Ներքին 2 տարի առաջ - 14:20 29-02-2024

Կառավարությունը ստիպում է արցախցիներին՝ արտագաղթել Հայաստանից 

Oragir.News-ն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից նախատեսվող «աջակցությանը»։

Այդ ծրագիրն այնքան վտանգավոր է, որ նույնիսկ Արցախի ԱԺ-ն է հանդես եկել բավական կոշտ հայտարարությամբ, Հայաստանի ղեկավարներին «կոչ արել զերծ մնալ չկշռադատված ոչ համարժեք քայլերից»։

Փորձենք հետահայաց արձանագրել, թե ինչ զարգացումներ են հանգեցրել ՀՀ կառավարության կողմից նմանօրինակ որոշման կայացմանը։ Այսպես, 2020թ․ պատերազմի ավարտից հետո, երբ Արցախ մտցվեց ռուս խաղաղապահ զորքը, Արցախի և Հայաստանի իշխանություններն Արցախ վերադառնալու կոչեր ու հորդորներ արեցին ժողովրդին։ Արդյունքում, 150 հազար բնակչից 120 հազարը վերահաստատվեց Արցախում։ Մեկնարկեց օկուպացված շրջանների բնակիչների բնակապահովման ծրագիր, դրանից առաջ էլ ՀՀ կառավարությունը միջոցներ հատկացրեց, որպեսզի մինչ մշտական բնակարանով բավարարվելը՝ տնանկներին տրվեն ժամանակավոր կեցության պայմաններ։

Որոշ ժամանակ անց սկսվեց նաև բնակարանների բաշխումը, որին զուգընթաց՝ նաև շահառուներին տրամադրվում էր տան համար գույքի ձեռքբերման սերտիֆիկատ։

Միաժամանակ, օկուպացված շրջանների բնակիչներին տրվեցին տան և (կամ) գույքի կորստի դիմաց ֆինանսական փոխհատուցումներ։

Այսպիսով, գոնե «թղթի վրա», պլանավորված էր զգալի աջակցության հատկացում դրա կարիքն ունեցողների համար։ Շարքային մարդկանցից ո՞վ կարող էր ճշգրիտ իմանալ, թե հետագայում ինչ զարգացումներ են լինելու, որոնք ստիպելու են ամեն ինչ մի անգամ կորցրած մարդկանց՝ կորցնել նաև երկրորդ անգամ։

Արցախի ամբողջական անկումից հետո, երբ տասնյակ հազարավոր մարդիկ մտան ՀՀ տարածք, Կոռնիձորում, Գորիսում և ապա՝ այլ բնակավայրերում նրանց հաշվառեցին ինչպես պետական սոցիծառայությունները, այնպես էլ տարբեր հումանիտար կառույցներ։ Հաշվառվելուց հետո տեղահանված մարդիկ խմբերով՝ տարերայնորեն, առանց պետական որևէ կառույցի կողմից ուղղորդվելու, ճանապարհվեցին Հայաստանի տարբեր մարզեր ու քաղաքներ։ Հասկանալի է, որ մեծ մասն ապաստանեց Երևանում, քանի որ այստեղ բնակֆոնդը ծավալուն է, աշխատանք գտնելու հնարավորությունը ավելի բարձր, և, ինչու ոչ՝ սահմանին մոտ չէ։ Իհարկե, գիտենք, որ Երևանում բնակարանային հարցի լուծումն անհամեմատ ավելի թանկ է, սակայն փաստ է՝ պատերազմ և ծանրագույն զրկանքներ տարած արցախցիների մեծ մասը նախընտրեց բնակվել Երևանում։
Հիմա Հայաստանի կառավարությունն հայտարարում է «աջակցության» այնպիսի չափեր, որոնցով ոչ միայն Երևանում, այլև մարզկենտրոններում բնակարան ձեռք բերելն անհնար է։

Երեկ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ իշխանությունները մտածում են հեռավոր բնակավայրերում ապրել ցանկացող արցախցիներին նպաստ տրամադրելու, այսինքն՝ նորից դեպի սահման «քշելու» մասին։ Եվ դա այն դեպքում, երբ բոլոր հնարավոր աղբյուրները գուժում են հերթական պատերազմ կամ գյուղ-քաղաքների՝ թշնամուն հանձնում։

Եվս մեկ անգամ փաստենք, որ Հայաստանի կառավարության կողմից պարտադրվող ծրագրերը մեթոդներ են, որոնք ունեն մի նպատակ՝ ստիպել արցախցիներին՝ դուրս գալ ոչ միայն Երևանից, այլև Հայաստանի Հանրապետությունից։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև