Ներքին 6 ամիս առաջ - 17:31 28-04-2026

ԲՀԿ-ի հիմնական շեշտադրումը երաշխավորված խաղաղությունն է. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով։

Այս մասին մամուլի կենտրոնի բացման ժամանակ հայտարարել է կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ այսօրվանից նախընտրական շտաբի ձևաչափով գործելու է մամուլի կենտրոն, որը կապահովի օպերատիվ կապ լրատվամիջոցների հետ և հնարավորություն կտա լրագրողներին անմիջականորեն շփվել կուսակցության ներկայացուցիչների հետ։

«Այս մասով մենք ունենք հստակ որոշում՝ լինել թափանցիկ, բաց աշխատանքի առումով, 24/7 ռեժիմով հասանելի, որպեսզի անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրենք լրատվամիջոցներին և մեր հայրենակիցներին»,– նշել է Տոնոյանը։

Նա տեղեկացրել է, որ արդեն ավարտվել է կուսակցության նախընտրական ծրագրի կազմման աշխատանքը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով»,– ասել է նա։

Տոնոյանի խոսքով՝ ծրագիրը կազմվել է ոչ թե ավանդական վերևից ներքև, այլ ներքևից վերև սկզբունքով։

Նրա փոխանցմամբ՝ ամիսներ շարունակ հավաքագրվել են հազարավոր առաջարկներ Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից և Գյումրիից, որոնք հետագայում մշակվել են մասնագիտական խմբերի կողմից։

«Մենք ստացել ենք հազարավոր առաջարկներ մեր հայրենակիցներից, տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, և դրանց հիման վրա կազմվել է կուսակցության նախընտրական ծրագիրը»,– նշել է նա։ Կուսակցությունը հանդես է գալու 10 հիմնական առաջարկներով, որոնցից յուրաքանչյուրը կունենա մանրամասն ներկայացում։

Տոնոյանը նշել է, որ ծրագրի առանցքային շեշտադրումները լինելու են «երաշխավորված խաղաղությունը» և «հավասարակշռված արտաքին քաղաքականությունը»։

«Մեր հիմնական և սկզբունքային շեշտադրումը երաշխավորված խաղաղության թեզն է, հավասարակշռված արտաքին քաղաքականության թեզն է, և դրա ապահովման մոդելներն ու մեխանիզմները ամբողջությամբ ներկայացված են», - ասել է նա։

Նրա խոսքով՝ ծրագրում ներառված սոցիալ-տնտեսական առաջարկները հիմնված են հաշվարկների վրա։ «Եթե խոսում ենք թոշակների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացումից, մատչելի առողջապահությունից կամ անվճար կրթությունից, մենք ունենք լուծումների հստակ հաշվարկված տարբերակներ», - ընդգծել է Տոնոյանը։

Նա նաև հայտնել է, որ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 107 թեկնածու, որոնցից երեքը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Երաշխավորված խաղաղություն՝ Բարգավաճ Հայաստան» կարգախոսով։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն