Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:55 26-10-2025

Թրամփի հովանու ներքո Թաիլանդը և Կամբոջան ստորագրեցին խաղաղության համաձայնագիր

Թաիլանդի և Կամբոջայի վարչապետներ Անուտին Չարնվիրակուլը և Խուն Մանեթը Մալայզիայում կայացած` Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովում ստորագրել են հռչակագիր, որը վերջ է դնում երկրների միջև սահմանային հակամարտությանը։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ով միջնորդել է խաղաղության գործընթացը։ Կողմերը պարտավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները և հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Համաձայնագրի համաձայն՝ Թաիլանդը կազատի 18 ռազմագերիների, իսկ Կամբոջան կսկսի ծանր հրետանու դուրսբերումը սահմանից։ Մալայզիացի դիտորդները կհետևեն հրադադարին։

Խունը համաձայնագրի ստորագրումը անվանել է «պատմական օր», մինչդեռ Չարնվիրակուլն ասել է, որ այն ստեղծում է «երկարատև խաղաղության հիմք»։ «Մենք իրականացրինք այն, ինչ շատերն ասում էին, որ անհնար է»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը սիրում է դադարեցնել պատերազմները։

Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված հակամարտությունը բռնկվել էր հուլիսի 24-ին՝ սահմանին գտնվող Պրեահ Վիհեար և Տա Մոան Թոմ տաճարների շուրջ տարածքի վերաբերյալ երկարատև վեճի պատճառով։ Հինգ օր տևած դիմակայության հետևանքով զոհվել էր առնվազն 35 մարդ՝ 22-ը թաիլանդական կողմից և 13-ը կամբոջական կողմից, այդ թվում՝ համապատասխանաբար 14 և 8 քաղաքացիական անձինք։ Թրամփը միջամտել էր, Մալայզիան միջնորդել, որից հետո երկու կողմերը համաձայնեցին հրադադարի։

Այս արարողությունը Թրամփի առաջին միջոցառումն էր իր ասիական շրջագայության ընթացքում։ Նա նաև առևտրային համաձայնագիր ստորագրեց Կամբոջայի հետ և կարևոր հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիր՝ Թաիլանդի հետ։ Բանգկոկը նաև համաձայնվեց 18,8 միլիարդ դոլարով գնել 80 ամերիկյան ինքնաթիռ, իսկ Պնոմպենը կհամագործակցի Boeing-ի հետ՝ իր ավիացիոն ոլորտը խթանելու համար։ Թրամփը նաև համաձայնագիր կնքեց Մալայզիայի հետ, որը նա անվանեց «խոշոր առևտրային գործարք»։ Այն ներառում է հաջորդ տասը տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում 70 միլիարդ դոլար ներդնելու պարտավորություն։

Հաջորդիվ Թրամփը նախատեսում է այցելել Ճապոնիա և Հարավային Կորեա և հանդիպել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, որին նա կխնդրի օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ