Ռուսաստանից 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումար դուրս հանելն այլևս արգելված է։ Պետական եկամուտների կոմիտեն կարևոր որոշման մասին զգուշացնում է Հայաստանի քաղաքացիներին․ Ռուսաստանի Դաշնությունից սահմանվել է ՌԴ կանխիկ արժույթի արտահանման խիստ արգելք։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց արգելվում է Ռուսաստանից դուրս հանել 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար դեպի ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար արգելքը գործում է անկախ գումարի չափից։ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ սահմանված կարգավորումներին։
Միջազգային մամուլի փոխանցմամբ՝ Թեհրանն արդեն բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին։ Զուգահեռաբար Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կոշտ ու անզիջում վերջնագիր է ներկայացրել՝ հայտարարելով, թե ցանկացած նոր ագրեսիայի դեպքում հակառակորդը ստանալու է շատ ավելի կոշտ ու ջախջախիչ պատասխան, քան նախկինում։ Արաղչին հստակեցրել է նաև Հորմուզի նեղուցի բացման իրենց պայմանները՝ շեշտելով, որ Թեհրանը հետ չի կանգնելու իր դիրքերից։ Բայց սրանով լարումը միայն չի ավարտվում։ Իրանի Մեջլիսի անդամ, նախկին ԱԳՆ Մանուչեհր Մոթաքին բացահայտ և ուղիղ սպառնալիք է հնչեցրել Եվրոպայի հասցեին։ Մեղադրելով Անգլիային, Գերմանիային, Իտալիային ու Պորտուգալիային՝ ամերիկյան կործանիչներին իրենց բազաները տրամադրելու և Իրանի դեմ գործելու մեջ, Մոթաքին պահանջել է անհապաղ ներողություն խնդրել։ Ընդ որում՝ նա բաց տեքստով զգուշացրել է, որ Թեհրանի հրթիռները կարող են հասնել նաև Եվրոպա։
Նոր Սահմանադրության մշակման շուրջ կասկածներն ու հանրային քննարկումները չեն դադարում։ Չնայած ամիսներ առաջ խոստացվել էր տեքստը պատրաստ ունենալ դեռ մարտին, Նիկոլ Փաշինյանը միայն օրերս ակնարկեց, որ այն հնարավոր է հրապարակվի այս ամսվա ընթացքում։ Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից փորձել է պարզել՝ ըստ իրենց, ինչո՞ւ է իշխանությունը ձգձգում փաստաթղթի հրապարակումը։ Քաղաքացիների արձագանքները բավականին կոշտ են ու տարաբնույթ․ ոմանք համոզված են, որ տեքստը թաքցնում են, քանի որ այնտեղ կան Արցախից ու Արարատից հրաժարվելու վտանգավոր դրույթներ։ Մյուսները պնդում են, որ իշխանությունն ինքը վստահ չէ իր գրածի վրա, իսկ ոմանք էլ հեգնում են՝ «առաջվա Սահմանադրությունը ո՞վ էր կարդացել, որ նորն իմանան։
Արաբկիր վարչական շրջանում անհայտ անձինք կրկին վնասել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը։ Դեպքը գրանցվել է Ադոնցի փողոցում՝ Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ։ 2007 թվականին տեղադրված այս խաչքարը նվիրված է Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակին։ Տարիներ առաջ նույնպես կոտրել էին քանդակի գլուխն ու ձեռքը, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։ Բնակիչները պահանջում են թաղապետարանից նշված հատվածում անհապաղ տեսախցիկներ տեղադրել՝ սրբապղծությունների շարքին վերջ տալու համար։
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ արդեն նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում տեղի կունենան Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները։ Սա այն հանդիպումն է, որին սպասում էին ամիսներ շարունակ․ օրակարգում հետպատերազմյան անվտանգային նոր կարգավորումներն են, ռազմական լարվածության թուլացումն ու խաղաղությանն ուղղված հստակ քայլերը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը։ Վաղը՝ նոյեմբերի 4-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու հերթական դատական նիստը, որտեղ քննարկվելու է Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ ԲՀԿ-ն ընդգծում է, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, իսկ նախաքննության ավարտից հետո Ծառուկյանին կալանքի տակ պահելն այլևս որևէ ողջամիտ հիմնավորում չունի։ Կուսակցությունից հայտարարում են, որ տասնյակ հազարավոր համակիրներով հետամուտ են լինելու արդարության հաստատմանը և իրենց պայքարը չի կանգնելու։
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր առևտրի և հանրային սննդի օբյեկտներում, տոնավաճառներում, շրջիկ ու բացօթյա առևտրի կետերում իսպառ արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների վաճառքն ու անգամ դրանց առկայությունը։ Պետությունը վերջնականապես փակում է պլաստիկի շրջանառության էջը․ արգելքը տարածվելու է ինչպես մանրածախ առևտրի, այնպես էլ սննդի սպասարկման բոլոր ոլորտների վրա։ Նախարարությունը հիշեցնում է, որ սահմանված ժամկետից հետո պլաստիկ ապրանքներ օտարողները կենթարկվեն պատասխանատվության։
Գազայում թղթի վրա գրված հրադադարն ի չիք դարձավ․ իսրայելական ռազմական ավիացիան դաժան հարվածներ է հասցրել անկլավի խորքերին՝ այն վերածելով իսկական մղձավանջի։ Ընդամենը ժամերի ընթացքում զոհվել է առնվազն 15 մարդ, իսկ 38-ը ստացել են ծանր վիրավորումներ։ Հարվածների թիրախում են հայտնվել Խան Յունիսի անօգնական տեղահանվածների ճամբարներն ու բնակելի թաղամասերը, որտեղից մինչև հիմա դուրս են բերում քաղաքացիական անձանց մարմինները։ Պաղեստինյան կողմի փոխանցմամբ՝ «հրադադար» կոչվածի ընթացքում իսրայելական կրակից արդեն զոհվել է ավելի քան 1500 մարդ, իսկ այս արյունալի պատերազմի զոհերի ընդհանուր թիվը հատել է ահռելի ու ողբերգական 74 հազարի սահմանագիծը։