Երևան +11°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:00 25-01-2022

ՀՀ տնտեսությունը նոկդաունից դուրս չի եկել

ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին հազար խոշոր հարկատուների կողմից 2021թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին կատարած հարկերն ու վճարումները և դրանց ընդհանուր գումարը։

Համաձայն հրապարակման՝ 2021թ․-ին հանրապետության հազար խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 1 տրիլիոն 206 մլրդ 861 մլն 661 հազար դրամ։ Սրանից 989 մլրդ 981 մլն-ը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից, 216 մլրդ 882 մլն-ը՝ մաքսավորների կողմից։ Հավաքագրվածից 125․ 866 մլն-ը եղել է շահութահարկ, 285․664 մլն-ը՝ եկամտային հարկ, 518․586 մլն-ը՝ ավելացված արժեքի հարկ և 98․55 մլն-ը՝ ակցիզային հարկ։ 178․187 մլն-ն էլ եղել են այլ հարկերն ու վճարները։

2021թ․-ին 10 առաջատար հարկատուները պետական բյուջե են վճարել 287 մլրդ 218 մլն դրամի հարկ ու տուրքեր, կամ ընդհանուր հավաքագրված գումարների 23․7%-ը։

2021թ․-ի հավաքագրումների մակարդակը, համեմատելով 2020թ․-ի հավաքագրումների հետ, նշենք, որ 2020թ․-ին հազար խոշոր հարկատուները վճարել էին 1 տրիլիոն 77 մլրդ 113 մլն դրամ։ Հարկայինի կողմից հավաքագրվել էր 878 մլրդ 638 մլն դրամ, մաքսային մարմինների կողմից՝ 198 մլրդ 475 մլն։

2020թ․-ին հավաքագրվել է 121․379 մլն դրամի շահութահարկ, 270․ 077 մլն եկամտահարկ, 445․ 494 մլն ԱԱՀ, 113․ 209 մլն ակցիզային հարկ և 126․ 953 մլն այլ հարկեր ու տուրքեր։

2020թ․-ին հանրապետության ամենախոշոր տասը հարկատուները պետական բյուջե են փոխանցել 284 մլրդ 68 մլն 600000 դրամ՝ ընդհանուր վճարած հարկերի ավելի քան 26%-ը։

Համաձայն պետեկամուտների կոմիտեի տվյալների՝ 2021թ․-ին պետական բյուջեի մուտքերն ընդամենը 129 մլրդ դրամով կամ 255-260 մլն դոլարով են գերազանցել 2020թ․-ի ցուցանիշը։ Այլ հավասար պայմաններում գուցեև դա բավականին մեծ աճ ընկալվեր, մինչդեռ 2020թ․-ին երկրի տնտեսությունը փաստացի փոքրիշատե նորմալ գործել է ընդամենը առաջին երեք ամիսներին։ Սկսած ապրիլ ամսվանից այն լոքդաունի մեջ էր՝ ընդհուպ մինչև սեպտեմբեր, որից հետո ճգնաժամն էլ ավելի խորացավ՝ պայմանավորված պատերազմական գործողություններով, ու շարունակվեց թերևս մինչև տարեվերջ։ Փաստացի տնտեսությունը տարվա ինն ամիսներին եղել է «նոկդաունի» մեջ, նորմալ չի գործել։ 2021թ․-ին երկրում տնտեսական գործունեությանը խոչընդոտող որևէ հանգամանք չի եղել, ավելին, «խաղաղության դարաշրջանի մեկնարկն է տրվել», ինչը տնտեսության զարգացման համար էլ ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծել։ Եվ այս ամենի ֆոնին, 2020թ․-ի համեմատությամբ, հավաքագրումների մակարդակն աճել է հազիվ 10-11%-ով։

Մյուս կողմից էլ, համաձայն երկրի վարչապետի, հունիսին կայացած ընտրություններից հետո ճգնաժամային երևույթներն իսպառ վերացել են։ Ու եթե եղածին ավելացնում ենք համաշխարհային շուկայում արձանագրված հումքի գների աճը, ներքին շուկայում արձանագրված գնաճը, դրամի արժեզրկումը, ապա վերջնարդյունքում ունենք մի պատկեր, երբ գրեթե իդեալական միջավայրում, խանգարող հանգամանքների բացակայության պայմաններում չենք կարողացել հաղթահարել տնտեսական ճգնաժամը։ Չենք մոռացել, որ տնտեսությունը կոորդինացնող էկոնոմիկայի նախարարը բազմիցս է հրապարակավ արտահայտվել երկնիշ տնտեսական աճ արձանագրելու մասին։ Շուտով կհրապարակվի նաև տնտեսական աճին վերաբերող ցուցանիշը, որը սկզբունքորեն արդեն պարզ է։ Բայց վճարած հարկերին վերաբերող հավաքագրումների աղետալի թվերն արդեն իսկ փաստում են, որ 2020թ․-ի խոր ճգնաժամը 2021թ․-ին չի հաղթահարվել։ ՀՀ-ի տնտեսությունը ճգնաժամից դուրս չի եկել։ Իսկ վարչապետի և մյուս պատասխանատուների ոգեշնչող հայտարարություններն, ըստ երևույթին, ընդամենը դրական տրամադրություններ ձևավորելու նպատակ են ունեցել։ Իհարկե, տեսականորեն չի բացառվում, որ տնտեսությունը մեծ վերելք այնուամենայնիվ ունեցել է, բայց եթե վիճակագրությամբ դա չի ֆիքսվում, ուրեմն կարելի է ենթադրել, որ վերջին տարում ահռելի չափերով զարգացել է ստվերային տնտեսությունը։ Ոչինչ բացառել պետք չէ։

Աշոտ Խաչատրյան