copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:26 26-01-2022

ՏՏ ոլորտը սրընթաց զարգացում է ապրում, սակայն այստեղ առկա է մասնագետների պակաս

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատանքները շարունակում են ակտիվության աճ գրանցել։ Աշխատանքների ակտիվությունը չի նվազել նույնիսկ համաճարակով և պատերազմով պայմանավորված, իսկ 2021 թվականի ակտիվությունը ոլորտի համար բարձր էր ոչ միայն Հայաստանում։ Այն պայմանավորված է ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ընդգծելով, որ այս ցուցանիշը հանգեցնում է ոլորտում աշխատուժի պակասի։

Դավիթ Սահակյանի խոսքով՝ ոլորտում աշխատուժի պակասը պայմանավորված է մարդկային ռեսուրսների սահմանափակ լինելով և ինչ-որ չափով կրթական համակարգում առկա խնդիրներով։

Service Titan ընկերության տաղանդների ռազմավարության և հաղորդակցության մենեջեր Մանե Գևորգյանը կարծում է, որ մասնագետների պակասը պայմանավորված է կրթության ոլորտում առկա բացթողումներով։

«Կրթական համակարգը ոչ մի ձևով հարմարեցված չէ բիզնեսի պահանջներին։ Չկա որևէ դպրոց, որտեղ մարդիկ սովորելով կկարողանան մտնել ՏՏ ոլորտ։ Ընկերությունները փորձում են փոքր ծրագրերով մասնագետներ պատրաստել ու աշխատանքի վերցնել, բայց այդ դեպքում էլ գործընթացը շատ է երկարում, դա էլ մեզ համար խնդիր է դառնում»,- նշեց Գևորգյանը։

Վերջինս պատմեց, որ ընկերությունները բուհերին դիմել են՝ ՏՏ ոլորտի սեմինարներ անցկացնելու առաջարկով, սակայն դա ժամանակատար գործընթաց է ենթադրում, իսկ աշխատանքները համակարգող անձինք չկան։

«Չկա կոորդինացնող մարդ, որը կարող է կապող օղակ հանդիսանալ բիզնեսի ու մեր կրթական համակարգի մեջ։ Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր պատրաստ են դասավանդել բուհերում, գործնական գիտելիքներ տալ, բայց դեռ առաջարկներ չեն ստացել»,- ընդգծեց նա։

Գևորգյանը նշեց՝ ոլորտը չի դադարելու որակյալ մասնագետների պահանջարկ ունենալ, եթե նույնիսկ իր նշած կրթական բացը լրացվի։ Նա շեշտում է, որ միջազգային շատ ՏՏ ընկերություններ իրենց մասնաճյուղերն են բացում Հայաստանում, քանի որ տեսնում են Հայաստանի ներուժը ոլորտում։ Նա կարծում է՝ քանի դեռ կա այդ ներուժը, մասնագետների պահանջ ևս լինելու է։

«Ասում են, չէ՞, եթե ամբողջ Հայաստանում բոլորը ծրագրավորողներ լինեին, ծրագրավորողի պահանջ, միևնույն է, զգացվելու էր։ Ուզում եմ ասել, որ այն, իրոք, այդպես է։ Ինչքան լավ մասնագետ է լինում, այնքան արագ զարգանում է ոլորտը ու ինչքան արագ զարգանում է, այնքան ավելի մասնագետների պակաս է զգացվում։ Մենք զարգացման լավ մակարդակի վրա ենք, բայց մասնագետներ չկան։ Կարծում եմ, երբ լրացվի կրթական ոլորտի այդ փոքրիկ բացը, ինչ-որ չափով կդադարենք այս խնդրին բախվել»,- եզրափակեց Մանե Գևորգյանը։

ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը վստահեցրեց, որ ԿԳՄՍ նախարարության հետ աշխատում են կրթական ծրագիրը ժամանակակից կարիքների բավարարման ուղղությամբ, բայց այն չի կարող հասնել ՏՏ ոլորտի զարգացման ետևից։

«Այո՛, բուհերից ակնկալիքներ պետք է ունենանք, բայց պետք է նաև հասկանալ, որ բուհն ի վիճակի չէ իր կրթական ծրագրերն այնպես կազմակերպել, որ ամեն ՏՏ ընկերության կարիքին համապատասխան կադրեր տա։ Յուրաքանչյուր ընկերություն աշխատում է իր պլատֆորմով, իր տեխնոլոգիաներով և իր լեզուներով»,- նշեց նախարարի տեղակալը։

Դավիթ Սահակյանը վստահեցրեց, որ բուհը տալիս է տեսական այն գիտելիքների բազան, որն ընկերություններին հնարավորություն է ընձեռում, այդ գիտելիքների վրա հիմնվելով, որակյալ մասնագետներ ստանալ։ Նա շեշտեց, որ դա բնականոն, նորմալ գործընթաց է։

«Քննարկում էինք, թե ինչու հայ ծրագրավորողներն արտասահմանյան ծրագրավորողներից հաճախ ավելի բարձրակարգ են: Շատ հեշտ պատասխան կա։ Երբ արտասահմանյան ծրագրավորողների ընկերությունը ասում է, որ փոխում է աշխատանքային հարթակը, տեխնոլոգիան, իրենք գործից դուրս են գալիս, դժվարանում են համակերպվել նորին։ Իսկ, եթե նույն իրավիճակը մեզ մոտ է լինում, մեկ-երկու օրվա մեջ այստեղից տեղափոխվում են այնտեղ։ Մեր մասնագետները ճկուն են։ Դա բուհերի տված գիտելիքների շնորհիվ է»,- նշեց Սահակյանը։

DISQO Armenia ընկերության հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Տաթև Մկրտումյանը կարծում է, բուհերը ուսանողներին շուկային համապատասխան չեն որակավորում, միաժամանակ ընդգծում է, որ խնդիրը միայն բուհերինը չէ։

«Ներկա պահին մեզ մոտ ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանում է։ Եթե այլ երկրներում ոլորտը երկար տարիների ընթացքում է զարգացել, մարդիկ կարողացել են դրան զուգընթաց աճել, ապա մեր երկրում այն միանգամից թափ առավ, և այդ աճին հավասար շարժվել չհաջողվեց։ Հետևաբար, այնպես չէ, որ մասնագետների պակասը միայն բուհի խնդիրն է։ Մենք բոլորս միասին պետք է խնդրի լուծման համար քայլեր անենք»,- նշեց Մկրտումյանը։

Նա նաև ասաց, որ աշխատանքի ընդունելիս հաշվի են առնում ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև ոչ մասնագիտական։ Ճիշտ կլինի Հայաստանում ոչ մասնագիտական հմտությունները զարգացնելու դասընթացներ ևս վարվեն։

«Արագ սովորելու հատկությունը, ճկունությունը՝ ոչ մասնագիտական հմտությունները, բացակայում են Հայաստանում։ Մենք կարող ենք գտնել ոլորտի լավ մասնագետ, ով չի տիրապետում առաջին հայացքից անիմաստ թվացող այդ հմտություններին, բայց նա չկարողանա հարմարվել ընկերությանը»,- առանձնացրեց նա։

Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ իրենք ամեն բան անում են՝ կարգավորելու ոլորտում առկա խնդիրները։ Նա նշեց, որ իրականացվում են մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու բազմաթիվ ծրագրեր։ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի շրջանակում 8 կրթական կենտրոններում տեխնոլոգիական 16 ուղղություններով կազմակերպում են դասընթացներ, որին դիմել է 6957 անձ։

«Մեզ այլընտրանքային լուծումներ են պետք։ Պետք է նաև ապահովենք բիզնեսի մուտքը կրթական գործընթաց։ Այո, այստեղ բաց ունենք։ Բիզնեսի մուտքը բուհ պետք է ապահովենք ամբիոնով, լաբորատորիայի ծրագրերով, արտաժամյա սեմինարներով»,- շեշտեց Սահակյանը։

Որպեսզի ոլորտում մասնագետների քանակական խնդիր չունենանք, անհրաժեշտ է այն հանրահռչակել։ Նա ընդգծում է, որ պետք է լուսաբանվի բոլոր հաջողության պատմությունները, ներկայացվի այն մարդկանց անցած ուղին, ովքեր կրթություն ստանալով հաջողել են։

«Հայաստանն այսօրվա դրությամբ գլոբալ խաղացող է ՏՏ ոլորտում, բայց մենք դրանով չենք սահմանափակվում։ Կան ավելի մեծ հորիզոններ, որտեղ մենք դեռևս ասելիք ունենք։ Եվ ամբողջ հարցը կայանում է նրանում, որ մենք ունենք այդ ներուժը։ Խնդիրն այդ պոտենցիալը առևտրայնացնելու մեջ է, այստեղ մենք կրթական բաց ունենք։ Տեխնոլոգիական ֆակուլտետներում ձեռներեցության դասավանդում կամ դրան համապատասխան դասեր չկան»,- ընդգծեց Սահակյանը։

Դավիթ Սահակյանը վստահեցրեց, որ այդ բացը լրացնելու համար տեխնոլոգիական ֆակուլտետներում սեպտեմբերից կձեռնարկվեն համապատասխան քայլեր։ Նա նշեց, որ ձեռներեցության կամ դրան համապատասխան դասերը կնպաստեն ՏՏ ոլորտում երիտասարդների պոտենցիալը գլոբալ խնդիրների լուծմանը նպատակաուղղելուն։