Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:22 26-01-2022

Պետք է հստակ արձանագրել փոփոխությունը․«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է.

«Վարչապետի հերթական «ասուլիսը» առանձնապես նորություններ չէր պարունակում նախորդ՝ դեկտեմբերի 24-ի նմանատիպ միջոցառման հետ համեմատ։ Դա վերաբերում է թե՛ ձեւին եւ թե՛ բովանդակությանը։ Ձեւի տեսակետից «անհարմար» հարցերը կա՛մ շրջանցվում էին կա՛մ վերաձեւակերպվում։ Ի դեպ, անցած կիրակի «Առավոտը» հարց չէր ուղարկել, որովհետեւ նախորդ անգամ մեր հարցը չէր հնչեցվել: Իսկ այդ՝ անպատասխան մնացած հարցում մենք հիշեցնում էինք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի ընթացքում «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցում, Փաշինյանը հայտարարել էր, որ «100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը», եւ, հետաքրքրվում՝ ի՞նչ է փոխվել: «Ասուլիսի» անցկացման անհաջող ձեւը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ երկրի ղեկավարը պետք է ունենա մամուլի քարտուղար եւ նորմալ աշխատող լրատվական ծառայություն, որը նախօրոք, պաշտոնապես եւ ցանկալի է՝ աշխատանքային օրերի ընթացքում տեղեկացնի ԶԼՄ-ներին այդ ասուլիսի մասին:

Բովանդակության տեսակետից, ըստ էության, նորություն էին Արմեն Սարգսյանին հրաժարականի հետ կապված դատողությունները, որոնք հիմնականում տրամաբանական էին: Տրամաբանական չէին մի շարք այլ պնդումներ (վերծանում եմ դրանք՝ ազատելով հռետորաբանական պատմուճաններից) ։ 1.Բարձրաստիճան կուսակցականները գնում են բուհերի ղեկավարությունը վերահսկելու՝ բուհերի ապակուսակցականացումն ապահովելու համար։ 2. Ալիեւն ասում է, որ Երեւանն ադրբեջանական քաղաք է այն պատճառով, որ 1994 թվականից հետո Հայաստանում խոսում էին այն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է (տեսնես, ովքե՞ր էին Հայաստանի ղեկավարներից նման բաներ ասել): 3. Եթե ձեզ դուր չի գալիս, որ ՔՊ-ական պատգամավորը վիրավորում է լրագրողներին, ուրեմն դուք նրա խոսքերը ձեզ եք վերագրում եւ, հետեւաբար, հենց այն եք, ինչ պատգամավորն ասում է: Եվ այլն»:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։