Ներքին 1 տարի առաջ - 20:06 16-09-2025

Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ են գնալ դժվար փոխզիջումների․ դեսպան

Սեպտեմբերի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ Բեռլինի Թումո կենտրոնում կազմակերպեց պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը մասնակցում էին Գերմանիայի կառավարության պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:

Բացման խոսքով ելույթ ունեցան Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար դր. Նիկլաս Վագները:

Դեսպանն իր ելույթում մասնավորապես նշեց․ «Անկախության ճանապարհը հայ ժողովրդի գիտակցված որոշումն էր՝ ապրել ազատ, անկախ և արժանապատիվ. արժեքներ, որոնք այսօր էլ մնում են հայ ժողովրդի համար կենտրոնական։ Անկախ պետականությունը ոչ միայն ազգային անվտանգության բաղադրիչ է, այլև ինքնիշխանության, ժողովրդավարության և խաղաղ ապրելու մշակույթի արտահայտություն. կենսակերպ, որին հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունը։

Խոսելով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ մասնավորապես ընդգծեց․ «Մեր ողջ տարածաշրջանում այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների և Եվրոպական Միության համար»։

ՀՀ դեսպանը բարձր գնահատեց Հայաստանի և Գերմանիայի միջպետական հարաբերությունները, քաղաքական բարձր երկխոսությունը և բազմաթիվ ոլորտներում երկկողմ ակտիվ փոխգործակցությունը։

Ելույթի վերջում հատուկ շնորհակալություն հայտնեց Բեռլինի Թումո կենտրոնի հյուրընկալության համար։

ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար դր. Նիկլաս Վագներն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրով Հայաստանը և Ադրբեջանը նոր էջ են բացել իրենց պատմության մեջ. երկու երկրներն էլ պատրաստ են բարդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով և գնալ դժվար փոխզիջումների։

ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ միասին՝ Գերմանիան տևական ժամանակ ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել խաղաղության բանակցություններին։

Մենք կշարունակենք մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հետագա քայլերում։ Մենք մեր հարևան երկրների հետ հաշտեցման մեր սեփական պատմությունից գիտենք, որ երկարատև խաղաղությունը ժամանակ է պահանջում»։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները