Շիրակի մարզի Ախուրյան համայնքի մի շարք բնակավայրերի համար կապույտ վառելիքն այլևս երազանք չէ։ Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ, Ղարիբջանյան, Երազգավորս, Առափի, Հայկավան, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Մեծ Սարիար և Կրաշեն․ այս բնակավայրերում տարիների սպասումից հետո բնական գազ կունենան։ Այս մասին
Oragir.News-ին փոխանցել են Ախուրյանի համայնքապետարանից։
Տարիներ շարունակ Ախուրյան համայնքի մի շարք բնակավայրեր զրկված են եղել բնական գազից։ Տարբեր իշխանությունների կառավարման տարիներին գյուղերի գազաֆիկացման հարցը տարբեր պատճառաբանություններով հետաձգվել է կամ չի համարվել նպատակահարմար։ Մասնակիորեն գազաֆիկացված են նաև Ազատան և Կամո գյուղերը։
«Կան նաև մի քանի գյուղեր, որոնք նախագծում ընդգրկված են, սակայն այնտեղ աշխատանքները դեռ չեն մեկնարկել։ Ախուրիկում և Ոսկեհասկում այս ուղղությամբ դեռևս ոչինչ չի արվել, իսկ քիչ բնակչություն ունեցող Լեռնուտ և Կարմրաքար գյուղերի բոլոր բնակեցված տների վրա համայնքի միջոցներով տեղադրվելու են արևային կայաններ»,-
Oragir.News-ին փոխանցեցին համայնքապետարանից։ 2,5 մլրդ դրամ արժողությամբ գազաֆիկացման ծրագիրն իրականացվում է Կառավարություն-համայնք՝ 50/50 համամասնությամբ ֆինանսավորմամբ։
Ախուրյանի համայնքապետարանից հայտնել են նաև, որ գազաֆիկացման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Շիրակ և Երազգավորս բնակավայրերում, իսկ մյուս գյուղերում դրանք դեռ ընթացքի մեջ են։
Շուտով տարիներ շարունակ աթար, փայտ և այլընտրանքային վառելիք օգտագործած բնակիչների մի մասն իրենց տներում բնական գազ օգտագործելու հնարավորություն կունենա։
Սակայն գազատարի գյուղ հասնելը դեռ չի նշանակում, որ կապույտ վառելիքը հասանելի կլինի յուրաքանչյուր ընտանիքի․ ներքին միացման ծախսերը հոգալու հարցը մնում է բնակիչների ուսերին։
Անահիտ Չալիկյան