Բերձորի միջանցքի շրջափակումը ՀՀ իշխանությունների թույլ տված բացթողումների արդյունքն ու հետևանքն է․ Խոսրով Հարությունյան
copy image url

Բերձորի միջանցքի շրջափակումը ՀՀ իշխանությունների թույլ տված բացթողումների արդյունքն ու հետևանքն է․ Խոսրով Հարությունյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 09:54 10-02-2023
Հայաստանի Հանրապետության գործող իշխանության մոտեցումները Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակին պետք է պայմանավորված լինեն այն եռակողմ հայտարարությամբ, որի տակ կա նաև Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախում առկա իրավիճակին։

«Նիկոլ Փաշինյանն, ստորագրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ըստ էության, ստանձնել է նաև այդ փաստաթղթում արձանագրված բոլոր դրույթների, այդ թվում նաև Բերձորի միջանցքի անխափան գործունեության պարտավորությունը։ Այսինքն, նա չի կարող միայն հայտարարել՝ գիտե՞ք, դա մեր խնդիրը չէ, դա նրանց խնդիրն է։ Ո՛չ։ Դա նաև մեր խնդիրն է։ Եվ մենք պետք է շատ ակտիվ միջամտություն ու միջոցառումներ նախատեսենք, որպեսզի Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը կարգավորվի»,- ասաց նա։

Այս ֆոնին, Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ, այնպես չէ, որ իշխանությունները որևէ քայլ չեն իրականացնում այդ ուղղությամբ։ Իր խոսքով՝բավականին ակտիվ քայլեր կատարում է ՀՀ ԱԳՆ-ը։

«Այդ գործողությունների արդյունքում միջազգային շատ ու շատ կազմակերպություններ Եվրախորհրդարան, ԵԽԽՎ, ՄԱԿ-ի ԱԽ, տարբեր երկրների խորհրդարաններ սկսեցին հանդես գալ հայտարարություններով։ Այս հայտարարություններն, անկասկած, ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա։ Եթե կուզեք՝ ինչ-որ մի ձևով զսպում են նրա քայլերը։ Իհարկե, չեն կարող լուծել խնդիրը, բայց որոշակի առումով զսպում են»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Հարությունյանն անդրադարձավ ՀՀ իշխանությունների հայտարարությանը, թե Արցախի անվտանգությունը ռուս խաղաղապահների ու Ադրբեջանի խնդիրն է։

«Խնդիրը թողնել ու ասել, որ դա միայն ռուս խաղաղապահների ու Ադրբեջանի խնդիրն է՝ կներեք, սա, կարծում եմ, բավարար չէ։ Այս փաստաթղթի տակ ստորագրելով Հայաստանի իշխանությունը նաև ստանձնել է իր մասով պարտավորություն։ Փաստաթղթում տեղ գտած ցանկացած կետ, այդ թվում նաև գերիների վերադարձը, և մնացած բոլոր կետերն այդ փաստաթղթի ոգուն և տառին համապատասխան պետք է իրականացվեն։

Այսինքն, Փաշինյանը չի կարող ասել՝ դա մեր խնդիրը չէ, դա նրանց խնդիրն է։ Մեր խնդիրն է նաև աջակցել, որպեսզի այդ հումանիտար աղետը հնարավորին չափով մեղմվի։ Ավելին, իշխանությունների կողմից հնչում են արտահայտություններ, որ ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում և ռազմական բազային առկայութունը ՀՀ-ում նույնիսկ սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության համար։ Դա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունն ու հիմնական առաքելությունն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանությունն է։ Այս պայմաններում կասկածի տակ դնել նրանց այդ առաքելությունը, ավելին, այն ներկայացնել որպես Ադրբեջանին գրգռող ռազմական գործողությունների դրդող գործոն, ուղղակի անթույլատրելի և անբացատրելի է»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը։

Դիտարկմանը, որ այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ արցախահայության անվտանգությունը ռուս խաղաղապահների առաքելությունն է՝ Խոսրով Հարությունյանն արձագանքեց․

«Գործող իշխանություններն ասում են՝ ռուս խաղաղապահներն սիրենց ֆունկցիաները լրիվ չեն կատարում։ Իհարկե, նրանց գործողությունների մեջ կարելի է գտնել թերություններ։ Օրինակ, մի գուցե պետք էր Բերձորի միջանցքում նրանց ներկայությունը կամ անվտանգության վերահսկողությունն ավելի արդյունավետ իրացնել ու գործիքներ մտածել։ Ես դա չեմ ժխտում։ Բայց մեծ իմաստով խաղաղապահների ներկայությունը ներկայացնել բացասական ֆոնին ուղղակի անթույլատրելի է։ Ամենալուրջ առաքելությունը, որի համար այդ ռուս խաղաղապահներն այնտեղ են, նախ և առաջ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորումն է։ Այսօր նրանք դա անում են»,- ասաց նա։

Խոսրով Հարությունյանը հատուկ ուշադրություն հրավիրեց փաստին, որ Բերձորի միջանցքը ոչ թե ճանապարհ է, այլ Արցախի կյանքի ու բնականոն կենսագործունեության ապահովման աղբյուրը։

«Դա ճանապարհ չէ, ինչպես դիտարկում են Հայաստանի իշխանությունները, և ինչպես դիտարկում է ինքը՝ Ադրբեջանը, երբեմն նույնիսկ Ռուսաստանը։ Որովհետև մե՛նք ենք այդպես մտածում։ Դա բեռների կամ քաղաքացիների տեղափոխման ճանապարհ չէ։ Դա Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ կրիտիկական ենթակառուցվածք է։ Այսինքն, բացի ճանապարհ լինելուց, այնտեղ պետք է լինեին և՛ գազատարը, և՛ էլեկտրական հաղորդակցության գծերը, և՛ մալուխները։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ու հնարավորություն կտար առանց որևէ երկրորդ կամ երրորդ կողմի միջամտության, տվյալ դեպքում, թե՛ Ռուսաստանի, թե՛հատկապես Ադրբեջանի, ապահովել Արցախի Հանրապետության ժողովրդի բնականոն կենսագորունեությունը»,- ասաց նա։

Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ այս հնարավորությունը ՀՀ ներկա իշխանությունները ձեռքից արդեն իսկ բաց են թողել։

«Երբ որ Ադրբեջանը կառուցում էր ինչ-որ մի ճանապարհ, ու մեր իշխանություններն ուղղակի լռելյայն հետևում կամ համաձայնություն էին տալիս նրանց, մենք այդ ժամանակ նպաստեցինք Արցախի շրջափակման համար նախադրյալների ստեղծմանը։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերությունում շատ հստակ գրած է, որ կողմերի համաձայնությամբ մշակվում է Լաչինի միջանցքի ալտերնատիվ միջանցքի կառուցման պլանը։ Պլան՝ նշանակում է քայլերի հաջորդականություն, ճանապարհային քարտեզ։ Այն, թե ինչ քայլեր պետք է կատարվեն, որպեսզի 3 տարվա ընթացքում հնարավոր լիներ կառուցել Բերձորի միջանցքի ալտերնատիվ միջանցքը, ո՛չ թե ճանապարհը։ Այսօր բոլորը խոսում են այն մասին, որ թե՛ բեռները, և թե՛ ուղևորները անարգել տեղաշարժվելու հնարավորություն չունեն։ Մինչդեռ խոսքը միայն դրա մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ գազամատակարարումը պետք է լիներ անարգել, և որևէ կապ չպետք է ունենար Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Այդ ամենն, ըստ ՀՀ նախկին վարչապետի, հնարավոր կլիներ, եթե եռակողմ համաձայնությամբ մշակվեր այդ ենթակառուցվածքների տեղափոխման քայլերի հաջորդականությունը, որպեսզի հնարավոր լիներ սկսել այդ Բերձորի միջանքի այլընտրանքային միջանցքի կառուցման աշխատանքները։

«Սա շատ էական է։ Սա նշանակում է ստեղծել, անգամ եռակողմ միջպետական հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը, նախ և առաջ, պետք է արձանագրեր, որ խոսքը գնում է միջանցքի մասին։ Իսկ միջանցքի կառուցման համար անհրաժեշտ են տեխնիկական պահանջներ՝ կրիտիկական ենթակառուցվածքների՝ գազատար, էլեկտրական ու մալուխային գծեր։ Այդ պահանջները պետք են նաև բեռների կամ քաղաքացիների փոխադրման ճանապարհի համար, պետք է որոշվեր այդ ճանապարհի հետագիծը, մշակվեր նախագծային այդ աշխատանքների տեխնիկական առաջադրանքը։ Միջազգային մրցույթ հայտարարվեր նախագծային կազմակերպության համար, նախագծային կազմակերպությունը պետք է վերջնական արդյունքը ներկայացներ կողմերի համաձայնեցմանը, հետո նոր մրցույթ հայտարարվեր, որպեսզի ինչ-որ մեկն ստանձներ այդ ամբողջ միջանցքի կառուցման աշխատանքների իրականացման գործընթացը։

Դա նշանակում է գազատարի տեղափոխում, բարձրավոլտ լարեր ու մալուխների տեղափոխում և ճանապարհի կառուցում։ Հետո մենք պետք է ունենայինք կողմերի միջև համաձայնեցված տեխնիկական վերահսկողության հանձնաժողով, որը կհետևեր կատարվող աշխատանքների որակին։ Դրանից հետո միայն այն պետք է հանձնվեր շահագործման»,- ասաց նա։
Այդուհանդերձ, ըստ Հարությունյանի, քանի որ այդ ամենը չի իրականացվել, այժմ ունենք այն,ինչ ունենք։

«Ադրբեջանն օգտվելով այս վիճակից, նախ պայթեցրեց գազատարը, հետո այդ պայթեցված գազատարի վրա փական դրեց, որպեսզի ինքը վերահսկի գազամատակարարման գործընթացը։ Ի դեպ,տեղին է նշել, որ գազատար այդ խողովակը ՀՀ սեփականությունն է, և Ադրբեջանն իրավասու չէր առանց մեզ հետ համաձայնեցնեու այդպիսի որևէ գործողություն կատարել։
Դա ուղղակի անթույլատրելի է։ Հիմա էլ ասում են «Հայաստանից գնացող գազ»։ Հայաստանից ի՞նչ գազ։ Ադրբեջանը կթողնի՝ գազը կգնա, չի թողնի՝ գազը չի մտնի Արցախ»,- ասաց նա։

Այս առումով, Հարությունյանը սահմանում է․ այս իրավիճակը ՀՀ ներկա իշխանությունների թույլտված բացթողումների արդյունքն ու հետևանքն է։

«Միջազգային հանրությունն, այդուհանդերձ, սկսում է գիտակցել, որ նույնիսկ Բերձորի միջանցքի խնդրի կարգավորումը հիմնականում պետք է իրականացվի բանակցությունների ճանապարհով։ Ընդ որում, Լավրովը ևս բոլորովին վերջերս հայտարարեց, որ պատրաստակամ է նորից արտգործնախարարներին հրավիրել այս խնդրի վերաբերյալ։ Կարելի է հիմա Հայաստան- Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» շուրջ անցկացվող բանակցային գործընթացից առանձնացնել Բերձորի միջանցքի հետ կապված բանակցությունները։ Ձեռնամուխ լինել այդ բանակցությունների իրականացմանը, բայց այդ բանակցությունների ժամանակ հայկական կողմը պետք է հասնի նրան, որ միջանցքն ընկալվի այնպես, ինչպես մեկնաբանեցի։ Դա իմ մեկնաբանությունը չէ։ Դա հենց եռակողմ հայտարարության տառին ու ոգուն համապատասխան մեկնաբանություն է։ Այդկերպ պետք է ապահովվի Բերձորի միջանցքի ֆունկցիոնալ նշանակությունը և Արցախի բնականոն կենսագործունեությունը, մինչև Արցախի կարգավիճակի խնդիրը կլուծվի։ Սա է իմաստը»,- ասաց նա։

Խոսրով Հարությունյան խոսքով, այս ֆոնին, ռուս խաղաղապահների, ադրբեջանական կողմի և Արցախի ներկայացուցիչների միջև առկա ոչ լայնամասշտաբ, բայց առկա շփումներին ու հանդիպումներին չի կարող միայն մեկ մարդ մասնակցել։ Իր խոսքով, դրան Արցախից պետք է մասնակցի երկու անձ, ճիշտ այնպես, ինչպես դա անում է ադրբեջանական կողմը։

«Մենք վերջերս լսեցինք, որ Ադրբեջանի գենշտաբի ներկայացուցիչներ՝ երկու գեներալ, ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը, և Արայիկ Հարությունյանը հանդիպել են։ Ընդ որում, դրանից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ որևէ բան չառաջարկվեց, որը կբավարարեր մեր պահանջները։ Այդ բանակցություններն ու շփումներն, իհարկե, պետք է շարունակվեն։ Ավելին, դրանք պետք է ստանան ավելի պաշտոնական կարգավիճակ։ Բայց բանակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկությանը միայն մեկ մարդ չէ, որ պետք է տիրապետի։ Եթե ինձնով լիներ, ապա ես կասեի, որ այդ բանակցություններին պետք է մասնակցի նաև Ռուբեն Վարդանյանը։

Բայց հասկանում ենք, որ այսօրվա ստեղծված իրավիճակում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ադրբեջանական կողմի խուսանավող վարքագիծ կա։ Ես դա չեմ ընդունում։ Բայց արձանագրենք, որ ադրբեջանական պետական այս քաղաքականությունը խոսում է այն մասին, որ Ռուբեն Վարդանյանը գործոն է, որի հետ իրենք չեն ուզում հաշվի նստել։ Ես, օրինակ, գտնում եմ, որ նա վարքագիծը ճգնաժամային այս պայմաններում, միանգամայն ադեկվատ ու համահունչ է՝ ստեղծված իրավիճակին։ Բայց, ենթադրենք, թե Վարդանյանի՝ այդ բանակցություններին մասնակցություն Ադրբեջանի համար առաջացնի խնդիրներ։ Հետևաբար, այդ բանակցություններին գոնե մեկը պետք է մասնակցի, որը նույնպես Ռուբեն Վարդանյանի մոտ կառաջացնի վստահություն»,- ասաց նա։

Այս առումով, Խոսրով Հարությունյանը անդրադարձավ նաև Արայիկ Հարությունյանի՝ այդ բանակցությունների մասնակցությանը։ Տեսակետ հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային վստահության լուրջ պակաս կա։