copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:02 27-01-2022

Եվրոպական կենտրոնական բանկը բանկերին խնդրել է նախապատրաստվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն. FT

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) Ռուսաստանում մեծ ներկայություն ունեցող եվրոպական բանկերին նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման ռիսկի մասին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԵԿԲ-ն նաև բանկերից մանրամասն տեղեկություններ է խնդրել, թե նրանք ինչպես կգործեն հնարավոր պատժամիջոցների տարբեր սցենարների՝ մասնավորապես, Ռուսաստանին SWIFT միջազգային փոխանցումների համակարգից անջատելու դեպքում: Կարգավորողը ուսումնասիրում է տարբեր սցենարների ռիսկերը և կոչ է անում բանկերին ներկայացնել սեփական գնահատականները և չնախատեսված հանգամանքների դեպքում գործելու ծրագրերը, ասել են աղբյուրները:

Հարցումները ցույց են տվել, որ ԵԿԲ-ն ցանկանում է, որ եվրոպական բանկերը պահպանեն պատժամիջոցների ցանկացած ռեժիմը և ուզում է համոզված լինել, որ նրանք կարող են արագ ազատվել հաճախորդներից, որոնց հետ արգելված է գործ ունենալ, նշում է պարբերականը:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը ռիսկեր է պարունակում Ռուսաստանում զգալի ներկայություն ունեցող միջազգային բանկերի համար, նշում է FT-ն։ Դրանց թվում են ամերիկյան Citibank-ը, ֆրանսիական Société Générale-ը, ավստրիական Raiffeisen-ը և իտալական UniCredit-ը։