copy image url
Խոսք 2 տարի առաջ - 19:18 18-01-2022

Տարբեր հիմնախնդիրներում Ռուսաստանը և Թուրքիան մրցակիցներ են. քաղաքագետ

Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Պետրոսյանը զրուցել է ռուս-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և ՀՀ վարած դիվանագիտական քաղաքականության մասին։

Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է հասկացնել Ռուսաստանին, որ չի ընդունում Ղազախստանում կատարվածը, թեև Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որոնք կառուցում են բազմաբևեռ աշխարհ, մերժում են աշխարհի արևմտակենտրոն պատկերը՝ ճանաչելով միմյանց ազդեցության գոտիներն ու շահերը: Ռուսաստանի գործողությունները Ղազախստանում ցավոտ հարված էին Մեծ Թուրան կառուցող Թուրքիային: Հարցին՝ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, կարո՞ղ ենք ընդունել որպես Թուրքիայի պատասխան Ռուսաստանին, փորձագետն արձագանքեց, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները գործընկերային և մրցակցային են։

Արմեն Պետրոսյանի խոսքերով` սա պատմական իրողություն է։ «Ես չէի պնդի, թե Արցախում տեղի ունեցածը Թուրքիայի պատասխանն էր Ռուսաստանին, բայց, իհարկե, նշված իրողությունները հաշվի առնելով, կարող ենք նման գնահատական հնչեցնել։ Կարծում եմ, որ Թուրքիայի առաջարկած նախագծերն իրենց ներուժով և առաջադրված խնդիրներով ու նպատակներով առայժմ այնքան չէին հասունացել, կայացել, որ Թուրքիան ընդունակ լիներ այդպիսի միջամտություն ցուցաբերել»,- ասաց փորձագետը։

«Տարբեր տարածաշրջաններում, տարբեր հիմնախնդիրներում Ռուսաստանը և Թուրքիան մրցակիցներ են, խաղում են տարբեր դիրքերից, նրանց մրցակցության տիրույթում գտնվող որևէ հիմնախնդրի ակտիվացմանը, դերակատարներից որևէ մեկի դիրքերի բարելավմանը մյուսը փորձում է հակադարձել մեկ այլ հիմնախնդրի ուղղությամբ հստակ գործողություններով»,- ասաց փորձագետը։

Ըստ նրա` Ռուսաստանը Ղազախստանում տեղի ունեցող գործընթացներին միջամտեց ոչ թե ուղիղ ձևով, ինչը կթիրախավորեր Մոսկվային, հատկապես աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից, այլ իր իսկ նախաձեռնությամբ ձևավորված ՀԱՊԿ-ով, իսկ Թուրքիան առայժմ չունի նման կառույց, որը կկարողանար իրավական հիմնավորումներով, իրավական ընթացակարգով ապահովել Թուրքիայի ներխուժումը թուրքական աշխարհի անդամ որևէ երկիր։

«Չէր բացառվում, որ, եթե չլիներ Ռուսաստանի արագ արձագանքը, Ղազախստանում գործընթացները ծավալվեին քաղաքացիական պատերազմի տրամաբանությամբ: Նշեմ, որ Թուրքիան նման ձևաչափով վերջին շրջանում գործել է իր համար կարևորություն ներկայացնող գրեթե բոլոր հակամարտություններում. սիրիական հակամարտությունը վերածվեց քաղաքացիական պատերազմի թուրքական ռազմավարության արդյունքում»,- նշեց Պետրոսյանը։

Ըստ փորձագետի` Ռուսաստանին հաջողվեց Ղազախստանին դուրս բերել ինչպես թուրքական, այնպես էլ չինական ազդեցության տակից։ «Մեկ կարևոր իրողություն էլ կա, որ մենք պետք է հաշվի առնենք. ականատես ենք լինելու Ղազախստանի ներկայիս իշխանությունների կողմից ռուսական տիրապետությունից աստիճանաբար ազատվելու փորձերի, և չի բացառվում, որ այդ փորձերի արդյունքում դարձյալ նույն Ղազախստանը գնա դեպի թուրքական աշխարհը, քանի որ արդեն տեսնում ենք Թուրքիայի կողմից այս ուղղությամբ հավելյալ ակտիվացում, որը ղազախական կանխատեսվելիք քաղաքական ուղեգծի համար ստեղծելու է հնարավորություններ»,- նշեց Պետրոսյանը։

Փորձագետի կարծիքով` հենց այստեղ է, որ պետք է դիվանագիտական ճկունություն ցուցաբերել և թույլ չտալ, որ այն բոլոր քայլերը, որոնք Թուրքիան պարտավոր է անել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, փորձի վաճառել Հայաստանի վրա և դրա դիմաց պահանջի ոչ հավասարազոր գործողություններ։

«Թուրքիան աստիճանաբար փորձում է գործընթացից դուրս թողնել բոլոր այն խաղացողներին, որոնք փորձում են դերակատարում ունենալ այս գործընթացում։ Խոսքը Ռուսաստանի մասին է, որտեղ, ըստ էության, առաջին հանդիպումն է տեղի ունենալու։ Սա բնական է, որովհետեւ Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ Թուրքիան, պատերազմից հետո լիարժեք չվերադառնալով տարածաշրջան, փափուկ ուժի միջոցով փորձում է մտնել Հարավային Կովկաս` օգտագործելով Հայաստանի հնարավորությունները։ Տրամաբանական է, որ Թուրքիան աստիճանաբար ձգտելու է Ռուսաստանին դուրս թողնել այս գործընթացից։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ այս գործընթացի վրա վերահսկողություն ունենա արևմտյան որևէ դերակատար, որը դաշնակցային հարաբերություններ կունենա Թուրքիայի հետ և ազդեցություն։ Այս համատեքստում ամենապատեհ դերակատարն ԱՄՆ-ն է»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

12:48 Տարիքով մարդուն տվել են պոլին․ լարված իրավիճակ Աբովյան փողոցում
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ

Ձեզ գուցե հետաքրքրի