախորդ շաբաթ օրերին։ Սոցիալական ցանցերում կրկին բռնության կոչեր ենք արձանագրել, այդ թվում՝ իրավապահների և առևտրային օբյեկտների նկատմամբ», – ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ այդ պատճառով իրավապահ ուժերը կներգրավվեն նույն ծավալով, ինչ նախորդ ակցիաների ժամանակ։ Նրանց թվում կլինեն 110 շարժական ստորաբաժանում, Ազգային ժանդարմերիայի 25 «Սենտոր» զրահամեքենա և ջրցան մեքենաներ։
Մամուլի ասուլիսում Նունյեսը նշել է, որ նոյեմբերի 5-ին, երբ ամբողջ երկրում բողոքի ակցիաների մեծ մասը կազմակերպել էին արհմիությունները, իրավիճակը հիմնականում հանգիստ է եղել՝ չնայած առանձին ծայրահեղական խմբերի գործողություններին։ Սակայն նոյեմբերի 7-ի ակցիաների և գործողությունների կոչերի մեծ մասը գալիս է ոչ թե արհմիություններից, ուստի, նախարարի գնահատմամբ, իրավիճակն այլ կլինի։
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջից։ Սկզբում դպրոցականները փակել էին ուսումնական հաստատությունները՝ դժգոհելով դրանց վատ վիճակից, ծանրաբեռնված դասացուցակից և մի շարք առարկաների ուսուցիչների պակասից։
Հոկտեմբերին բողոքի շարժմանը միացել են նաև արհմիությունները։ Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերը և հրաժարվել իշխանությունների նախատեսած լրացուցիչ խնայողության միջոցառումներից։
Նոյեմբերի 9-ին վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հանդիպում կանցկացնի արհմիությունների ներկայացուցիչների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները քննարկելու համար։