Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալը սկսել էին իրացնել դեռևս օգոստոսի 13-ին։
Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արշակունյաց պողոտայում ձերբակալել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին էին տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 35 և 38 տարեկան երկու տղամարդու։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրանց ավտոմեքենայում հայտնաբերվել էր կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
Հիմնավորվել է նաև քրեական ոստիկանների օպերատիվ տեղեկությունը, որ տղամարդիկ թմրանյութը ձեռք էին բերել մի կնոջից։ Օգոստոսի 19-ին իր շենքի բակում ձերբակալվեց և նախաքննական մարմին ներկայացվեց նաև կինը։
Նույն օրը դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ կնոջ տանը նույնպես հայտնաբերվեց կոկաինի նմանվող զանգված։ Նրան առաջադրվեց մեղադրանք և խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ կինը թմրանյութը ձեռք է բերել Արարատի մարզի Մրգավան գյուղում բնակվող 49-ամյա մի տղամարդուց։
Սեպտեմբերի 11-ի երեկոյան, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկային ծառայողների հետ, քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին 49-ամյա տղամարդուն և իր վարած «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա՝ ներկայացրին վարույթն իրականացնող մարմին:
Դատարանի որոշմամբ նույն օրը Մրգավան գյուղի նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 225 գրամ մարիխուանայի և 110 գրամ կոկաինի նմանվող զանգվածներ, հոգեմետ 17 դեղահաբ, մարիխուանայի հետքերով աղաց, զիպ փականով տոպրակներ։
Հայտնաբերվեց նաև չհրկիզվող պահարան, որում կար 810 հազար ռուբլի, մոտ երկուսուկես միլիոն դրամ և 33 500 դոլար։ Ըստ տեղեկության՝ սրանք թմրանյութերի իրացումից ստացված գումարներ են։
49-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։