Սպորտ 10 ամիս առաջ - 18:17 16-10-2025

Սպերցյանը չի որակազրկվել, նա տուգանվել է ոչ սպորտային պահվածքի համար

Ռուսաստանի ֆուտբոլային միության վերահսկիչ-կարգապահական կոմիտեն (ՎԿԿ) ուժի մեջ է թողել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ տեղի ունեցած միջադեպի համար Գրոզնիի «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգին կարմիր քարտ տալու որոշումը:

Այս մասին լրագրողներին հայտնել է կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղի երկրորդ խաղակեսի վերջնամասում Նդոնգի և Սպերցյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել: Մրցավարը խաղի տեսակրկնությունը դիտելուց հետո «ագրեսիվ պահվածքի համար» խաղադաշտից հեռացրել էր սենեգալցուն, իսկ Սպերցյանին դեղին քարտ էր տվել «սադրիչ գործողությունների համար»։

Խաղի ավարտից հետո Նդոնգը «Матч ТВ»-ին հայտնել էր, որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստը ռասիստական վիրավորական արտահայտություն է թույլ տվել: «Ախմատը» հայտարարություն էր տարածել, որում ՌՖՄ-ից պահանջել է պատժել Սպերցյանին։

Սպերցյանը պատասխան տեսաուղերձով հերքել էր Նդոնգի մեղադրանքները և ասել, որ պատրաստ է անգամ պոլիգրաֆ սարքի միջոցով ապացուցել, որ ինքը սենեգալցու հասցեին ռասիստական արտահայտություն չի արել։

«ՎԿԿ-ն կայացրել է հետևյալ որոշումը՝ ագրեսիվ պահվածքի համար Նդոնգին որակազրկել ՌՊԼ-ի երկու խաղով։ Սահմանվել է նաև փորձաշրջան մինչև մրցաշրջանի ավարտը»,- հայտարարել է Գրիգորյանցը։

Ինչպես հաղորդում է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը, Սպերցյանը չի որակազրկվել, այլ 150 հազար ռուբլով տուգանվել է ոչ սպորտային պահվածքի համար: Ոչ ոք այդպես էլ չի կարողացել ապացուցել, որ Սպերցյանը ռասիստական արտահայտություններ է հնչեցրել։