Ներքին 2 տարի առաջ - 23:17 09-09-2024

Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանում է` «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, սեպտեմբերի 9-ին Ցինդաո քաղաքում Աննա Հակոբյանը հանդիպել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության Շանդունի նահանգային մշտական կոմիտեի անդամ, նահանգային կոմիտեի կազմակերպչական վարչության ղեկավար Վան Յույանի հետ:

«Վան Յույանը շնորհակալություն է հայտնել համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները խորացել են, ավելացել են ամենատարբեր, այդ թվում՝ բարձրագույն մակարդակի այցերը, հիշատակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի այցը:

Վան Յույանը Աննա Հակոբյանին է ներկայացրել Շանդուն նահանգի հակիրճ պատմությունը, տնտեսական գործունեությունը, շեշտել, որ Ցինդաոն և Երևանը քույր քաղաքներ են, և հույս հայտնել, որ առաջիկայում Շանդուն նահանգը նոր գործակցություն կսկսի Հայաստանի որևէ քաղաքի կամ մարզի հետ: Վարչապետի տիկինը խոստացել է Շանդուն նահանգի և Վան Յույանի առաջարկը փոխանցել հայ պաշտոնյաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանը նման առաջարկ առաջին անգամ է ստանում, և իր համար մեծ պատիվ է մասնակցել համաժողովին:

«Մենք բարձր ենք գնահատում և կարևորում ենք այս միջոցառումը մի քանի տեսակետից՝ թե հայ-չինական, թե «Շանհայի համագործակցության կազմակերպության» և Հայաստանի հարաբերությունների տեսակետից: Ինչպես գիտեք, Հայաստանը ձգտում է ստանալ դիտորդի կարգավիճակ, և ես հույս ունեմ, որ նման կազմով պատվիրակության այցը կնպաստի դրան և քայլ առաջ կլինի այդ նպատակին հասնելու ճանապարհին: Եվ, վերջապես, որպես կին, ինձ համար շատ կարևոր է թեման, որն այս տարի դրված է համաժողովի հիմքում»,- նշել է Աննա Հակոբյանը:

Չինաստանը Հայաստանի համար շատ կարևոր երկիր է և հայ-չինական հարաբերությունները զարգանալու մեծ պոտենցիալ ունեն, շարունակել է վարչապետի տիկինը:

«Մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ Ուրումչի-Երևան առաջին չվերթը, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել Հայաստանի բնակչության շրջանում, և մենք հույս ունենք, որ սա միակ ուղիղ չվերթը չի լինի Հայաստանի և Չինաստանի միջև: Հույսը մեծ է նաև, որ բարեկամ երկրում նույնպես մեծ հետաքրքրություն կառաջանա դեպի Հայաստանը՝ որպես Քրիստոնեությունն ընդունած առաջին երկիր: Հայաստանը և Չինաստանը միմյանց հետ կիսելու ու իրար հարստացնելու մեծ արժեքներ ունեն»,- ընդգծել է վարչապետի տիկինը:

Աննա Հակոբյանը շեշտել է, որ մեծ հաճույքով է հիշում վարչապետ Փաշինյանի 2019-ի այցը, որի ժամանակ ինքն ուղեկցել է վարչապետին:

Նշվում է, որ «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 11-ին:

Հանդիպումից հետո Վան Յույանի անունից ընթրիք է մատուցվել ի պատիվ Աննա Հակոբյանի:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»