Ներքին 1 տարի առաջ - 17:10 20-12-2024

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը

«Հանրապետության hրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում՝ «Խաչքարերի պուրակում» տեղի է ունեցել «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառի բացումը, որը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-22:00: Տոնավաճառին ներկայացված են 10 առանձին սեղաններ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Միջոցառման բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախարարն ու մյուս հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացվող ուտեստների պատմությանն ու առանձնահատկություններին, հետաքրքրվել կազմակերպությունների գործունեությամբ:

Տոնավաճառի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումներից մեկի՝ հայկական խոհանոցի հանրահռչակմանը, նորովի արժևորմանն ու կենսունակության խթանմանը:

Հիշատակելով «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանի նոր ենթաբաժինը՝ «Ուտեստների շտեմարանը»՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այնտեղ գրանցված է շուրջ 250 ուտեստ:

«Շատ ենք կարևորում ոչ միայն ուտեստների հավաքագրումը, այլև դրանք մեր կյանքի մի մասը դարձնելն ու այդ ճանապարհով նաև մեր ավանդույթների մասին մարդկանց տեղեկություն փոխանցելը: Օգտագործելով ամանորյա տաղավարային ձևաչափը՝ մեր գործընկերների հետ որոշեցինք այս միջավայրում Տարեմուտի ավանդույթներ ներկայացնել: Միջոցառումն անցկացվում է առաջին անգամ. փորձել ենք հասկանալ՝ ինչպիսին կլինի մարդկանց հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը տոնավաճառին, որպեսզի հաջորդ տարիների համար քննարկենք ներկայանալու այլ ձևաչափեր»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով գործընկերային համագործակցության զարգացումը:

Նա նաև իրազեկել է, որ տոնական օրերի շրջանակում նախատեսվում են Արուճում Հոգևոր երաժշտության փառատոն, իսկ Ջերմուկում՝ Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն, որտեղ ևս լինելու են տաղավարային հատվածներ:

Տոնավաճառի ընթացքում առանձին սեղաններով մեկ մեծ տաղավարում ներկայացվում են հայկական խոհանոցին բնորոշ ուտեստներ և քաղցրավենիքներ, ինչպես նաև ուտեստի պատրաստման վարպետության դասեր (վարպետաց դասերի ժամանակացույց):

Հայաստանում տարեհացը Ամանորի սեղանի համար խորհրդանշական է՝ որպես անհատական և ընտանեկան հաջողությունն ու բարօրությունը ավետող նոր տարվա սկիզբ: Ավանդույթ կա, որ տարեհացի մեջ դրված մետաղադրամը կարող է հաջողություն բերել այն անձին, ում բաժին է հասնում այն:

Միջոցառումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ների հետ համագործակցությամբ:

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը