Արտաքին 3 տարի առաջ - 15:10 11-04-2023

Եթե «Զանգեզուրի միջանցք»-ը բացվի, աշխարհաքաղաքական հավասարակշռությունը կփոխվի. BBC

Բրիտանական հեղինակավոր «BBC» լրատվական գործակալության թուրքական ծառայության վերլուծաբան Ֆեհիմ Թաշթեքինը ծավալուն հոդված է հրապարակել, որում անդրդարձել է Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությանն, ինչպես նաև դրա պատճառներին։

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը չի դադարել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։ Թաշթեքինի համոզմամբ՝ Իրանը վտանգավոր է համարում Կովկասում աշխարհաքաղաքական կարգավիճակի փոփոխությունն իր տարածաշրջանային շահերի համար։ Նա նշել է, որ Թեհրանն այս հարցում սպառնալից դիրք է գրավում, որին անհանգստացնում է Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացումը։

Հեղինակը հայտնել է, որ վերջին երկու տարում Իրանն Արաքս գետի հատվածում 4 զորավարժություն է անցկացրել՝ հայտարարելով, որ թույլ չի տա սահմանների փոփոխություն իրականացնել։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը պատասխան վարժանքներ է անցկացրել և ուղերձ փոխանցել առ այն, որ չի վախենում իրանական զորավարժություններից։

Նշվում է, որ Իրանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները լրատվական պատերազմների միջոցով հասան վտանգավոր չափերի։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները փոխադարձաբար նոտաներ են տարածել և դժգոհություն հայտնել վիրավորական հրապարակումների կապակցությամբ։

Հոդվածի հեղինակը հայտնել է, որ երկկողմ լարվածության կուլմինացիան հանդիսացավ մարտի 29-ին Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ երկու երկները կանգնած են իրանական սպառնալիքի առջև և պետք է միասին դիմակայեն Իրանին։

Հանդիպման ընթացքում Բայրամովը շեշտել էր, որ 30 տարվա ընթացքում երկկողմ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նրա խոսքով՝ 2022 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 85 տոկոսով, իսկ Ադրբեջանում գործող իսրայելական ընկերությունների թիվը հասել է 140-ի։

Իրանական կողմը պնդում է, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանը որպես «ահաբեկչական գործողությունների և դիվերսիաների» հենակետ: Իսրայելական «Հաարեց» պարբերականը մարտի 6-ին գրել էր, որ Իսրայելը օդանավակայան է նախապատրաստում Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման համար և թույլ է տվել Մոսադին Իրանին վերահսկելու կենտրոն բացել: Պարբերականի փոխանցմամբ՝ Ադրբեջանը, որը 2016 թվականից ի վեր Իսրայելից 92 թռիչքներով միլիարդավոր դոլարների զենք է ստացել, հատուցում է այն՝ ապահովելով նավթ և մուտքը դեպի Իրան։

«Հաարեց»-ը նաև պնդել է, որ Մոսադը Իրանում գրաված միջուկային արխիվը Իսրայել է տարել Ադրբեջանի միջոցով:

The Times of Israel-ը հունվարի 18-ին հայտնել է, որ Բաքուն Իրանի միջուկային ծրագիրը խափանելու համար կարող է թույլ տալ Իսրայելին օգտագործել իր տարածքում գտնվող բազաները՝ Իրանի վրայով հետախուզական թռիչքներ իրականացնելու և այդ երկիր գործակալներ ուղարկելու համար։

Ֆեհիմ Թաշթեքինը Իրանի և Ադրբեջանի միևջ առկա լարվածության հիմնական պատճառներից է համարում նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խնդիրը: Նա հիշեցնում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, նաև երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հայտարարություններն առ այն, որ իրենք երբևէ թույլ չեն տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն և Հայաստան-Իրան տարանցիկ ճանապարհը վիճարկման ենթական չէ:

Թաշթեքինի դիտարկմամբ եթե «Զանգեզուրի միջանցք»-ը բացվի .

-Հայաստանի հետ սահմանը կփոխվի, տրանսպորտային կապուղիները կկտրվեն, աշխարհաքաղաքական և ռազմավարական հավասարակշռությունը կփոխվի,

-Իրանի համար տնտեսական կորուստներ կլինեն, քանի որ Ադրբեջան-Նախիջևվան կապն այլևս չի ապահովվի Իրանի տարածքով,

-Ելքը դեպի Ռուսաստան, Կովկաս և Սև ծով կդժվարանա,

-Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում կթուլանա,

-Իրանը կկորցնի Ասիայի և Եվրոպայի միջև կապող երթուղի լինելու իր առավելությունը,

-Իրանի նշանակությունը կնվազի Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» նախագծում,

-Եթե ​​այս միջանցքով թուրքմենական գազը հասնի Թուրքիա և Եվրոպա, ապա իրանական գազի պահանջարկը կնվազի,

-Արաքս գետի երկայնքով հսկողությունը կանցնի Բաքվի ձեռքը։




Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև