«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընտանեկան բռնության դեմ պայքարի դրոշակակիր դարձած Աննա Հակոբյանը, որ շաբաթներ առաջ հայտարարեց, թե պատրաստվում է փոփոխություններ մտցնել մի շարք օրենքներում` խստացնելով ընտանիքում բռնության դեպքերի համար սահմանված պատիժները, մեր տեղեկություններով, մինչեւ ԱԺ հաջորդ նիստերը՝ սեպտեմբերի 14-ը, հանդիպելու է ՔՊ խմբակցության հետ։
Օրենքի նախագիծը ներկայացրած ՔՊ-ական կանանց հետ քննարկելու են մանրամասները, հնարավոր է՝ որոշ խմբագրումներ արվեն: Իսկ թե կոնկրետ որ օրն է կայանալու հանդիպումը, ՔՊ-ից ասացին` օրը դեռ վերջնական հաստատված չէ, հնարավոր է՝ փոփոխվի։ Ասացին նաեւ, որ տիկինը հույսը չի կտրել, որ ընդդիմադիր խմբակցությունները կհանդիպեն իր հետ, չնայած շաբաթներ առաջ մերժել էին հրավերը: Ի դեպ, ոչ միայն ընդդիմադիրները, ՔՊ-ում էլ շատերը կարծում են, որ տիկինն արհեստական օրակարգ է բերել դաշտ, որի տակ ինչ-որ թաքնված նպատակ կա»։
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի շուրջ նոր կրքեր են բորբոքվել։ Սեպտեմբերի 11-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, դրա նախընթաց շրջանում բազմաթիվ խախտումներ են արձանագրել հասարակական գործիչները, նաև դասախոսները։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը «Փաստի» հետ զրույցում ահազանգում է՝ ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում։
Իսկ այդ ապօրինության գլխին կանգնած է Հոգաբարձուների խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ։ Օգոստոսի 13-ին համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը հարցման կարգով նիստ է գումարել։ Դա նշանակում է, որ ոչ թե ինչ-որ մի սենյակում հավաքվել են, այլ որոշումներն ի սկզբանե պատրաստել են և ուղարկել Հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Նիստ են գումարել և մի շարք որոշումներ ընդունել։ Այդ թվում՝ որոշում են ընդունել հայտարարել համալսարանի ռեկտորի մրցութային ընտրություն։ Օգոստոսի 14-ին համալսարանի կայքէջում տեղադրվել է ռեկտորի մրցութային ընտրության մասին հայտարարություն։
«Փաստ» թերթը գրում է. «ՀԷՑ-ի խլման պրոցեսը նոր փուլ է տեղափոխվում: Երեկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշում էին մի քանի տնտեսագետներ, «պարզապես չկան հիմնավորումներ»: Չնայած, այլ տարբերակ լինել չէր կարող, քանի որ բոլորի համար է ակնհայտ, որ ՀԷՑ-ի խլման այս պրոցեսը բացառապես քաղաքական է, ու նախագծի հեղինակները ստիպված են քաղաքական որոշման տակ ինչ-որ պատճառաբանություններ «դնել»: Արդյունքում թե՛ հիմնավորման մեջ, թե՛ հենց որոշմնան նախագծում կան ձևակերպումներ, որոնք, ինչպես նշեց տնտեսագետներից մեկը, մեղմ ասած, շարադրություն են հիշեցնում: Օրինակ՝ «սույն որոշման հավելվածում ներառված սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին» (լո՞ւրջ), «օտարման նպատակը ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում», «ՀԷՑ-ի գործունեությունը սովորական մասնավոր գործունեություն չէ», «բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք են, դրանց աշխատանքից կախված են ոչ միայն կենցաղային պայմանները, այլև արդյունաբերությունը, պետական կառույցները, տրանսպորտը և կապի համակարգերը» և այլն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության համակարգում շարունակում է թեժ քննարկվել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի պաշտոնավարման և գործունեության հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Նանուշյանը վերանշանակումից հետո հիմնականում համակարգում է նախարարության միջազգային ուղղությունը, և արդեն համակարգի ներսում դժգոհություն կա, որ նրա գործունեությունը վերջին շրջանում առավելապես ընդգծվում է արտերկրյա գործուղումներով։
Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երբ Նանուշյանն անձամբ չի մեկնում գործուղումների, արտերկիր են մեկնում նրա թիմի անդամները։ Արդյունքում առողջապահության համակարգում արդեն դժգոհությամբ կատակում են, թե փոխնախարարի թիմը վերածվել է միջազգային գործուղումների մշտական «ներկայացուցչության»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք բերված և հաշվառված զենքերի մասին է։
Ներքին գործերի նախարարությունը նախկին պաշտոնյաների դեմ դատական հայցեր է ներկայացնում՝ պահանջելով անգամ նվիրատվությամբ, պարգևատրման միջոցով, անգամ գնման եղանակով ստացած զենքերը հանձնել պետությանը։
Թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում երևում էին նաև սիմվոլիմ զենքեր, նկարներ, հուշանվերներ, մինչդեռ Խաչատրյանի պաշտպանները հայտարարեցին, որ հրապարակված բոլոր զենքերն օրինական են և ունեցել են համապատասխան թույլտվություններ»։
Տեսանյութ: