Փաշինյանի արկածախնդրության վերջին արարը. Սուրեն Սուրենյանց
copy image url

Փաշինյանի արկածախնդրության վերջին արարը. Սուրեն Սուրենյանց

Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 08:38 07-07-2025
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Փաշինյանի արկածախնդրության վերջին արարը
Ըստ որոշ միջազգային փորձագիտական աղբյուրների, վերջին ամիսներին շրջանառվում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված մի մոդել, որը կոչված է լուծելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապի հաստատման հարցը:
Վաշինգթոնը հանդես է եկել այն առաջարկով, ըստ որի՝ կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կարող է իրականացվել Հայաստանի տարածքով, սակայն՝ առանց էքստերիտորիալ իրավասության։

Այդ ճանապարհի տեխնիկական վերահսկողությունը պետք է վստահվի ոչ թե որևէ պետության, այլ չեզոք, մասնավոր կամ միջազգային հեղինակություն ունեցող լոգիստիկ ընկերության, օրինակ՝ ամերիկյան կառույցի։
ԱՄՆ-ի առաջարկը պարզապես տրանսպորտային հարցի լուծում չէ. այն միտված է վերակառուցել տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը։ Դրա միջոցով Վաշինգթոնը փորձում է սահմանափակել Ռուսաստանի և Իրանի հնարավոր ազդեցությունը:

Թեև այս լուրը Վաշինգթոնի կողմից պաշտոնապես չի հաստատվել, այնուամենայնիվ, կան հիմքեր դրանց արժանահավատությանը հավատալու:
Նախ, տակավին մեկ տարի առաջ, ԱՄՆ-ի նախկին վարչակազմի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենն զբաղված էր այս նախագծի ակտիվ լոբբինգով:

Շատ հնարավոր է, որ Թրամփի վարչակազմը որդեգրել է դեմոկրատների այս կուրսը, մանավանդ, որ Արևմուտքը չի կարողանում զսպել Ռուսաստանին Ուկրաինայում և առնվազն դեմ չէր լինի, որ այլ տարածաշրջաններում Մոսկվայի համար «գլխացավանք» ստեղծվի:
Մյուս կողմից, տարածվող լուրերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի պարզաբանումն ավելի շատ հաստատում է դրանք:

Եվ վերջապես, այս համատեքստն ամբողջացնող արձագանք կա Անկարայից:
Չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ առանց փակագծեր բացելու։

Պակաս կարևոր չէ ներքաղաքական զարգացումների դինամիկան Հայաստանում:
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ձեռնամուխ լինել Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության, երկիրը ռուսական ուղեծրից դուրս բերելու վերջին արարին:
Դրանով են պայմանավորված նրա վերջին ռեպրեսիաները. իր արկածախնդրությունը «մարսելու» համար՝ նա պետք է վերացնի դիմադրության բոլոր կենտրոնները:

Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի համաձայնագիր, որը կբավարարի Բաքվի օրինական պահանջները, ասել է Էրդողանը:

Սրանք պատահական խոսքեր չեն. վերը նկարագրված նախագծի պատրոնը Թուրքիան է, որը հայ- ադրբեջանական հնարավոր պայմանավորվածություններով( խաղաղության պայմանագիր, միջանցք) նախադրյալներն է ստեղծում՝ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման համար:
Փաշինյանը, ով հիմա ապավինում է Էրդողանի աջակցությանը, Հայաստանը դուրս կդնի ՀԱՊԿ-ից, կպահանջի ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի դուրսբերումը Հայաստանից:
Փաշինյանը սա կմատուցի «ինքնիշխանականության» օրակարգով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտվելու փաստով, բայց ակնհայտորեն հնարավոր այս զարգացումը կապ չունի ոչ Հայաստանի ինքնիշխանության և ոչ էլ՝ խաղաղության հետ:
Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը ինչ-որ բալանսավորված լուծումներ կարող էր ակնկալել, եթե ներքին ռեսուրսների մոբիլիզացիա աներ և անվտանգային կոնկրետ համակարգում լիներ:
Հիմա, Վաշինգթոնը, Անկարան, Բաքուն Փաշինյանից պահանջում են անել ճիշտ հակառակը, ինչի հետևանքով Հայաստանը ռուսական ուղեծրից հայտնվելու է թուրքական վասալիտետի տակ:
Արդյո՞ք ռուսները լուռ կհեռանան, թե՞ հակազդեցություն ցույց կտան:
Այս հարցի պատասխանը չունենք, որովհետև դա կախված է գլոբալ մի քանի գործընթացներից՝ ուկրաինական պատերազմ, ռուս- ամերիկյան հարաբերություններ և այլն:
Այնուամենայնիվ, եթե ռուսները հեռանան, ապա Հայաստանն արագ վերածվելու է ադրբեջանա- թուրքական ենթապետության:

Ի վերջո, Ալիևը տրամադրված չէ խաղաղության:
Եթե նա նման ցանկություն ունենար, հայ- ադրբեջանական հակամարտությունը արագ ավարտված կլիներ, առնվազն՝ Ադրբեջանի կողմից Արցախը կլանելուց հետո:

Որպեսզի պատկերացնենք, Ռուսաստանի ամբողջական դուրսմղումից հետո ի՞նչ է սպասվում Հայաստանին, կարելի է ևս մեկ անգամ ընթերցել Ալիևի երեկվա ելույթը:

Արցախի ամբողջական հայաթափումից երկու տարի էլ չանցած Ալիևն երեկ Ստեփանակերտում հայտարարել է, թե այժմ մեծ կարևորություն է ստանում Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը:

Ալիևը հիշեցրել է օրեր առաջ Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևերը, որոնցում Երևանին կոչ էր արվում կատարել Բաքվի պահանջները:
«Մենք բարձր ենք գնահատում կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից աջակցվող միաձայն բանաձևի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Այս բանաձևի հետ մեկտեղ, ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը հաստատվում է նաև Նախարարների խորհրդի նիստից հետո ընդունված «Ստամբուլի հռչակագրով»։ Հռչակագիրը նաև դատապարտում է Հայաստանի հրաժարումը Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսություն սկսելուց», - նշել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանի նախագահը խոսել է նաև ինչ-որ հաշվարկների մասին. - «Հանձնաժողովը, որի կազմում են պետական մարմինների ներկայացուցիչներ և օտարերկրյա փորձագետներ, գնահատել է օկուպացիայի հետևանքով Ադրբեջանին պատճառված վնասը՝ մոտ 150 միլիարդ դոլար»:
Արդյո՞ք մեր հասարակությունը կդիմադրի այս սցենարին, թե՞ մենք հույսներս դրել ենք Փաշինյանի քաղաքականությանը ռուսական հակազդեցության վրա, որն, ի դեպ, դարձյալ վտանգավոր սցենար է Հայաստանի համար»:

Ամենից շատ դիտված

10:33 Գիշերը հարձակվել և ծեծի են ենթարկել Գնել Սարգսյանին
08:02 Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. Ժողովուրդ
11:36 Տղամարդը գետում լողալուց հետո վարակվել է մահացու մանրէով և կորցրել լսողությունը
22:49 Փողոցի մեջտեղով, մեքենաների առջևով. ինչպես են մանկապարտեզի երեխաներին այգի տանում. տեսանյութ
22:00 Բնակարաններ, մեքենաներ, 94․6 մլն փոխառություն, 23 մլն եկամուտ․ Վահե Հովհաննիսյանի և կնոջ ունեցվածքը
21:43 Մեր տարածքն է, մեր ճանապարհն է, ուզում եք անցնեք, կարգ, կանոնով անցեք, ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով
23:08 Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել ավելի քան 150 մարդու դեմ
21:48 Վանաձորում բախվել են Mazda-ն ու մոտոցիկլը. սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է
23:43 Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է
13:34 Ես 5 ՔԿՀ-ներում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ, հայհոյանքի բառապաշարով թող ոչ մեկ չմրցի ինձ հետ