«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է՝ ռուսական կողմը չի ընդունում նա․ Ծառուկյանին պատկանող Արարատ կոնյակի, գինու, օղու գործարանի արտադրանքը։ «Նոյ» կոնյակով բարձված շուրջ 2 տասնյակ բեռնատար անցել են սահմանը, սակայն ռուսական կողմն անհայտ պատճառներով թույլ չի տալիս առաջ շարժվել։
Մեր աղբյուրներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո իրենք անարգել ապրանք են ուղարկել ՌԴ, մինչ այն պահը, երբ կոնյակի գործարանը խլվեց սեփականատիրոջից եւ վերցվեց պետական կառավարման, իսկ Ծառուկյանն էլ կալանավորվեց հուլիսի 7-ին։ Թերեւս հենց դա է պատճառը, որ «Արարատի» խմիչքը մնացել է ճանապարհին՝ այդ խմիչքի վաճառքից գոյացած եկամուտը պետությանն է գնալու՝ ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները»։
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Ծավ համայնքում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել․ իշխանական աղբյուրները պնդում են՝ Փաշինյանը վրդովված է, իսկ պատասխանատուները դեռ փնտրում են՝ որտեղից է հայտնվել թույնը։
Առողջապահության նախարարությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի ջրում սնդիկ է հայտնաբերվել և հորդորեց բնակիչներին չօգտագործել այդ ջուրը խմելու նպատակով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցն արդեն հասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս խիստ վրդովված է ստեղծված իրավիճակից և հանձնարարել է հնարավորինս արագ պարզել, թե ինչպե՞ս է հնարավոր դարձել, որ քաղաքացիների խմելու ջրի մեջ սնդիկ հայտնվի, և ո՞վ է դրա համար պատասխանատու»։
--
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանն իր սանիկին՝ Լիպարիտ Մարգարյանին, առաջիկա օրերին նշանակելու է Չարենցավանի էլցանցի տնօրեն: Նա Արզական համայնքի վարչական ղեկավարն է եղել, հիմա պատրաստվում է ավելի «յուղոտ» պաշտոնի՝ բարձր աշխատավարձով:
Լիպարիտ Մարգարյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Դուք Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եք եւ շուտով ղեկավարելու եք Չարենցավանի էլեկտրացանցը։ «Նման խոսակցություն կա, բայց դա ի՞նչ կապ ունի սանիկ լինելու հետ»: Բայց Ռոմանոս Պետրոսյանի սանի՞կն եք։ «Սանիկն եմ, չեմ ժխտում, ընենց չի, որ Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եմ, պետք ա նոր աշխատանք ունենամ: Ես 9 տարի եղել եմ Արզական համայնքի վարչական ղեկավարը»:
9 տարվա մեջ երեւի հասցրել եք համայնք ղեկավարելու փորձ ձեռք բերել, իսկ էլեկտրացանց ղեկավարելու ունակություններ ունե՞ք։ «Դե՛ հա, ունենք»: Նշենք, որ Չարենցավանի էլեկտրացանցի տնօրենը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Մարտիկ Մանասյանն էր, որին Ռոմանոսն ազատել է աշխատանքից, որ իր սանիկին նշանակի»։
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 6-ին ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորված Րաֆֆի Մանդալյանի վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ահաբեկչության հոդվածով մեղադրվող, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը ՔՊ-ական պատգամավոր, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի ընտանիքի սանիկն է։ Հիշեցնենք՝ Հակոբ Սիմիդյանն էլ Նիկոլ Փաշինյանի սանիկն է։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հակոբ Սիմիդյանի հետ։ Պատգամավորը չհերքեց Մանդալյանի հետ քավոր-սանիկական կապը և ասաց, որ ինքն էլ զարմացած է նրա արարքից։ Սիմիդյանի խոսքով՝ Րաֆֆին, ըստ ամենայնի, «վատ շրջապատ է ընկել»՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Մինչդեռ Մանդալյանը իրավապահներին տված ցուցմունքում իր քայլը բացատրել է ոչ թե որևէ խմբի կամ անձի ազդեցությամբ, այլ երկրի անվտանգության վիճակով իր մտահոգությամբ։ Նա հայտնել է, որ ցանկացել է կոտրել հասարակական լռությունը և ցույց տալ, որ «բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթին ահազանգած մանկավարժները պնդում են, որ Ժաննա Անդրեասյանի գործունեության կամ անգործության հետևանքով արդեն վտանգված են հայկական տառերը, շատ երեխաներ սկսել են համարել, որ լատինական տառերով հեշտ է շփումը ու հայոց այբուբենը շատ բարդ է։
Մեր այն հարցին՝ կա արդյոք նախարարությունից որոշակի ծրագիր, կամ դպրոցներին ուղղված մեթոդական ձեռնարկ կա՞, որ գոնե խոսեն աշակերտների հետ այս թեմայով, մեզ բացասական պատասխան տվեցին։
Երևանի դպրոցներից մեկում հայոց լեզու դասավանդող մանկավարժներից մեկը մեզ ասաց, որ թղթի վրա գրված հասարակ գրառումներ արդեն կարելի է տեսնել լատինական տառերով, ինչը նախկինում չկար»։
--