Արտաքին 3 տարի առաջ - 18:00 19-12-2022

Պուտինը և Լուկաշենկոն Բելառուսում բանակցություններ են վարում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բանակցություններ են վարում։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական Բելտա լրատվական գործակալությունը։

Լուկաշենկոն ընդգծել է, որ բարդ ժամանակաշրջանը Բելառուսից և Ռուսաստանից պահանջում է քաղաքական կամք և կենտրոնացում՝ երկկողմ հարաբերությունների զարգացման արդյունքների վրա։

«Սա է մեր պատասխանը։ Թե որքանով ենք մենք հաջողակ այս գործում, կորոշի այն տեղը, որը մեր երկրներն իրենց համար կապահովեն միջազգային կոորդինատների նոր համակարգում։ Ոչ մի դեպքում չպետք է կրկնել Խորհրդային Միության փլուզումից հետո թույլ տված սխալները։ Հետևաբար, մեր անվերապահ առաջնահերթությունը զգայուն տնտեսական հարցերի լուծումն է, որից կախված է բնակչության բարեկեցությունը և, ի վերջո, աջակցությունը բարեփոխումներին, որոնք մենք իրականացնում ենք հասարակական և քաղաքական ոլորտներում»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի համոզմամբ՝ ռուս-բելառուսական կապերի ամրապնդումը բնական արձագանք է դարձել աշխարհում փոփոխվող իրավիճակին։ Նա միևնույն ժամանակ ասել է, որ պատրաստ է երկխոսության այլ պետությունների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ։

«Ռուսաստանը և Բելառուսը, ինչպես ես և Վլադիմիր Վլադիմիրովիչը հաճախ ենք ասում, բաց են այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ երկխոսության համար։ Հուսով եմ, որ շուտով նրանք կլսեն բանականության ձայնը, և մենք կանցնենք ինչպես ընդհանուր անվտանգության, այնպես էլ ապագա աշխարհակարգի հարցերի կառուցողական քննարկմանը»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Պուտինն իր հերթին ուշադրություն է հրավիրել Բելառուսի հետ տնտեսական համագործակցության բարձր տեմպերի վրա։ «Բելառուսը և Ռուսաստանը ռեկորդ են սահմանում առևտրի ծավալով։ Այս տարի այն կարող է հասնել 40 միլիարդ դոլարի»,- նշել է Ռուսաստանի նախագահը։


Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր