Ներքին 3 տարի առաջ - 21:50 28-03-2023

Արցախցին այս պայքարում, ցավոք, մենակ է մնացել

«Հիմա արդեն ոչ, բայց ժամանակին մենք ևս ակնկալում էինք, որ անվտանգության խորհրդի յուրաքանչյուր նիստից հետո կլսենք կայացված ինչ-որ որոշման մասին, կամ դրան կհետևի որևէ գործողություն։ Ցավոք սրտի, դրանք հերթական հանդիպումներ են, որոնք տեղի են ունենում որևէ դեպքից հետո ու ավարտվում»։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այնտեղ պարզապես հավաքվում են՝ ցույց տալու, որ ինչ-որ բան է արվում։ Իրականում, մենք արդեն իսկ նման հավաքներից էլ սպասելիքներ չենք ունենում։ Մեզ համար հստակ է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները որևէ բան չեն հաջողելու, քանի դեռ այսօր քաղաքական հեզություն են դրսևորում, ունակ չեն ինքնուրույն որոշումներ կայացնել և չունեն կամային հատկություններ՝ դա կայացնելու ու այդ որոշումների հետևից գնալու։ Այս պարագայում, երբ հակառակվելու և կամք դրսևորելու ունակություն չկա, փրկության առումով որևէ սպասելիք կամ այս իշխանությունների վրա հույս դնելու որևէ հիմք չկա՝ ո՛չ ժողովրդի, ո՛չ սթափ քաղաքական ուժերի մոտ»,- ասաց նա։

Այս առումով, իրադարձությունների դրական փոփոխության ուղղությամբ աշխատանքների ու դրանց դրական շրջադարձի առումով որևէ ակնկալիք չկա։

«Խորհրդարանական ընդդիմադիր 3 ուժերը ստեղծեցին միջկուսակցական մարմին, որը խորհրդատվական գործունեությամբ է զբաղված։ Այդ մարմնում ներգրավված պատգամավորները, այդ թվում և ես, հանրության մեջ բավականին աշխատանք ենք կատարել։ Բավականին մեծաթիվ հանդիպումներ, շփումներ են տեղի ունեցել։ Պարտադիր չէ, որ դրանք հանրայնացվեին, ու արվեին ցուցադրելու համար։ Այդ աշխատանքն անում ենք լուռումունջ, անում ենք և՛ անհատների, և՛ խմբերի հետ։ Քննարկում ենք, թե որն է հասարակության դերը նման իրավիճակում։ Հավատացեք, այսօր Արցախի մեծ մասն այսօր սթափ է նայում այդ ամեն ինչին։ Գիտակցում կա, որ պատասխանատվությունը նաև յուրաքանչյուրիս վրա է։ Մենք նաև պետք է պահանջատեր լինենք ԱՀ իշխանություններից՝ Սահմանադրությամբ սահմանված իրենց պարտավորությունները կատարելու հարցում»,- ասաց նա։

Եթե դեռևս չի հաջողվում որևէ արդյունք գրանցել, ապա, ըստ պատգամավորի, յուրաքանչյուրը պետք է ստանձնի իր պարտավորության կատարումն ու նպաստի այդ գործընթացի առաջխաղացմանը։

«Եթե մենք հավաքական նայենք, որ այսօր Արցախում մարդիկ շարունակում են ապրել, ապա կհասկանանք, որ դա նաև մեր ժողովրդի կամքի արդյունքն է։ Արցախում այսօր երևի մեկ թիզ պարապ հող չկա։ Բոլորը հողագործությամբ են զբաղված։ Շրջափակումից, այդ դասը գոնե քաղեցին․ հաշվի առնելով, որ սա նույնպես անվտանգություն է, յուրաքանչյուրը պետք է հոգա իր անվտանգության մասին։ Ամեն մեկը նաև այդ կերպ է պայքարում»,- ասաց նա։

Հակոբյանը, սակայն, արձանագրեց, որ այդ պայքարում արցախցին, ցավոք, մենակ է մնացել։

«Ստացվում է, որ իշխանություններն այդ դերը վախենում են ստանձնել, որովհետև իրենք ուղղակի խուսափում են պատասխանատվություն կրել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ