Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:03 28-01-2024

Սերնդեսերունդ՝ հանուն Հայրենիքի

Արմեն Առստամյանն Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից էր, ծնվել էր 1991 թվականին։

1 տարեկան էր, երբ հայրը՝ Վյաչեսլավ Առստամյանը, որ կամավորագրվել էր գյուղի ջոկատին ու ակտիվորեն մասնակցել ինքնապաշտպանությանը, զոհվեց Մաճկալաշեն գյուղի համար մղված մարտերի ընթացքում։

Արմենի մտքում իր ազատամարտիկ հոր հիշատակն էր և նրա ընտրած ուղին, և նա ընդունվեց Արցախի Պաշտպանության բանակի Ք․ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, իսկ հետո որպես սերժանտ ծառայության անցավ բանակում։

Ակտիվ, կազմակերպչական ջիղ ունեցող էր նա, մոլեռանդ հայրենասեր։

Զինծառայությունն ավարտելուց հետո Արմենը ժամանակավորապես տեղափոխվեց Ռուսաստան և բնակություն հաստատեց այնտեղ․ ընտանիք կազմեց, գործունեություն ծավալեց, սակայն ամենօրյա կապն Արցախի հետ, որտեղ թողել էր հարազատներին և հոր շիրիմը, նա պահպանում էր։

2022 թվականին եկավ հայրենի գյուղ։ Սարուշենը 44-օրյա պատերազմի հետևանքով դարձել էր սահմանամերձ բնակավայր, որի մերձակա դիրքերը պահում էր գյուղի տղաներից կազմված աշխարհազորային դասակը։ Արմենի ուշքն ու միտքը գյուղի պաշտպանությունն էր․ նա ծառայության անցավ աշխարհազորում։ Եռանդուն ու սրտացավ՝ կարճ ժամանակ անց, որպես հետևանք ծառայակիցների հանդեպ իր պատասխանատվության, նշանակվեց դասակի հրամանատար։

Հատկապես 2023 թվականի ամառը թշնամու սադրանքների ծավալը և տեսակներն աճում էին, ևՍարուշենի դասակն Արմենի գլխավորությամբ ամենօրակտիվ պաշտպանության էր։

Մինչև սեպտեմբերի 19-ը․․․

Այդ օրը թշնամին օդից և ցամաքից լայնածավալ հարձակվեց Արցախի վրա։ Գրոհի ենթարկվեցին նաև Սարուշենի մերձակայքի դիրքերը, որ պաշտապում էին Արմենն ու ընկերները։ Ուժերն անհավասար էին, թշնամին կրակ էր թափում մի բուռ աշխարհազորայինների վրա։ Տղաներից մի քանիսը զոհվեցին տեղում, կային նաև վիրավորներ, սակայն Արմենը՝ նաև որպես հրամանատար, որոշել էր կյանքի և մահվան կռիվ տալ։

Ականատեսները խոսում էին Արմենի վերջին րոպեների մասին․ նա կռվեց անգամ, երբ վերջացել էին իր ինքնաձիգի փամփուշտները․ վերցրեց մոտն ընկած զենքերը, կրակեց մինչև վերջ, ոչնչացրեց թշնամու մի քանի զինվոր, իսկ ապա․․․

Զոհվեց Արմենը։ Թշնամու գրաված գյուղից նրա և մյուս անմահացած տղաների դիերը Արցախի փրկարարները տարհանեցին սեպտեմբերի 24-ին։

Արցախը հայկական մնալու համար զոհված Արմենին հուղարկավորեցին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ