copy image url
Մշակույթ Ներքին 2 տարի առաջ - 18:01 13-02-2023

Մեկ անգամ արյուն թափեք, ապա ապրեք ազատ․ պաշտպան հայրենյաց կաթողիկոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Աշտարակեցու շիրմաքարին փորագրված է․ «Պաշտպան հայրենեաց»։ Այս բառերը լավագույնս բացահայտում են հայոց հովվապետի էությունը։ Նա ոչ միայն հայ հոգևոր ու մշակութային կյանքի խոշոր դեմքերից էր, այլև 19-րդ դարի առաջին կեսի հայ ազատագրական պայքարի կազմակերպիչներից։



1770 թ․ այս օրն է ծնվել Կամսարականների նախարարական տոհմի շառավիղ, հայոց նշանավոր հովվապետ Ներսես Ե Աշտարակեցին։

18-19-րդ դարերում հայ ժողովրդի ազատագրության գաղափարը կապվում էր Ռուսական կայսրության հետ, և այդ գծի առաջամարտիկը Իսրայել Օրին էր։ Ներսես կաթողիկոսը ևս այս հարցում իր հայացքն ուղղեց հյուսիս՝ փորձելով գտնել պարսկական և թուրքական լծից ազատվելու բանալին։ Աշտարակեցին ամեն կերպ աջակցում էր Ռուսական կայսրությանը։

1804 թ․ սկսված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ներսես արքեպիսկոպոսը կոչ էր անում զենք վերցնել և աջակցել ռուսական բանակին։ Իսկ 1826-28 թթ․ պատերազմի օրերին նա լայնածավալ գործունեություն է ծավալում։ Նրա կոչով կազմվում են կամավորական խմբեր և միանում ռուսական բանակին։ Աշտարակեցին ռազմի դաշտում անձամբ է առաջնորդում հայ կամավորական խմբերին, մասնակցում Երևանի, Սարդարապատի և Էջմիածնի ազատագրական մարտերին։ Էջմիածնի համար մղվող մարտերում անձամբ վանքի պարիսպներից թնդանոթով կրակում էր թշնամու ուղղությամբ, ձի հեծնած՝ մի ձեռքին՝ սուր, մյուսում՝ խաչ՝ նա ոգեշնչում էր մարտիկներին՝ կոչելով․ «Մեկ անգամ արյուն թափեք, ապա ապրեք ազատ»։ Իր ծառայությունների համար ռուսական իշխանությունները նրան պարգևատրեցին Ալեքսանդր Նևսկու շքանշանով։



Աշտարակեցին երազում էր Ռուսական կայսրության կազմում ինքնավարություն ունենալ։ Նա կազմակերպում է Պարսկաստանից ներգաղթ՝ փորձելով փոխել Հայաստանում հայ ազգաբնակչության տեսակարար կշիռը։ Այս քայլերը բնականաբար դուր չէին գալիս ցարին։ Երևանի զորաբանակի հրամանատար Պասկևիչի հրամանով՝ Աշտարակեցին զրկվում է բոլոր շնորհներից, նա մեղադրվում է մուսուլման ազգաբնակչությանը հալածելու, արքունի գանձարանի միջոցների մսխման, հայկական բանակ ստեղծելու մեջ։ Աշտարակեցին դատապարտվեց պատվավոր աքսորի՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ։

Հայոց հովվապետը մշակութային բուռն գործունեություն ծավալեց՝ դառնալով Վրաստանի թեմի առաջնորդ, երբ տեղափոխվում է Թիֆլիս։ Նա Թիֆլիսը դարձնում է Անդրկովկասի հայության մշակութային կենտրոն։ 1824 թ․ նա հիմնադրում է Կովկասի առաջին խոշոր կրթական հաստատությունը, որը հետագայում իր անունով կոչվեց Ներսիսյան դպրոց։



Այն հայկական առաջին միջնակարգ դպրոցն էր։ Այս դպրոցում սովորել և դասավանդել են հայ մտքի այնպիսի տիտաններ, ինչպիսիք էին Հարություն Ալամդարյանը, Գաբրիել Պատկանյանը, Ստեփանոս Նազարյանը, Խաչատուր Աբովյանը, Հովհաննես Թումանյանը, Գաբրիել Սուդուկյանը, Դերենիկ Դեմիրճյանը և ուրիշներ։ Այս դպրոցում ուսանել են վրացի, հրեա, հույն և թուրք երեխաներ։ Աշտարակեցու ջանքերով է նաև Ամստերդամից Թիֆլիս տեղափոխվում հայկական տպարանը, որով Թիֆլիսում սկիզբ է դրվում հայկական տպագրությանը։

Ահռելի է Աշտարակեցու դերը 19-րդ դարի հայ հոգևոր, քաղաքական, մշակութային կյանքում, ինչի շնորհիվ նա հավերժացրել է իր անունը՝ առանձնանալով բազմաթիվ հայ հոգևոր առաջնորդներից։


Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
22:58 Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը. Լևոն Ազիզյան
23:41 Իշխանության նպատակը 2026-ին ընդառաջ մրցունակ բոլոր ուժերին թուլացնելն է կամ մեկուսացնելը. Աբրահամյան
08:55 Վրաստանում կատարակտի բուժման համար օգտագործվող կաթիլները 3–5 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում