copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:42 27-01-2022

Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ազգային և պետական անվտանգության խնդիր է․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հայաստանը չունի նավթ ու գազ, չունի զարգացման այլընտրանք, քան մարդկային ռեսուրսների զարգացումն է: Այս միտքը պարբերաբար շրջանառվում է, խոսվում այն մասին, որ կրթական զարգացած համակարգը և արդյունքում կրթված քաղաքացին է լինելու Հայաստանի զարգացման հիմքում: Սրան զուգահեռ կան ոլորտներ, որոնք տարեցտարի զարգանում են, հաջողություններ գրանցում, օրինակ` բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որում կայուն դիրք է զբաղեցնում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»:

Պատահական չէ, որ ԱՏՁՄ-ի ռազմավարական ուղղություններից առաջինը կրթությունն ու աշխատուժն է, հետո արդեն ռազմարդյունաբերությունը, որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, դիրքավորումը և այլն: ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կոորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է: Միության կազմում ընդգրկված կազմակերպությունների թիվն անցած տարի հասել է 122-ի: Միայն նախորդ տարի 38 նոր կազմակերպություն դարձել է ԱՏՁՄ լիիրավ անդամ: 2020 թ.-ին միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվանից հետո գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց Րաֆֆի Քասարջյանը: Միության գործունեության այս փուլում Քասարջյանը լքում է տնօրենի պաշտոնը, սակայն հարազատ դարձած ընկերությունից չի հեռանալու՝ շարունակելով իր գործունեությունը խորհրդականի պաշտոնում: Քասարջյանին փոխարինելու է Հայկ Չոբանյանը:

Քասարջյանն ասում է՝ 2008 թ.-ին Հայաստան տեղափոխվելուց հետո միացել է ԱՏՁՄին իբրև վարչության անդամ: «Մեկ հստակ միտք էր պտտվում գլխումս՝ այն օրը, երբ հեռանամ կազմակերպությունից, պետք է այն ավելի լավ վիճակում թողնեմ, քան եղել է: Իմ գործընկերների հետ կարողացել ենք այդ կերպ աշխատել և շոշափելի ձեռքբերումներ ունենալ»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա: Ընդգծեց՝ միության տնօրենի փոփոխությունը նաև կատարված աշխատանքի մասին խոսելու լավ առիթ է: «Համաճարակի և հետպատերազմյան իրավիճակում 2021 թ.-ին բացվել է 56 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որոնցից 52-ը Հայաստանում և Արցախում, 4-ը՝ Ջավախքում:

Այսպիսով՝ նախորդ տարվա ավարտին ունեցել ենք 618 լաբորատորիա, որից 19-ը վերազինվել է: Սա մեր ապագայի կարևորագույն ներդրումներից է: Սովորող սաների թիվը հասնում է 16 հազարի, իսկ նախորդ տարի ունեցել ենք 1614 շրջանավարտ: «Արմաթի» սաների կողմից ստեղծվել և զարգացել են IT ոլորտի մի շարք ստարտափներ: Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է մեկ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց: Այս տարի նախատեսվում է բացել ևս 9-ը»,-տեղեկացրեց ԱՏՁՄ-ի արդեն նախկին տնօրենը: Այս ընթացքում կազմակերպվել են մի շարք մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ՝ «Դիջիկոդ», «Արմաթ տեխնոճամբար», Մեդիագրագիտության և անհատական տվյալների պաշտպանության թեմայով հաքաթոն, «Դիջիթեք» ցուցահանդես, «ԱրմՌոբոտիքս 2021» առաջնություն: «Գիտուժի», որի հիմնադիրներից մեկը նաև ԱՏՁՄ-ն է, և բոլորիս համատեղ ջանքերով 83 տոկոսով ավելացավ գիտության պետական ֆինանսավորումը 2022 թ.-ին և դրանից հետո»,-հավելեց Քասարջյանը:

Հայկ Չոբանյանը նշեց՝ իր վերադարձը բարձր տեխնոլոգիական ոլորտ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ անցած տարվա ապրիլի սկզբին ստանձնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: «Իմ կյանքի մեծ մասը անցկացրել եմ այս ոլորտում: Համարում եմ, որ առաջատար տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման և հաջողությունների արձանագրման առումով այլընտրանք չունի: Մեր երկիրը զարգացման գրեթե այլ օրակարգ չունի, քան բարձր տեխնոլոգիական ոլորտը: Այս պաշտոնը ստանձնում եմ մեծ պատասխանատվությամբ, մեր գործընկերների, նաև Կառավարության հետ համատեղ նախատեսում ենք իրականացնել տարաբնույթ ծրագրեր: Երկար տարիներ ԱՏՁՄ-ն կատարել է երկրի բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդի դերը»,-ասաց Չոբանյանը:

Նշեց, որ իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել 2020 թ.ից և պատերազմի արդյունքներից հետո: «Մեր ջանքերը, նվիրվածությունը, մեր երազանքները պետք է ավելի հավակնոտ լինեն, որովհետև արդեն գտնվում ենք այլ կարգավիճակում, առանց թռիչքի չենք կարող իրական հաջողություն արձանագրել մեր կյանքում: Մեր գործընկերների հետ միասին իրականացնելու ենք դա, և յուրաքանչյուր հաջորդ տարի ունենալու ենք ավելի հզոր ոլորտ և երկիր»,հավելեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը: Նա ևս համակարծիք է, որ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ-ի համար ազգային և պետական անվտանգության խնդիր է: «Մեր ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը ռազմարդյունաբերությունն է, որը մեր երկրի անվտանգության ապահովման հենասյունն է: Պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմարդյունաբերություն չունենալը: Չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաներին: Այստեղ մեծ ներուժ ունենք, չպետք է ընկրկենք որևէ դժվարության առաջ, որովհետև դրանք անընդհատ լինելու են: Պետք է մեր սեփական անվտանգային համակարգը ձևավորենք մեր ձեռքերով` և զենքով, և գիտելիքով»,-ասաց Չոբանյանը:

Միևնույն ժամանակ վերահաստատեց՝ մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր արձանագրած հաջողությունները, որ ունեցել ենք բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: «Այդտեղ ամենամեծ ներուժը կրթական համակարգում է, մեր ամենահավակնոտ ծրագրերը վերջին տարիներին եղել են հենց կրթության ոլորտում: «Արմաթը» մեր ամենախոշոր կրթական ենթակառուցվածքն է, բայց միակ կրթական ծրագիրը չէ, որ ԱՏՁՄ-ն ստեղծել, ներդրել և իրականացնում է: Այս առումով մեր նպատակն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում լինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա»,-եզրափակեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված