Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով ավելացնում է բոլոր սահմանամերձ համայնքների ֆինանսավորումը
12:42 13.01.2022

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով ավելացնում է բոլոր սահմանամերձ համայնքների ֆինանսավորումը



ՀՀ կառավարությունը հունվարի 13-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրերն ավելի արդյունավետ դարձնելու համար ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են արվում: Այս տարի առանձնացվել է մոտ 10 փոփոխություն՝ նպատակ ունենալով ավելի բարելավել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը:

«Նախորդ տարիներին սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքները նշվում էին մեկ տողում: Հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել, որպեսզի կառավարության կողմից տրվող աջակցության չափն այդ ուղղությամբ ավելի մեծացվի: Նշեմ, որ փոփոխությունը վերաբերում է բոլոր սահմանամերձ համայնքներին»,-ասաց նախարարը:

Մյուս փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին: Հաշվի առնելով համայնքներում մանկապարտեզների կառուցման գործին նոր թափ հաղորդելու մտադրությունը՝ առաջարկվում է մեծացնել կառավարության աջակցությունը: Աջակցության նվազագույն շեմը սահմանվում է 70 տոկոս՝ անկախ մայրաքաղաքից բնակավայրի հեռավորությունից: Սահմանամերձ ու բարձր լեռնային շրջաններում մինչև 80 տոկոս կառավարության մասնակցություն է նախատեսվում:

Նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերի աջակցման գործում նոր ուղղություն է ավելացվում:

«Համայնքներում բացակայում է գերարագ ինտերնետը, ուզում ենք մտցնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն՝ այսպիսով առաջարկելով, որ կառավարությունը համայնքների հետ մասնակցություն ունենա այս ծրագրի իրականացմանը»,-ասաց նախարարը:

Այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ կարևոր է եռակողմ աշխատանքը: Դաշտում հետաքրքրված ընկերություններ նույնպես կարող են մասնակից դառնալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ ճանապարհների կառուցման գործընթացում որպես կարևոր բաղադրիչ պետք է հաշվի առնվի մալուխների ենթակառուցվածքը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ապաստարանների վերանորոգմանն ու կառուցմանը: Նախարարը նշեց, որ համայնքներին հնարավորություն կտրվի կառավարության աջակցությամբ իրականացնել այդ ծրագրերը:

«Մյուս կողմից կառավարությունը կմեծացնի իր մասնաբաժինն այն ծրագրերում, որոնց համար համայնքներն ամենաշատն են դիմում: Խոսքն ասֆալտապատման, ջրագծերի կառուցման մասին է»,-հավելեց նախարարը:

Գնել Սանոսյանը նկատեց, որ տարբեր գործառույթներով տարբեր մարմիններ աշխատանքներն ընդունելու որոշակի ընթացակարգ ունեն: Նախատեսվում է ծրագրերի ավարտից մեկ տարի հետո մշտադիտարկել դրանք, խնդիրների դեպքում համապատասխան որոշումներ ընդունելու համար:

Կարևորելով փոփոխությունները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ առաջիկա 5 տարում մտադիր են կառուցել 500 մանկապարտեզ: Սուբվենցիոն ծրագրերի հետ կապված փոփոխությունները հենց այդ նպատակի իրականացմանն են ուղղված:

«Այս փոփոխությունների առիթը մեր ծրագիրն է: Հանրապետությունում առաջիկա հինգ տարում 500 մանկապարտեզ ենք կառուցելու: Մենք փոփոխություն ենք իրականացնում, որ մանկապարտեզների ծրագրերում կառավարությունը համաֆինանսավորի 70-80 տոկոս: Նշենք նաև, որ շահագործումից հետո համայնքն ինքը պետք է հոգա մանկապարտեզի ծախսերը: Հաջորդ փոփոխությունը դեպի արոտներ տանող ճանապարհներին է վերաբերում: Այստեղ նույնպես բարելավումների կարիք կա: Արոտավայրերի 80 տոկոսը չի օգտագործվում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է: Այժմ մենք խրախուսում ենք, որ ճանապարհային ցանց ձևավորվի և ներդրումային հետաքրքրություն առաջանա»,-հավելեց վարչապետը՝ կարևորելով նաև մոնիտորինգի բաղադրիչը:

Ձեզ նաեվ կհետաքրքրի