Ներքին 6 ամիս առաջ - 16:30 08-04-2026

Սոցհարցումներին մի՛ հավատացեք․ դրանք մանիպուլացնում են ընտրողներին

«Gallup»-ի վերջին հարցումների համաձայն՝ եթե առաջիկա կիրակի օրը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ կայանային, ապա հարցվածների 24.3%-ը կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 13.4%-ը՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան», և 7․9%-ը՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, իսկ 5.5%-ը՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի օգտին։

Ընտրություններում 5․5% ձայն ստանալու դեպքում երկրորդ նախագահի ուժը դուրս կմնա խորհրդարանից, քանի 2 կուսակցությունից բաղկացած դաշինքների համար անցողիկ շեմը 8% է։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հորդորեց ընդհանրապես չվստահել հրապարակվող սոցհարցումների արդյունքներին։

«Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը, Հայաստանում հրապարակված սոցիոլոգիական հարցումներից ոչ մեկին չհավատալ, որովհետև դրանք վաղուց այլևս չեն արտացոլում հասարակության իրական տրամադրությունները։ Դրանք ունեն մանիպուլյատիվ բնույթ և ուղղված են հասարակության գիտակցության վրա ազդելուն»։

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ հրապարակվող թվերը չեն նշանակում իրական աջակցություն այս կամ այն ուժին։

«Որևէ թվային տվյալ, որը հրապարակվում է, մի՛ հավատացեք։ Եթե ասում են այս կամ այն քաղաքական ուժը ունի այսքան տոկոս, դա չի նշանակում, որ իրականում այդքան ունի։ Դա ուղղակի ազդելու փորձ է ընտրողների վրա»։

Բադալյանը բացատրում է, որ իրական սոցիոլոգիական հետազոտությունները չեն հրապարակվում։

«Իրական սոցիոլոգիական հարցումները քաղաքական ուժերը անում են իրենց համար՝ հասկանալու, թե իրենց գործողությունները որքանո՞վ են արդյունավետ։ Այդ տվյալները երբեք չեն հրապարակվում։ Հրապարակվում են միայն այն հարցումները, որոնք ունեն ազդեցություն գործելու նպատակ»։ Մասնագետը շեշտում է, որ հրապարակվող հարցումները ուղղված են հատկապես տատանվող ընտրազանգվածի վրա ազդելուն։

«Երբ հրապարակում են, որ այս ուժը ունի այսքան տոկոս, մյուսը՝ այսքան, տատանվող ընտրողը մտածում է՝ ով շատ ունի, գնամ նրան ընտրեմ։ Այսինքն՝ սա մանիպուլյացիա է ընտրողների վարքի վրա ազդելու համար»։

Oragir.News-ի հարցին, թե ի՞նչ կարելի է սպասել, եթե նշված ուժերը անցնեն խորհրդարան՝ քաղտեխնոլոգը կասկածի տակ դրեց հենց այդ սցենարը։

«Վստա՞հ եք, որ հենց այս երեք ուժերն են անցնելու խորհրդարան։ Կարող է այդ ուժերից մեկին ճանապարհի կեսից հանեն։ Խոսքը, օրինակ, «Ուժեղ Հայաստան»-ի մասին է։ Եթե նույնիսկ անցան, հաջորդ հարցն է՝ միասին ինչքա՞ն ձայն են հավաքելու»։

Արմեն Բադալյանը նկատեց, որ ընդդիմության համար իրական ազդեցություն ունենալու միակ տարբերակը մեծամասնություն ստանալն է։

«Իմաստ ունի այս ուժերի համագործակցությունը միայն այն դեպքում, եթե նրանք կեսից ավելի ձայներ ստանան։ Բայց Հայաստանի վերջին 30 տարվա փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությանը ընտրություններով իշխանության բերել չի հաջողվել»,- նշեց նա։

Բադալյանը միաժամանակ կարևորում է արտաքին դերակատարների ազդեցությունը։

«Եթե դրսից ակտիվ միջամտություն չկա, օրինակ՝ տվյալ դեպքում Ռուսաստանից, այդ մեխանիզմը չի աշխատելու։ Այս պահին ես չեմ տեսնում նման միջամտություն»,- նշեց նա։

Քաղտեխնոլոգը չի բացառում, որ այլ ուժեր ևս կարող են անցողիկ շեմը հաղթահարել ու հայտնվել խորհրդարանում, օրինակ արևմտամետ ուժերից որոշները, որոնք այս պահին դեռ ակտիվ չեն։ Ըստ Բադալյանի՝ այս պահին հաջորդ գումարման խորհրդարանի կազմը կանխատեսելու ու եզրակացություններ անելու համար դեռևս վաղ է։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով