Քաղաքական խոսքում ռեալության աղավաղման հետևանքով խեղվում է հանրության սոցիալ հոգեբանությունը, առաջանում է մահվան ռիսկ։
Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ տեղի է ունեցած տոնական միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է. «Այդ իրողությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը: Եվ այդ Սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»։
Առաջին հայացքից կարելի է ասել, որ սա էժան մանիպուլյացիա է «1+1+1+…»-ի նմանությամբ։ Հեռավոր 2007-ին Նիկոլ Փաշինյանը հորինեց կարգախոս, որը պարբերաբար կրկնում էր ցույցերի, հանրահավաքների ժամանակ՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և ուրենմն՝ 1+1+1+1…»։ Սակայն այս նոր վերացարկմամբ աղավաղվում է ռեալությունը, որն էլ հանգեցնելու է իրականության աղավաղմանը, ինչի արդյունքում խեղվելու է սոցիալ հոգեբանությունը, առաջանալու են անվտանգային ռիսկեր։
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը այսպիսի մահացու ռիսկեր առաջացնում։
Պետությունը Աստծո նվերն է մեզ՝ քաղաքացիներիս։ Այսպես են կարծում պահպանողականները։ Եթե պետությունը Աստծո նվերն է քաղաքացուն, ապա ինչպե՞ս կարելի է քաղաքացուն ասել՝ դո՛ւ ես պետությունը։ Սա քաղաքական խոսքի և ռեալության աղավաղում է։ Եթե աղավաղումն արվում է տգիտության պատճառով, ապա Փաշինյանը պետք է տեղը զիջի ավելի կրթված մեկին կամ արձակուրդ վերցնի ու զբաղվի ինքնակրթությամբ։ Իսկ եթե միտումնավոր, գիտակցաբար է աղավաղում ռեալությունն ու քաղաքական խոսույթն, ապա կարելի է ասել, որ նա գիտակցաբար խեղում է սոցիալ հոգեբանությունը։
Սոցիալ հոգեբանության խեղումը լինում է երկու փուլով։ Սկզբում խառնվում են մարդկանց պատկերացումները ռեալության մասին։ Այս փուլում մարդը չի տարբերում՝ մեծը փոքրից, մարդուն կենդանուց, լոգոսը էպոսից, արդարն անարդարից, կեղծը իրականից և այլն։ Այսինքն՝ հաճախակի սխալվում է, սակայն դիտողության արդյունքում ուղղվում։ Երկրորդ փուլում նա արդեն չի ընդունում դիտողությունը, քանի որ արդեն համոզված է, որ փոքրը մեծ է, դավաճանը թշնամի, անարդարն արդար, կեղծը իրական և այլն։ Ավելին՝ նա վիճաբանում է, փորձում է մյուսներին էլ համոզել նույն բաները։ Այսպիսի այլասերված հասարակությունը, որպես կանոն՝ մահանում է։
Քաղաքացին, որպես սուբյեկտ, ի հայտ է եկել վաղուց։ Ոչ մի երկրում և ոչ մի ժամանակ քաղաքացուն չեն ասել՝ դու ես պետությունը։ Այսպիսի սխալ բան չեն ասել, որ չվնասեն ժողովրդի առողջությունը։ Քաղաքացին, այո՝ ժողովրդավարական հասարակարգերում ընտրելու, իշխանություն ձևավորելու իրավունք ունի, հարկ վճարելու պարտավորություն։ Պետությունն էլ քաղաքացու նկատմամբ իրավունք ու պատասխանատվություն ունի։ Եթե քաղաքացին պետությունն է, ապա ամեն ինչ խառնվում է։ Կարելի է՞ ասել, որ Բաքվի բանտում դատվում է ՀՀ-ն, քանի որ դատվողների շարքում ՀՀ քաղաքացիներ են։ ՌԴ բանտերում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ կան, կարելի՞ է ասել, որ ՀՀ-ն ՌԴ ձեռքում պատանդ է։ Եթե քաղաքացին պետությունն է, ապա ՔՊ-ական իշխանությունն ինչո՞ւ չի ազատում պետություն-հայրենիքը ռուսական ու ադրբեջանական բանտերից։ Ամեն ամիս մի քաղաքացի կոռուպցիայի գործով կասկածվում է, կարելի՞ է ասել, որ պետությունն է կոռուպցիոներ։ Քաղաքացին կարող է լուրջ շփոթության մեջ ընկնել, երբ փորձի պատկերացնել, թե ինքն է պետությունը։ Դրանից հետո նա կարող է նաև այլ իրերի ճանաչման հարցում սխալվել։ Իսկ երբ սկսի վիճել իր սխալները պաշտպանելու համար, ապա կարող ենք ասել, որ սոցիալ հոգեբանությունն աղավաղված է։
Անարխիստները պետության գոյությունը չեն կարևորում, համարում են ավելորդ։ Սակայն նույնիսկ նրանք այսպես չեն աղավաղում ռեալությունը։ Օրինակ՝ Մաքս Շտիռների «Իմ գործը» գրքում բազմաթիվ վերացարկումներ կան, բայց այս մակարդակի աղավաղում չկա։ Այսինքն՝ նույնիսկ այն մարդիկ, որոնք պետությանը դեմ են սկզբունքորեն, այսպիսի սպեկուլյացիա չեն անում։
Կարճ ասած՝ հույսը կրկին իրատեսների վրա է մնում։ Եթե նրանք կարողանան միասնաբար դիմագրավել փաշինյանականան սպեկուլյացիաներին, ժողովրդին բացատրելով ռեալությունը, ապա գուցե չեզոքացնեն ժողովրդի այլասերման ու մահվան վտանգը, որը հասունացնում է Փաշինյանը սխալ համեմատություններով։
Թաթուլ Մկրտչյան