Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:40 13-01-2022

«Զգում էի, որ ինքս էլ սկսում էի բոզանալ»․ վարչապետի գրքից մեջբերումը՝ վիրավորանք

«Զգում էի, որ ինքս էլ սկսում էի բոզանալ»․ Փաշինյանի այս արտահայտության համար կասկածվում է Արմինե Ադիբեկյանը։

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը ամիսներ առաջ հրապարակում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ որտեղ ՔՊ վարչության անդամներն էին ու նկարի վերևի հատվածում գրել էր՝ «բոզացածներով»։

Օրեր առաջ իշխանության ներկայացուցիչներին այդ որակավորման համար ծանր վիրավորանքի հոդվածով, կասկածյալի կարգավիճակով, Արմինե Ադիբեկյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, որտեղ ցուցմունք չի տվել:

Կասկածյալի կարգավիճակ ձեռք բերած Արմինե Ադիբեկյանը պատասխանելով Oragir.news-ի այն հարցին, թե շարունակելո՞ւ է իր ֆեյսբուքյան գրառումներում մեջբերել Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Նիկոլ Փաշինյանի որոշակի դիպուկ որակումներ, իհարկե, շարունակելու եմ կիրառել նրա համախոհների եւ թիմակիցների նկատմամբ: Եթե նրանք ունեն ինչ-որ բան ասելու կամ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա թող առաջինը պատասխանատվության հրավիրեն Նիկոլ Փաշինյանին: Եվ մենք բոլորս, վստահ եմ, պատրաստ ենք կիսել Նիկոլ Փաշինյանի այդ մեղավորության բեռը։ Համբերություն եմ մաղթում իրանց»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով այժմ Արմինե Ադիբեկյանի փաստաբանն է, Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Ադիբեկյանն ընդամենը իր էջում ՔՊ կուսակցության վարչության անդամների նկարն է հրապարակել, վերևում գրառում է արել Նիկոլ Փաշինյանի գրքից՝ նշելով, որ «բոզացածներով են»։

«Ճիշտ է, հասկանալի է՝ դա ինչ բառ է, բայց այդ քերականական ձևով ես ինքս առաջին անգամ եմ տեսնում։ Ես, անկեղծ ասած, չէի կարդացել դա, ու շատ հետաքրքրիր ու տարօրինակ իրավիճակ է, անգամ ես էլ չլինեմ, ով ուզում է լինի, հեշտությամբ կարող է պաշտպանել տիկին Ադիբեկյանին։ Սա չգիտեմ, առհասարակ տիկին Ադիբեկյանի մասո՞վ է, թե՞ իշխանության ներկայացուցիչների դեմ բողոքող մարդկանց կոշտ ձևով լռեցնելու և դատարաններում քարշ տալու միջոց։ Սա իրավաչափ գործընթաց չէ, ու դրա հիմքը, առհասարակ, իրավաչափ չէ։ Երեկ մեզ հրավիրեցին Քննչական մարմին և քննիչը կիրառեց ստորագրությունով չհեռանալաու խափանման միջոց, որը նշանակում է, որ տիկին Ադիբեկյանը կասկածյալի կարգավիճակ ունի և միևնույն ժամանակ մեզ հինգ օր հետո, բնականաբար, մեղադրանք է առաջադրվելու և տիկին Ադիբեկյանը կասկածյալից սահուն ձևով կվերածվի մեղադրյալի։

Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ այս գործը կուղարկվի դատարան, և այնտեղ մեր շատ հետաքրքիր փաստարկները կներկայացնենք հանրությանը և դատարանին։ Այս ամենը կատարվել է Քրիստինե Գրիգորյանի ձեռամբ, նա է ներկայացրել այս օրենքը Աժ-ում և հիմա այդ մարդը հավակնում է ՄԻՊ պաշտոնին։ Նորմալ պայմաններում սա կլիներ ուղղակի զավեշտալի, իսկ ՀՀ-ի նման անտրամաբանական իրավական համակարգ ունեցող երկրում սա նորմալ է»,- նշեց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ՆԻկոլ Փաշինյանը իր գրքում գրել էր․ «Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին, բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում էի բոզանալ, և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի»։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք