copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:59 26-01-2022

Վրաստանում արձանագրվել է վերջին 28 տարվա մահացության ռեկորդ

Վրաստանում 2021 թվականին մահացել է 59.638 մարդ, այդ թվում՝ 30.032 տղամարդ և 29.606 կին։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ազատության զարգացման ՀԿ-ն (IDFI)՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի նախնական տվյալներին։

Այդ տվյալների համաձայն՝ երկրում մահացության մակարդակը ռեկորդային է եղել 28 տարվա ընթացքում։ 2020 թվականի համեմատ մահացածների թիվն աճել է 9101-ով, իսկ 2019-ի համեմատ՝ 12.979-ով։

Ազգային վիճակագրական ծառայությունը («Գրուզստատ») հաղորդել է, որ իրենք դեռ մշակում են 2021 թվականի մահացության տվյալները և դրանք կհրապարակեն հունիսի վերջին։

«Գրուզստատ»-ի կայքում հրապարակվել է 1994-2020 թվականների վիճակագրությունը։ Այս տարիներին մահացության առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2010 թվականին՝ այդ ժամանակ մահացել է 51.066 մարդ։