ԱԹՍ-ների կարևորության մասին Հայաստանում սկսեցին առավել շատ խոսել 2020-ի պատերազմից հետո․ մեր՝ ԱԹՍ-ներ չունենալու - չկիրառելու և թշնամու՝ ԱԹՍ-ներով ավերածություններ ու տագնապ սփռելու հայտարարությունների իրատեսականության աստիճանն այդպես էլ մասնագիտորեն չգնահատվեց, սակայն ակնհայտ է ու միանշանակ, որ այս ոլորտում անպատկերացնելի շատ գործ ունենք անելու թե սարքերի և թե մասնագետների պատրաստման առումով։
Պատերազմի հետ մեր երկիր եկած այս մասնագիտությունը՝ ԱԹՍ օպերատորությունը, որ այսօր աշխարհում կիրառվում է գրեթե բոլոր ոլորտներում, Հայաստանում դեռ շատ քիչ է տարածված․ ՊՆ-ում կա վարչություն, մասնագետներ կան ոստիկանությունում ու փրկարար ծառայությունում և գործում են օդաչուների պատրաստման մասնավոր դպրոցներ։
Oragir.News-ն այսօր հյուրընկալվել է WishUp Drone ակադեմիայում, որտեղ էլ սաների ու ուսուցիչների հետ զրուցել ենք ոլորտի զարգացման առանձնահատկությունների ու որոշ խնդիրների մասին։
Ակադեմիայի տնօրենը լրագրող, վավերագրող Արման Սուլեյմանյանն է, ու նրա խոսքով՝ լրագրությունից հետո սա հրաշալի ոլորտ է, որտեղ, ի դեպ, չկան վատ մարդիկ, մասնագետներն էլ այնքան քիչ են, որ նույնիսկ մրցակցություն չկա։
Սաներից մեկը՝ Ավետ Մկրտչյանը, դիտարկում է, որ իր հասակակիցներից շատերը չեն ուզում լսել ԱԹՍ-ի մասին, քանի որ դա ասոցացվում է բանակի հետ։
Հրահանգիչներից Էրիկա Գյոնջյանը հիշում է, որ սահմանամերձ գյուղերից մեկում էլ իրենց արգելեցին դրոնով նկարահանումներ անել՝ ասելով, թե դա պատերազմ բերող «շայթանի գործիք» է։
Քաղավիացիայի օրենքը, որով կարգավորվում է ոլորտը, անհուսորեն հնացել է։ Պետական մարմիններում ԱԹՍ-ների հետ կապված օրենքի նախագծերի քննարկումներին գործնականում աշխատող մասնագետների (իրական գործ անող, արդյունք տվող և մրցույթներում հաղթող ընկերության աշխատողներին) չեն հրավիրում։ Խնդիրները շատ են, բայց տրամադրվածությունը՝ մարտական ու առավելագույնս դրական։ Դիտեք, համոզվեք։
Տեսանյութ: