Արտաքին 2 ժամ առաջ - 21:55 28-10-2026

Թուրք-հունական չլուծված խնդիրները և նոր մարտահրավերները

Թուրք-հունական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «կառավարելի հակամարտություն», որի շրջանակում լարվածության սրման փուլերին պարբերաբար հաջորդում են հարաբերական մեղմացման շրջափուլերը։ Այս դինամիկան պայմանավորված է ոչ միայն երկու երկրների միջև առկա պատմական և քաղաքական տարաձայնություններով, այլև էներգետիկ ռեսուրսների ու ծովային տարածքների շուրջ շարունակվող մրցակցությամբ։

Գրում է Ermenihaber-ը: Հարաբերությունների վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ կողմերը պարբերաբար փորձում են նոր ուղիներ գտնել երկխոսությունը պահպանելու և առճակատումը կանխելու համար՝ առանց հիմնական հակասությունները վերջնականապես կարգավորելու։
Այս համատեքստում կարևոր նշանակություն ունեցավ 2021-2022 թթ. ձևավորված «դրական օրակարգի» մոտեցումը, որը ենթադրում էր առևտրի, զբոսաշրջության, տնտեսական կապերի և սահմանային ենթակառուցվածքների զարգացման միջոցով երկկողմ համագործակցության ընդլայնում։ Այսպիսով՝ Անկարան և Աթենքը փորձում էին առաջընթաց արձանագրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ միաժամանակ շրջանցելով առավել վիճահարույց հարցերի անհապաղ լուծման անհրաժեշտությունը։ Նման գործելակերպը հնարավորություն էր տալիս պահպանել երկխոսությունը՝ չնայած հիմնարար քաղաքական և ռազմավարական տարաձայնություններին։

Այդ մոտեցման գործնական դրսևորումներից մեկը նկատվեց 2023 թ., երբ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը նոր հնարավորություններ ստեղծեց երկկողմ հարաբերությունների մեղմացման համար։ Հունաստանը աղետից հետո առաջիններից էր, որ օգնություն ցուցաբերեց Թուրքիային՝ ուղարկելով փրկարարական խմբեր և մարդասիրական աջակցություն։ Աթենքի այս քայլը նպաստեց երկու երկրների միջև փոխադարձ ընկալումների բարելավմանը և քաղաքական երկխոսության վերականգնման համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեց։

Այս դրական մթնոլորտը նպաստեց նաև քաղաքական մակարդակում երկխոսության ակտիվացմանը։ 2023 թ. հուլիսին Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը կարևոր քայլ դարձավ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, ինչը հետագայում հանգեցրեց Էրդողանի՝ դեկտեմբերի 7-ին Աթենք կատարած այցին։ Այցի ընթացքում ստորագրված «Բարեկամության և բարիդրացիության հռչակագրով» երկու երկրները վերահաստատեցին հարաբերություններն ամրապնդելու, քաղաքական երկխոսությունն ու տնտեսական համագործակցությունը զարգացնելու և հետագա սրացումներից խուսափելու հանձնառությունը։

Հռչակագրի նշանակությունն այն է, որ այն արտացոլում էր երկու երկրների՝ տարաձայնությունները չսրելու և երկխոսության միջոցով հարաբերությունների հարաբերական կայունությունը պահպանելու քաղաքական կամքը։

Այդուհանդերձ, ձեռք բերված պայմանավորվածությունները չվերացրին հիմնական հակասությունները, որոնք շարունակում էին սահմանափակել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները։ Դրանցից մեկը ծովային պարկերի ստեղծման շուրջ առաջացած տարաձայնությունն էր, որը կրկին ի ցույց դրեց թուրք-հունական հարաբերությունների փխրունությունը և համագործակցության օրակարգի սահմանափակումները։

2025 թ. հուլիսին Հունաստանը հայտարարեց Էգեյան և Հոնիական ծովերում ծովային ազգային պարկեր ստեղծելու ծրագրերի մասին։ Այդ քայլով Աթենքը նպատակ ուներ պաշտպանել ծովային կենսաբազմազանությունը, պահպանել էկոհամակարգերը և կարգավորել մարդկային գործունեության ազդեցությունը ծովային միջավայրի վրա։

Սակայն նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ Թուրքիայի կողմից։ Անկարան պնդում է, որ Հունաստանը բնապահպանությունն օգտագործում է որպես պատրվակ Էգեյան ծովի վիճելի հատվածներում իր ազդեցությունն ամրապնդելու համար։ Բացի այդ, Թուրքիան նախաձեռնությունը դիտարկում է նաև որպես տնտեսական սպառնալիք։ Քանի որ եթե Հունաստանը սահմանի բնապահպանական խիստ գոտիներ, դա կարող է սահմանափակել թուրքական առևտրական, ռազմական և ձկնորսական նավերի ազատ տեղաշարժը։
Ի պատասխան՝ 2026 թ. օգոստոսին Թուրքիան հայտարարեց Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Էգեյան ծովում երկու ծովային ազգային պարկ ստեղծելու մասին։ Հունաստանը քննադատեց այդ քայլը՝ որակելով այն որպես սադրանք և ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի խախտում։
Ծովային պարկերի շուրջ վեճը թուրք-հունական հարաբերությունների լարվածության միակ պատճառը չէր։ Լարվածության մեկ այլ կարևոր աղբյուր դարձավ Հունաստանն ու Կիպրոսը միացնող «Great Sea Interconnector» ստորջրյա էլեկտրական մալուխի նախագիծը, որը հետագայում նախատեսվում է ընդլայնել Իսրայելի էներգետիկ համակարգին միացնելու միջոցով։ Նախագծի նպատակն է Կիպրոսը կապել Հունաստանի և Եվրոպայի էլեկտրաէներգետիկ ցանցին՝ նվազեցնելով կղզու էներգետիկ մեկուսացումը և ամրապնդելով տարածաշրջանային էներգետիկ կապերը։

Այնուամենայնիվ, տնտեսական և էներգետիկ նշանակությունից բացի նախագիծը ձեռք է բերել նաև աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ մալուխի նախատեսվող երթուղին անցնում է այն ծովային տարածքներով, որոնց նկատմամբ Թուրքիան և Հունաստանը տարաձայնություններ ունեն։ Անկարան պնդում է, որ իր կողմից մայրցամաքային ծանծաղուտի մաս համարվող տարածքներում հետազոտական և շինարարական աշխատանքները պետք է նախապես համաձայնեցվեն Թուրքիայի հետ, իսկ նախագծի իրականացումից առաջ անհրաժեշտ է ստանալ իր համաձայնությունը։ Աթենքը մերժում է այս պահանջը՝ հայտարարելով, որ նախագծի իրականացման համար Թուրքիայի թույլտվությունը չի պահանջվում, և այն չի կարող Անկարային նման հարցերում վետոյի իրավունք տալ։

Այս մրցակցության համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում Թուրքիայի և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) միջև էներգետիկ համագործակցության խորացումը։ 2026 թ. հուլիսի 10-ին կողմերը ստորագրել են բնական գազի մատակարարման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Ունալ Ուսթելի խոսքով՝ գազային նախագծից հետո նախատեսվում է կենտրոնանալ նաև Թուրքիայից ստորջրյա մալուխով էլեկտրաէներգիա մատակարարելու ծրագրի վրա։

Արդյունքում Կիպրոսի շուրջ ձևավորվում են էներգետիկ փոխկապակցվածության երկու տարբեր ուղղություններ։ Մի կողմից՝ Հունաստան-Կիպրոս էլեկտրական միակցիչի նախագիծն է՝ Իսրայելի հետ կապի ընդլայնման հեռանկարով, մյուս կողմից՝ Թուրքիա-Հյուսիսային Կիպրոս էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը։

Էներգետիկ ենթակառուցվածքների շուրջ մրցակցությանը զուգահեռ՝ թուրք-հունական հարաբերությունների վրա շարունակում են ազդել նաև ծովային գոտիների սահմանազատման և Արևելյան Միջերկրականում ազդեցության բաշխման շուրջ տարաձայնությունները։ Այս համատեքստում նշանակալի զարգացում էր 2026 թ. հոկտեմբերի 20-ին Լիբիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Թուրքիայի և Լիբիայի միջև 2019 թ. ստորագրված ծովային գոտիների սահմանազատման համաձայնագրի վավերացումը։ Համաձայնագրով սահմանազատվում են Թուրքիայի հարավային և Լիբիայի հյուսիսարևելյան ափերի միջև ընկած ծովային տարածքները, որոնք կողմերը դիտարկում են որպես իրենց Բացառիկ Տնտեսական Գոտիներ (EEZ)։ Սա նրանց թույլ է տալիս իրավաբանորեն հիմնավորել այդ տարածքներում նավթի և գազի որոնման ու արդյունահանման հավակնությունները։

Համաձայնագրով Թուրքիան ձգտում է լուծել մի շարք ռազմավարական խնդիրներ, որոնցից մեկը Հունաստանի և նրա գործընկերների էներգետիկ նախագծերի վրա ազդեցություն ունենալն է։ Հունաստանը, Կիպրոսը, Իսրայելը և Եգիպտոսը քննարկել են Արևելյան Միջերկրականի գազամուղի («EastMed») կառուցման հնարավորությունը՝ Իսրայելի և Կիպրոսի գազը Հունաստանի միջոցով Եվրոպա հասցնելու նպատակով՝ շրջանցելով Թուրքիան։ Թուրք-լիբիական համաձայնագրով սահմանված ծովային գոտիների նկատմամբ Անկարայի հավակնությունները կարող են բարդացնել այդպիսի նախագծերի իրականացումը՝ առաջացնելով իրավական և քաղաքական լրացուցիչ խոչընդոտներ։ Այդուհանդերձ, համաձայնագիրն ինքնին իրավականորեն չի արգելափակում գազամուղի կառուցումը և ինքնաբերաբար Թուրքիայի համաձայնությունը պարտադիր չի դարձնում ցանկացած ստորջրյա խողովակաշարի համար։ Ավելի ճիշտ է այն դիտարկել որպես Անկարայի բանակցային դիրքերն ամրապնդող քայլ, որը կարող է ազդել ապագա էներգետիկ նախագծերի երթուղիների և իրագործելիության վրա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: