copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:12 26-01-2022

Գերմանիան զենքի փոխարեն Ուկրաինային սաղավարտներ կտրամադրի

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտարարել է, որ երկիրը 5000 ռազմական սաղավարտ կուղարկի Ուկրաինա: Այս մասին նա հայտարարել է Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նիստում։

Լամբրեխտը նշել է, որ Բեռլինը 5,3 միլիոն եվրո է հատկացրել ուկրաինական բանակի շարժական դաշտային հոսպիտալի համար։ Նա հավելել է, որ Գերմանիան նաև Ուկրաինայի համար ուսուցում կանցկացնի հիվանդանոցի կառուցման և շահագործման վերաբերյալ։ Նրա խոսքով, պետք է անել ամեն ինչ, որպեսզի լարվածությունը թուլանա, ուստի զենքի մատակարարումն այս պահին անօգուտ է։

Ավելի վաղ Գերմանիան Էստոնիային թույլ չէր տվել Ուկրաինային գերմանական արտադրության հրետանի մատակարարել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Գերմանիայի և Էստոնիայի իշխանությունների ներկայացուցիչներին։ Պարբերականի համաձայն՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և այլ դաշնակիցների, Գերմանիան որոշել է արգելել մահաբեր զենքի արտահանումն անմիջապես Ուկրաինա։

Գերմանական կառավարության անանուն ներկայացուցչի խոսքով՝ գերմանական զենքի ուղղակի մատակարարումները կամ երրորդ երկրների միջոցով դրանց արտահանումը հնարավոր է միայն Գերմանիայից հատուկ թույլտվություն ստանալուց հետո, որն այս դեպքում դեռ տրված չէ։