Երևան +10°
copy image url
Մշակույթ 4 ամիս առաջ - 23:30 23-12-2023

Ամենաանհնարինն ինձ համար բեմ բարձրանալն ու չխաղալն է․ երիտասարդ ռեժիսորի անսովոր ներկայացումը՝ «Կալիգուլա»

Դեկտեմբերի 20-ին «Բաբելոն» թատրոնում կայացավ «Կալիգուլա» ներկայացման առաջնախաղը, որ հիմնված է իրական փաստերի վրա: Թատրոնի տարածքը ծառայում էր որպես կայսրություն, որտեղ հանդիսատեսը դերասաններին շատ մոտ էր և ազատ շրջում էր ողջ տարածքով:

Դերերում են Հարություն Հովհաննիսյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Գևորգ Միրզոյանը, Սիսիան Սեփանյանը, Լյովա Խուրշուդյանը, Համլետ Առաքելյանը, Հրանտ Շիրինյանը, Բաբկեն Շահբազյանը, որ նաև հանդիսանում է ներկայացման ռեժիսորը։

Հագուստների ձևավորումը Նարեկ Ջհանգիրյանինն է, երաժշտության հեղինակը՝ Վան Հովհաննիսյանը։
Ներկայացման գլխավոր կերպարի՝ Կալիգուլայի դերը, կերտում է դերասան, ռեժիսոր, «Բաբելոն» թատրոնի հիմնադիր Հարություն Հովհաննիսյանը, որն էլ Oragir.News-ի հետ զրուցել է դերի հավակնությունների, այն ընդունելու, ստեղծագործական պրոցեսի, և առհասարակ՝ «Բաբելոն» թատրոնի գործունեության մասին։

«Քանի որ ես Կալիգուլայի դերն էի խաղալու, իսկ իմ դերն անընդհատ է ու ամեն տեղ է, դերաբաշխման ժամանակ ստացվեց, որ Բաբկենը լինելու է ներկայացման հենց ռեժիսորը։ Երկուսս էլ նույն գաղափարին ենք, մտքին ենք, դրա համար էլ միմյանց նկատմամբ կար այդ վստահությունը՝ ինչպես հիմա։
Կալիգուլայի կերպարն ու մտքերը երևի թե բոլորիս են հոգեհարազատ, այդ փիլիսոփայությունը, որը որոշ մարդկանց համար ապրելակերպ է։ Ես էլ կյանքից շատ բան եմ ուզում ու չեմ հասկանում մեկ-մեկ՝ ինչու եմ դա ուզում, ինչու բավարար չէ այսօրը, ինչպես գնամ, քնեմ։ Սովորական մտքեր են, որոնք բոլորս էլ ունենում ենք, ու դրանից հետո սկսվում է փնտրտուքը, որը ինձ համար շատ հոգեհարազատ է․ հետաքրքիր և հոգեհարազատ է անխտիր բոլոր այն մարդկանց համար, որոնք իրենց հարցեր են տալիս՝ ինչու են ապրում, ինչու են ստեղծագործում, որն է իրենց առաքելությունը։ Այս բոլոր հարցերի պատասխանները Կալիգուլայի փիլիսոփայությամբ կա, քանի որ նա համեմատական է Հիսուս Քրիստոսի հետ, իսկ մնացած կերպարները՝ Քրիստոսի կողքի մարդկանց՝ Հուդայի, Մարիա Մագդալենայի հետ։ Այս է պատճառը, որ ինքը շատ մոտ է իմ սրտին, մարդկանց էլ հուզում են այն թեմաները, ինչի մասին բարձրաձայնվում է։ Այն կարող է տարբեր ասոցիացիաներ ունենալ, օրինակ՝ քաղաքական մոտիվներ ունենալ։



Ինձ համար այն մարդու մասին է, մարդու ամենանուրբ կետերի մասին է, ինչն էլ ինձ դեռ հուզում է։ Մենք 2016 թվականին էլի անդրադարձել ենք այս թեմային․ ուղիղ մեկ տարի փորձեր ենք արել, մի անգամ խաղացել ենք, բայց դերակատարներից մեկը լավը չէր, ես էլ բունտ արեցի, որ հանենք, ու էլ չխաղացի այդ ներկայացման մեջ։ Ինձ համար շատ կարևոր է, որ լավը լինի այս ներկայացումը, որովհետև այն կարող է մարդուն հուզել ու շատ բան տալ։ Չէի ասի, որ մեզ մոտ ստացվել է ինչ-որ բան․ դեռ որ չի ստացվել։

Դերը կերտելիս դժվարություններ ինձ մոտ չեն եղել մի պարզ պատճառով, որ 2016 թվականից այն եփվում է իմ մեջ, անընդհատ այդ տարիներին գնացել է եփման պրոցես ու արդեն 6-7 տարի։ Ես չգիտեմ՝ ես ինչու եմ ուզում այդ կերպարը խաղալ, ինչ հարցեր ունեմ․ այն ինձ պիտի ամեն օր պատասխաններ տա, ամեն անգամ խաղալուց հետո ես պիտի գտնեմ այդ պատասխանները։ Լինում են, իհարկե, պուճուր բաներ, բայց չի ստացվում հագենալ ու բավարարվել, ես էլ մտածում եմ, որ դա պրոցես է, որ պիտի գնա, ու կարևորը, երևի, այդ պրոցեսն է։



Զգեստների ընտրության հարցում նույնպես հեռու չենք գնացել․ Նարեկը մեր ընկերական շրջապատից է։ Ինքն ուներ ինչ-որ բաներ, որ մոտ էր մեր մտածելակերպին, միասին փորձում էինք ամեն ինչ մի կետի վրա կենտրոնացնել, թե ինչպես ավելի ճիշտ կլինի, որ գանք այդ կետին։ Նարեկն էլ շատ մոտ էր․ կոնցեպտուալ շարքեր ունի արած, որ հետաքրքիր է, նաև աստվածաշնչյան թեմաներով շարքեր ունի ու այդ կոնցեպտի մեջ կարողանում է մտածել։ Ինձ թվում է՝ ինչ-որ ձև ստացված է։
Այս գործում շատ ուղղումներ կան՝ նաև հագուստի մասով։ Մոտ ենք իրար, կհասկանանք, կանենք։ Ինձ թվում է՝ կհասցնենք մեր պատկերացրած կատարելությանը։



Հարություն Հովհաննիսյանը Oragir.News-ի հետ զրուցեց նաև «Բաբելոն» թատրոնի գործունեության շուրջ։
«Բաբելոն թատրոնի առանձնահատկությունը այն է, որ չկա սահման, չկա շենքը, չկա թեմա,որը պետք է վերցնենք ու խոսենք․ այն ծնվում է մեր մեջ, ծնվում է՝ ժամանակից ելնելով։ Մենք հաճախ գրում ենք թեմաներ, չենք սահմանափակում մեզ․ մենք գրող չենք, բայց կարող ենք գրել ու հորինել, եթե մեզ հետաքրքիր է ինչ-որ բան տալ մարդկանց։ Կան նման ներկայացումներ, որ հորինվածքներ են շենքի պատմության հիման վրա, դրանից ավելի հին իրադարձությունների, թե որ շենքում ենք գտնվել պարսկական խանության ժամանակ ու որպես ինչ է ծառայել այս շենքը․ այն շատ հին պատմություն ունի, որին կարող եք ծանոթանալ «Բաբելոն 2»-ի ժամանակ։



Մենք ուզում ենք շատ «հիմա»-ի մեջ լինել ու գրելը այդտեղից է գալիս, որ գրենք նրա մասին, թե մեզ հիմա ինչ է հետաքրքիր, որովհետև դա ակտուալ է, ամենաարդին կլինի, եթե կարողանանք գրել։ Խնդիրներ ունենք սցենարիստների հետ կապված, որոնց փնտրում ենք, ում հետ կարող ենք համագործակցել, որովհետև «Բաբելոնի»-ի գաղափարը միասնությունն է արվեստի ներկայացուցիչների հետ, որոնք կստեղծեն մի համատեղ գործ։ Մարդիկ՝ միավորման գաղափարը կիսողները, չկան։ Լինում է, որ տարբեր արվեստագետներ սպոնտան գալիս են, բայց սցենարիստ չի եկել, որն ամենակարևոր կետն է թատրոնում․ ինքը կգրի մի սցենար ու կասի, որ վստահում է մեզ, մենք էլ կբեմադրենք։ Կոնկրետ թատրոնի շուրջ, որ պետք է լինեն երաժիշտներ, քանդակագործներ, կերպարվեստի ներկայացուցիչներ, միավորելը խնդիր է․ դա մեր խնդիրն է, որը մենք դրել ենք, պարզապես երևի պետք է բարձրաձայնել միավորման այդ գաղափարի մասին ավելի շատ։
Oragir.News-ը զրուցեց նաև դերասան, ներկայացման ռեժիսոր Բաբկեն Շահբազյանի հետ, որն էլ հայտնեց, որ Կալիգուլա ներկայացումն իր՝ որպես ռեժիսորի առաջին աշխատանքն է։

«Կալիգուլան» իմ՝ որպես ռեժիսորի առաջին գործն էր։ Մենք այս պիեսը 2018 թվականին՝ հենց հեղափոխության ժամանակահատվածում, բեմադրում էինք, ես ու Հարութն էլ խաղում էինք։ Ներկայացման ռեժիսորը Տաթև Հակոբյանն էր։ Մի տարի փորձեցինք, բայց վերջում ինչ-ինչ պատճառներով ներկայացումը չկայացավ։ Ու մեր մեջ կիսատ արած գործ էր մնացել, արդյունքը չէինք ունեցել այդքան աշխատանքից հետո։ Այդ ժամանակվանից ներկայացումը մեր մեջ նստած էր, անընդհատ ասում էինք՝ պիտի անենք, հաստատ պիտի անենք, պիտի խաղանք վերջապես ու փնտրում էինք ռեժիսորի, որ կբեմադրեր այդ գործը։ Մի քանի տարբերակներ մտածել էինք, նույնիսկ ինչ-որ մարդկանց հետ հանդիպել էինք։ Ես նույնիսկ Տաթև Հակոբյանի հետ խոսակցություն եմ ունեցել, հարցրել եմ՝ կարո՞ղ է ինչ-որ մտքեր ունենաս, որ անենք, բայց հասկացանք, որ մենք պիտի անենք ու որոշեցինք, որ երկու ռեժիսոր լինի՝ ես ու Հարութը։ Ամեն ինչ արդեն պատկերացնում էինք՝ ինչպես է պետք անել։ Երբ թատրոնում աշխատանքներ էինք տանում, սարքում էինք, արդեն այդ ժամանակվանից պատկերացնում էինք ամեն ինչ։ Մի օր էլ որոշեցինք, որ ես ռեժիսորը լինեմ, որ ես բեմադրեմ՝ նաև հաշվի առնելով, որ ես ուզում եմ դերասանությամբ չզբաղվել ու թեքվել դեպի ռեժիսուրա, կինո, համ էլ ուզում էի փորձել՝ պատկերացնելու կարողանո՞ւմ եմ լավ բեմադրել,թե՞՝ ոչ։ Այդպես եկանք համաձայնության։
Սկզբում որոշվեց, որ ես չպիտի խաղամ ընդհանրապես, որովհետև դա աբսուրդ է, երբ դու խաղում ես ու բեմադրում ես․ շատ բարդ ու դժվար բան է, համարյա անհնար։ Հիմա էլ նույնիսկ դեռ չեմ կարողանում միջիս ռեժիսորին անջատել ներկայացման ժամանակ․ անընդհատ ինչ-որ բաներ տեսնում եմ, նկատում եմ ու անջատել չի լինում։ Փորձերի ժամանակ էլ չեմ կարողանում ընդհանուր ներկայացումը տեսնել, որովհետև ես էլ եմ խաղում ու չեմ կարողանում տեսնել։ Դժվարություններով բեմադրեցինք ու խաղացինք։
Հիմնական պատճառն այն էր, որ այն մեզ համար սկսած ու չկատարված մի բանից հասցվեր իր վերջնական կետին՝ բացի նրանից, թե մենք ինչքան համաձայն էինք այդ գործի հետ, զուգահեռ՝ հարցեր ես բարձրացնում ու ինչքան անհամաձայն ես նաև․ ինքը քեզ հետ պրովոկացիա է անում։

Կալիգուլան գալիս է ու որոշում է լինել անկեղծ, անել այն, ինչ ուզում է։ Այդ անհնարինի ճանապարհի մեջ ինքը գտնում է, որ ամենամեծ անհնար բաներից մեկն այս աշխարհում այն է, որ չստեն մարդիկ՝ խոսելով այդ մասին։ Ամեն ինչին ինքն անդրադառնում է, դու էլ՝ որպես ստեղծագործող, շատ հետաքրքիր զուգահեռներ ես կարողանում անցկացնել․ թե դու՝ որպես ստեղծագործող, ինչ անհնարիններ ես դնում քո առաջ, որ դրանց անցնես։ Իսկ ամենաանհնարին բանն ինձ համար բեմ բարձրանալն ու չխաղալն է, որովհետև ստանդարտ թատրոններում դերասանը դուրս է գալիս կուլիս, այնտեղ «տրամադրվում է», մտնում է բեմ, ինչ-որ բան է խաղում, դուրս է գալիս և այդպես շարունակ։ Ճիշտ է, մեզ սովորեցնում են, որ եթե դու դուրս ես գալիս, ուրեմն պիտի ապրես, որովհետև կերպարդ շարունակում է ապրել, բայց, ինչ էլ ուզում է՝ լինի, դու անընդհատ այդտեղ չես։ Իսկ այս ֆորման նրանով էր հետաքրքիր, որ կերպարդ անընդհատ չունի դուրս գալու ու ներս մտնելու տեղ․ դու անընդհատ այստեղ ես, կապ չունի, որ քո տեսարանը չէ, դու տեքստ չես ասում։ Կարևոր էր, որ կոտրեինք այն պայմանականությունը, որ կան գլխավոր և երկրորդական հերոսներ․ այստեղ բոլորն են գլխավոր։ Պիեսը՝ լուծած, իր մեջ ամեն ինչ կրում է, բայց ինձ հետաքրքրում էր՝ այսօրվա մարդը իրեն ինչպես կդրսևորի։

Դերասաններին խնդիր տալուց էլ ես միշտ ասում էի, որ պիեսը լուծած, տված է, մարդը կարող է վերցնել, կարդալ ու հասկանալ․ հանդիսատեսին հետաքրքիր է, թե դու՝ իր կողքին ապրող մարդը, այսօր ինչ վերաբերմունք ունի այդ տեքստն ասելիս, լսելիս։ Փորձում ենք դա բերել, որ հանդիսատեսը գա, մտնի մեր մեջ, ու ինքն էլ դառնա գլխավոր հերոս, որովհետև հանդիսատեսի վերաբերմունքից էլ է սկսվում լիքը բան։ Այս ներկայացումը ամեն անգամ ուրիշ ձև է լինելու, որովհետև շատ ուղիղ կապված է՝ դերասանին ով է նայում։ Մենք հանդիսատեսով խոսում ենք իրար հետ, հանդիսատեսի էներգիան խառնվում է մեր խոսքին, գնում, կպչում է, դերասանն էլ լրիվ ուրիշ հոսք է ստանում, հետո՝ դա այլ կերպ փոխանցում է առաջ, դա նորից հանդիսատեսի միջով փոխվում է ու այսպես՝ անընդհատ շարունակ աճում ու աճում է։
Ներկայացումը երեք անգամ խաղացել ենք արդեն, ու ես հասկանում եմ, որ ամեն անգամ ներկայացումը սկսում է շունչ առնել այն պահից, երբ հանդիսատեսը մտնում է այդ ամեն ինչի մեջ ու իրեն գտնում է։ Երբ սկսվում է, ես կողքից նայում եմ․ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, ուր գնա, ինչ անի, հետո՝ հենց որ ինչ-որ փոխհարաբերություն է ստեղծվում մեր՝ դերասանների ու հանդիսատեսի միջև, այդ ժամանակ ներկայացումը շունչ է առնում ու սկսում է գնալ։ Սա ամենահետաքրքիր բանն է։ Ինձ թվում է՝ այսօր թատրոնը հետաքրքիր է ինձ համար այդպես։
Դերասանի ամենամեծ ուժը հավատն է։ Մենք ամեն անգամ խաղալիս մեր առջև դնում ենք այդ գործը, թե ինչքան կարող եմ ես ավելի հավատալ ու ինչքան կարող եմ հանդիսատեսին հավատացնել, իմ հետևից տանել։ Ես միշտ դերասաններին ասում եմ, որ նկատի ունենան այն փաստը, որ իրենց միշտ նայում են․ այդ ժամանակ դու ուրիշ ռեակցիա պիտի տաս, որովհետև քեզ նայում են։

Մեր դարում մարդը մենակ չի մնում ինքն իր հետ․ հենց մենակ է մնում, վերցնում է հեռախոսն ու սկսում է ինչ-որ բաներ նայել․ դա մեզ խանգարում է, որ մենք մեզ հետ մենակ մնանք, հարցեր տանք՝ կապ չունի՝ ինչ հարցեր։ Դա էլ կօգնի, որ մարդը կգիտակցի, որ ինքը կա, ոչ թե հոսքի մեջ կգնա»։

Ռեժիսորի հետ հարցազրույցն ամփոփելով՝ Oragir.News-ը փորձեց պարզել, թե ինչու է պետք անպայման դիտել այս ներկայացումը։

«Շատ հետաքրքիր աշխատանք է եղել ու շարունակում է լինել։ Շատ-շատ պատճառներ կա՝ ինչու մարդիկ պիտի տեսնեն այս ներկայացումը․ օրինակ՝ շատ քիչ ներկայացումներ կան, որտեղ հանդիսատեսը իրեն կարող է զգալ՝ որպես գլխավոր հերոս, իսկ այստեղ այդ հնարավորությունը շատ մեծ տրված է իրենց, բայց դրա համար պետք է համարձակություն, ինչը, ևս, Կալիգուլայի մասին է, որն ասում էր, որ մինչև վերջ կլինի հետևողական»։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի