copy image url
Միտք 2 տարի առաջ - 17:49 24-01-2022

«Բեռլինյան դատարանի սինդրոմից» ընդհուպ բանակցային նախապայման

Հունվարի 14-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ Ռուբինյանի և Քըլըչի առաջին հանդիպումն, ըստ էության, ճանաչողական էր։ Թեպետ բազմաթիվ քաղաքագետներ այդպիսի որակավորումը տեղին չեն համարում՝ նշելով, որ բացառվում է 1,5 ժամ տևողությամբ ճանաչողական զրույց վարել, բայցևայնպես, նույն տրամաբանությամբ կարելի է պնդել նաև հակառակը։ Բացի այդ, հայկական և թուրքական կողմերը հանդիպումից հետո տարածել են մամուլի նույնական հաղորդագրություն, ինչը նշանակում է, որ հանդիպումն իսկապես անցել է դրական մթնոլորտում, իսկ հրապարակման ենթակա տեքստը մշակվել և համաձայնեցվել է նախապես։ Ըստ էության, որպես սառույցը կոտրելուն ուղղված քայլ Թուրքիան համաձայնել է փետրվարից չարտերային թռիչքներ սկսել Երևանի հետ, իսկ հայկական կողմը համաձայնել է չեղարկել թուրքական ապրանքների համար սահմանած, ապա երկարաձգած էմբարգոն։ Սակայն, որ առավել կարևոր է, բովանդակային առումով Ռուբինյան-Քըլըչ միջնորդավորված հանդիպման բովանդակային թեման եղել է ճանապարհային քարտեզի հստակեցումը։ Բայցևայնպես, հատկանշական է, որ մոսկովյան հանդիպումից առաջ թուրքական կողմը խոսել է նախապայմանների, իսկ ՀՀ արտգործնախարարությունը՝ նախապայմանների բացակայության մասին։ Այս առումով ամենևին պատահական չէին ինչպես Թալեաթ փաշայի հանձնաժողովի անդամների, այնպես էլ նախագահ Էրդողանի հայտարարությունները։ Ընդ որում, Էրդողանի խոսքերը լրացնում ու ամբողջական տեսքի էին բերում թալեաթականների պահանջները։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ «կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունն ու դրական հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ», ինչը ենթադրում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ Հայաստանը պետք է դրական հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի անքակտելի մաս։ Այս առումով չափազանց կարևոր նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ բանակցությունների նախօրեին հարցազրույցով հանդես եկավ նաև ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վ․ Հունանյանը՝ չտրվելով թուրքական զանգվածային մեդիայում տեղ գտած և նախապայմանների թեմայով պայմանավորված սադրանքներին։ Քաջ գիտակցելով, որ խորքային առումով Թուրքիան համակարծիք չէ հայկական դիրքորոշմանը, բայցևայնպես, Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի քարտուղարը նշեց, որ հայկական կողմի տպավորությամբ՝ «Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը»՝ հավելելով, որ «Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում»։ Սա կարևոր էր այն տեսանկյունից, որ քննարկման առարկա չդարձավ ու սուբյեկտայնություն ձեռք չբերեց Հայոց մեծ եղեռնի հարցում ծայրահեղ մերժողական վարքագիծ որդեգրած Հանձնաժողովը, որը հանդես է գալիս «Ցեղասպանություն չենք գործել, հայրենիք ենք պաշտպանել» (թուրքերեն՝ «Soykırım yapmadık, vatan savunduk!») կարգախոսով։

Ժխտողականների հայտարարությունը․ 14-րդ («Արդարություն» կուսակցություն), 15-րդ (Ժողովրդավարական կուսակցություն), 19-րդ («Հայրենիք» կուսակցություն) գումարման թուրքական մեջլիսի պատգամավոր, 20-րդ գումարման խորհրդարանի փոխնախագահ Հասան Քորքմազջանը Թուրքիայում հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրակարգի ամենագործուն քարոզիչներից է։ Վերջինս, լինելով Թալեաթ Փաշայի հանձնաժողովի նախագահ (թուրքերեն՝ «Talat Paşa Komitesi»), 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտությունից և տարածաշրջանի երկրների համար առաջ քաշված «3+3» հարթակի գաղափարից հետո ակտիվորեն հանդես է գալիս Հայաստանի կողմից՝ Անկարայի առաջ քաշած նախապայմանները կատարելու դիմաց երկկողմ հարաբերությունները կարգավորելու հռետորաբանությամբ։ Թալեաթ Փաշայի հանձնաժողովը, որը ստեղծվել է 2005 թվականին, այն է՝ Հայոց մեծ եղեռնի 90-րդ տարելիցին ընդառաջ, նպատակ ունի «կանխելու իմպերիալիստական սուտը՝ փաստաթղթերով պատասխանելով, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության պնդումներին»։ Հանձնաժողովի ստեղծման ակունքներում կանգնած է ինքնահռչակ և միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջին նախագահ Ռաուֆ Դենքթաշը, ով, հակառակ պատկառելի տարիքին, մասնակցել է Լոզանի և Բեռլինի ցույցերին՝ համոզված լինելով, որ Հայոց ցեղասպանության ժխտմամբ ու, առհասարակ, Հայկական հարցի փակմամբ հնարավոր է էական հաջողության հասնել թուրքական, այսպես կոչված, երկրորդ հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում։ Հատկանշական է, որ թեպետ Դենքթաշը մահացել է 2012-ին, սակայն կառույցը նույն ոգով շարունակել և ցայսօր շարունակում է հակահայկական ագիտացիան՝ հղում կատարելով հայկական ամորֆ պահանջատիրությանը։ Ըստ էության, իշխանություններին սերտաճած ու պետության լիակատար աջակցությունը վայելող ժխտողականների այս խմբակն Արցախյան 2-րդ պատերազմից հետո դարձել է Անկարայի կողմից առաջ քաշվող նախապայմաններից կենտրոնականի՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու բարձրախոսը։ Ընդ որում, դա արվում է մեծագույն ցինիզմով, քանի որ կառույցը կրում է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի ու պատասխանատուի՝ սադրազամ Մեհմեդ Թալեաթի անունը։ Հանձնաժողովը թուրքական իշխանությունների համար խորհրդատվության կարգով ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական 4 պայմանները․

1․ Հայաստանը պետք է անվերապահորեն կատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ստորագրած եռակողմ հրադադարով ստանձնած պարտավորությունները։

2․ Հայաստանը և Թուրքիան պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հայտարարեն, որ հայտարարեն, որ ապրելու են խաղաղության պայմաններում։

3․ Հայաստանը պետք է հրաժարվի «ցեղասպանության ստից», ինչպես սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» որոշմամբ։

4․ Պետք է վերջ տրվի երկու երկրների փոխադարձ թշնամանքին։ Այս համատեքստում Հայաստանի Շիրակի մարզում գտնվող Թալեաթ փաշայի արձանը, որը ստորացնում է ամբողջ թուրք ժողովրդին, անհապաղ պետք է հեռացնել։

Հատկանշական է, որ Քորքմազջանը պահանջում է միայն Շիրակի մարզում տեղադրված արձանի ապամոնտաժումը։ Վերջինս քաջատեղյակ է, որ Սողոմոն Թեհլերյանի արձանները տեղադրված են նաև Երևանում (Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց, 2003 թվական, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) և Արագածոտնի մարզում (Մաստարա գյուղի սահմանագլուխ, 1990 թվական), սակայն Մարալիկի հրապարակում տեղադրված արձանն (2015 թվական, քանդակագործ՝ Սամվել Պետրոսյան) անընդունելի է համարում, քանի որ Թեհլերյանը կանգնած է գրանիտե պատվանդանին՝ ոտքի տակ Թալեաթի գլուխը։ Բացի այդ, սա Թեհլերյանի միակ հուշարձանն է, որը մշտապես խնամվում է և վրեժխնդրության ու հիշողության խորհուրդ ունի։ Ավելին, սա հայ վրիժառուի միակ արձանն է, որի հիմքում դրվել են նաև գրական-մշակութային հոգևոր ժառանգության ու մտավորականության՝ պատմական արդարության վերականգնմանն ուղղված համատեղ ջանքերի խորհուրդը, քանի որ Թեհլերյանի աջ ձեռքին քանդակվել է այն ատրճանակը, որը նրան հանձնել էր հայ մեծանուն գրող, բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, մարդ, ով Բեռլինում բազմիցս հանդիպել է Թեհլերյանին, զննել ու համեմատել Թալեաթի լուսանկարները՝ էապես աջակցելով վրիժառուին ինչպես ոճրագործի բացահայտման ու սպանության կազմակերպման, այնպես էլ դատարանում արդարացնելու գործում։ Թեհլերյանի գործով ֆիասկոն թուրքերի մոտ առաջացրել է «բեռլինյան դատարանի սինդրոմ»․ այդ է պատճառը, որ իրավական ֆոբիաները թուրքական կողմը փորձում է հաղթահարել ՄԻԵԴ նախադեպային որոշմամբ՝ թմբկահարելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը։ Այլ կերպ ասած, Քորքմազջանը ոչ թե ցանկանում է արձանի կերպափոխում (այդ դեպքում կպահանջեր Թալեաթի գլխի հեռացումը), այլ ամբողջական ապամոնտաժում, քանի որ այդ կերպ հնարավոր է ապամոնտաժել նաև հայկական ինտելիգենցիայի ու իրավական պահանջատիրության կապը՝ խեղաթյուրելով պատմական հիշողությունն ու ցեղասպանություն վերապրած ազգի սերունդների ինքնության ավանդույթները։

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի»․ Իրավագիտության դոկտոր Դողու Փերինչեքին, «Հայրենիք» կուսակցությանն ու Թալեաթ փաշայի հանձնաժողովին ոչինչ այնքան չի գովազդել, որքան ՄԻԵԴ-ի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» աղմկահարույց գործը։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ Փերինչեքն իր հայրենիքում մինչ այդ անցել էր պետական հեղաշրջում կազմակերպելու համար մեղադրված «Էրգենեքոն» ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպության դատական գործով ու դատապարտվել ցմահ ազատազրկման։ Սակայն, հուրախություն շովինիստ քաղաքական գործչի, նա ոչ միայն մեկ տարի անց ազատ արձակվեց, այլև 2015-ին էլ հաջողության հասավ Ստրասբուրգում՝ Հայոց ցեղասպանության հերքումը մատուցելով որպես ազատ խոսքի իրավունք։ Բայց, որ առավել կարևոր է, Եվրադատարանի այս որոշումից հետո Թուրքիայի իրավա-քաղաքական բարձր շրջանակներում էապես խարխլվեց «բեռլինյան դատարանի սինդրոմը», քանի որ եթե մինչև վճռի հրապարակումը թուրքական կողմը Երևանի հետ խոսելիս Հայոց ցեղասպանության հարցում հիմնականում բարձրացնում էր երկկողմ պատմաբանների հանձնաժողով ձևավորելու հարցը, որպեսզի քննության առնեն 1-ին աշխարհամարտի տարիներին Փոքր Ասիայի արևելքում և հարավ-արևելքում տեղի ունեցած իրադարձությունները՝ այդպիսով նպատակ ունենալով կասկածի տակ վերցնել օսմանյան իշխանությունների կողմից հստակ ծրագրված արմենոցիդը, ապա 2015 թվականի հոկտեմբերից երևան եկավ նաև իրավական հենքով փաստարկված օրակարգը, ինչը ոչ միայն բարոյական հարված էր Հայաստանին և ճնշում գործադրելու միջոց, այլև իրավական գործիք՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հատկապես հրապարակային ժխտումը քրեականացնող օրինագծերի դեմ։ Ընդ որում, բարոյահոգեբանական տեսանկյունից վճռի հրապարակումը ոչ միայն ու ոչ այնքան ծանր էր այն տեսանկյունից, որ երկակի չափանիշների կիրառմամբ ՄԻԵԴ-ը խտրականություն էր դրսևորում հրեական Հոլոքոստի և Մեծ եղեռնի միջև, որքան այն փաստը, որ Մեծ պալատի որոշումը հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթացող հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին զուգընթաց։ Փերինչեքը, որ Հայոց մեծ եղեռնը որակել էր «միջազգային սուտ» ու մեղավոր ճանաչվել շվեյցարական դատարանի վճռով, որոշման բողոքարկումից հետո 10/7 ձայների հարաբերակցությամբ դարձյալ արդարացվեց, քանի որ, ըստ դատարանի, տեղի էր ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ Դատարանն արձանագրել էր, որ Փերինչեքի հայտարարությունները Հայոց ցեղասպանության իրավական բնութագրմանը չեն առնչվել, իսկ «ցեղասպանություն»-ը, որը հստակ սահմանված իրավական հասկացություն է, հեշտ ապացուցելի չէ։ Հատկանշական է, որ որոշման հրապարակումից հետո թուրքական իշխանությունները շտապեցին մանիպուլացնել և խեղաթյուրել փաստաթղթի ամբողջ բովանդակությունը՝ նշելով, թե Եվրադատարանը վերջ դրեց ցեղասպանության մեկդարյա կեղծիքին։ Այս համատեքստում, ամենևին զարմանալի չէ, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից առաջ որպես բարձրախոս հայտարարությամբ հանդես եկավ հենց Թալեաթ փաշայի հանձնաժողովը, որի կարկառուն անդամ է նաև Փերինչեքը։





Ձեզ գուցե հետաքրքրի