Քրիստոսի արձան դնելը կաթոլիկ եկեղեցու ավանդություն  է և մեր ավանդությանը հարիր չէ․ Միքայել սրբազան
14:57 14.01.2022

Քրիստոսի արձան դնելը կաթոլիկ եկեղեցու ավանդություն է և մեր ավանդությանը հարիր չէ․ Միքայել սրբազան



ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և նրա ընտանիքը նախաձեռնությամբ են հանդես եկել։ Ծառուկյանը հայտնել է, որ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար.

«Հետևել Տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը...

Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:

Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- գրել է Ծառուկյանը։

Նրա հրապարակած տեսանյութում ասվում է, որ քանդակի և պատվանդանի բարձրությունը կարող է հասնել մոտ 100 մետրի։ Oragir.news-ը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրեց, թե, որպես հոգևորական, ինչպե՞ս է վերաբերվում Ծառուկյանի այս նախաձեռնությանը․

«Ինքը դա պետք է համաձայնեցներ Մայր Աթոռի հետ կամ տեղի առաջնորդի հետ, ես ո՛չ Մայր Աթոռն եմ, ոչ էլ տեղի առաջնորդն եմ, դրա համար ասելիք չունեմ։ Ըդհանրապես հայ եկեղեցին արձանաշինությունը չի խրախուսել և չի խրախուսում, առավել ևս կրոնական թեմայով։ Դա սխալի և ճշտի հարց չէ, այլ ուղղակի ավադության հարց է։ Հայ եկեղեցին չունի արձանների ավանդություն, դա կաթոլիկ եկեղեցու ավանդույթ է, Քրիստոսի կամ Աստվածամոր արձաններ դնելը կաթոլիկ ավադություն է և մեր ավանդությանը հարիր չէ։ Ես այդ կտրվածքով եմ հարցին նայում, իսկ մնացածը, իհարկե, բնական է, որ եթե բարեգործություն է արվում, լավ է, որ նպատակային արվի և օգուտ տա։ Դուք Քրիստոսի արձան որտե՞ղ եք տեսել, Ռիո դե Ժանեյրոյինը հայտնի է, ուրիշ տեղեր էլ կան, դա կաթոլիկ ավանդություն է, Ռիո դե Ժանեյրոն կաթոլիկ քաղաք է, Բրազիլիան կաթոլիկ երկիր է, կաթոլիկ երկրների համար դա սովորական բան է, բայց մենք կաթոլիկ երկիր չենք»,- ասաց Միքայել սրբազանը։

Կորյուն Սիմոնյան

Ձեզ նաեվ կհետաքրքրի