Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:03 14-01-2022

Լեզվի կոմիտեին բարկացրել են օգտատերերի մեկնաբանությունները՝ կապված «արդուկիչի» հետ

Լեզվի կոմիտեին զայրացրել են ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանությունները՝ կապված «արդուկիչ» բառի հետ, որը լեզվի կոմիտեն էր հրապարակել։ Ըստ կոմիտեի՝ արդուկիչ է կոչվում արդուկելը որպես աշխատանք անող մարդը։

Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում այս բառը իսկական իրարանցում է առաջացրել, վերջիններս հումորային գրառումներ են արել, ինչն էլ զայրացրել է Լեզվի կոմիտեին․

«Հարգելի՛ հետևորդներ, Լեզվի կոմիտեն գնահատում է, որ ուշադիր եք կատարվող աշխատանքի նկատմամբ, գրում եք գովասանքի խոսքեր, քաջալերում, քննադատում, վերլուծում մեր գրառումները ու նոր մտքեր եք տալիս։ Սակայն պիտի խնդրենք, որ կարծիք (հատկապես քննադատական) գրելուց առաջ ճշտեք ձեր տեսակետը բառարաններով, լեզվաբանական գրքերով, դասագրքերով, հետո՛ միայն գրեք։ Այդպես դուք կիմանաք՝ ճի՞շտ էիք արդյոք, թե՞ ոչ, և, բնականաբար, ոչ գրագետ մեկնաբանությունները գուցե կրճատվեն։ Մյուս ընթերցողներին էլ չեք մոլորեցնի։ Մենք հասկանում ենք, որ շատերդ սրտացավ եք, ուզում եք նպաստել հայերենի առաջմղմանը, սակայն հայերեն խոսելը չի նշանակում, որ լեզվի մասին ամեն ինչ գիտեք և կարող եք արտահայտել ոչ հիմնավոր, չճշտված տեսակետ։

Մենք շրջանառում ենք հայերեն նորակազմ բառեր, նաև հազվադեպ՝ քիչ գործածվող բառեր, բառարաններում վաղուց գրանցված, բայց առժամանակ «նիրհած» և ուրիշ այլ բառեր։ Տարածում ենք հայերեն բառերը՝ հույս ունենալով, որ կաշխուժանա դրանց գործածությունը, կամ օգտակար քննարկում կսկսվի։ Միաժամանակ հասկանում ենք, որ լեզվակիրները կարող են այս կամ այն բառը «գրկաբաց» չընդունել։ Բայց պետք չէ անհիմն մեղադրանքներ ուղղել, թե բառը վատն է, չգործածվող. միգուցե ձեզ այն դուր չի գալիս, այնինչ մյուսը սիրով գործածում է այդ բառը։ Բառերի աշխարհում այնքա՜ն գույներ ու երանգներ կան։

Եվ, վերջապես, չենք բացառում, որ մենք կարող ենք անհաջող ընտրություն կատարել։ Որևէ բառի շուրջ վիրավորական կամ հեգնական խոսքերով տևական (և անզուսպ) մրցավազք սկսելն առնվազն տարօրինակ է։ Հորդորում ենք խուսափել այդ անպատվաբեր վարքագծից։ Ակնկալում ենք բարեկիրթ պահվածք և հիմնավորված մեկնաբանություններ կամ հարցեր»,- գրել է Լեզվի կոմիտեն։

Ստորև ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն՝ կապված «արդուկիչ» բառի հետ։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան․ « Գլխարդուկիչ․ գլուխ արդուկող պաշտոնատար անձ»։

«Նյուզպրես» կայքի հիմնադիր Արիանա Հովսեփյանը գրել էր «Գործը թողած, գործ անողի տպավորություն թողնելու համար, իզուր ջուր եք ծեծում․ Դուք էս ինչ պարապ եք․ Լեզվի կոմիտեում որոշել են՝ ոչ թե արդուկող, այլ արդուկիչ»։

Արեն Ապիկյանը գրել է․ «Արդուկի տղա՝ Արդուկիչ»։

Թագուհի Ղազարյան․ «Լեզվի տեսչությանը կից գործող կարի արտադրամասին անհրաժեշտ է արդուկիչ-վառիչ-կործանիչ»։

Քնարիկ Հովհաննիսյան․ «Ապահովագրության գործակալն էլ, նույն տրամաբանությամբ, ապահովիչ է»։

Սոնա Ղազարյան․ «Իսկ ձեր նման դեբիլ բառեր հորինողներին ի՞նչ են ասում, «բլթուցիչ», «ապուշիչ», «տուֆտիչ», թե՞ ինչ-իչ»։