Ներքին 4 տարի առաջ - 10:30 03-11-2021

Ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000 մ խորանարդ ավազակոպճային խառնուրդ

ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները փաստական տվյալներ են ձեռք բերել այն մասին, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի և ընդերքի օգտագործման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, առանց համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի, 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում։ Սրա հետևանքով ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000մ խորանարդ ավազակոպճային խառնուրդ:

Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Արևիկ համայնքի տարածքում։

Իրականացված ապօրինի ձեռնարկատիրության հետևանքով պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով (152.560.000 ՀՀ դրամ) տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: