copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:45 30-11-2021

«Վիժված» Բիսմարկից մինչև «դատվող» ուսուցիչ, կամ «կլյաուզնիկության» հաղթարշավը

2018-ին «թավշյա» հեղափոխությամբ իշխանության եկած խմբակը մարդանց վարժեցրեց, որ անգամ նսեմ նպատակների համար արդարացված են բոլոր միջոցները: Այս վարչախումբն այլասերեց դպրոցն ու դպրոցականներին, անչափահաս աշակերտներին մարդու իրավունքների փաթեթավորմամբ սովորեցրեց լինել անդաստիարակ, բղավել մանկավարժների վրա, պահանջել դպրոցի տնօրենի հրաժարականը, դասադուլներ անել ու «Սերժ մերժել», մինչդեռ աշակերտի հիմնական գործը պետք է լիներ սովորելը, կարդալն ու ինքնակրթվելը:

Անչափահաս աշակերտները ճաշակեցին մինչ այդ արգելված «պտուղները», և անսանձ քաոսի «համը» նրանց դուր եկավ, քանի որ հնարավորություն ստացան ի դերև հանելու ընտանիքների կողմից տարիներով զսպած իրենց սովորություններն ու բնավորության ոչ ցուցադրելի գծերը:

Իսկ այն, ինչ վերջերս կատարվեց Գայի անվան դպրոցի պատմության ուսուցչի հետ, լրիվ տեղավորվում է այս համատեքստում. Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 7-րդ դասարանի պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի վերաբերյալ բռնություն կոչեր հնչեցնելու համար:

Մեղադրվող ուսուցիչը գիտությունների թեկնածու է, դոցենտ, դասախոս, 44-օրյա պատերազմի մասնակից, իսկ իշխանությունների պատճառով հանձնված Հադրութը նրա մոր ծննդավայրն է:

Քանի որ այս իշխանությունների օրոք «գործ տալը» օրենսդրական նախաձեռնության տեսք է ընդունում, հարազատի, ընկերոջ, ծանոթի «ոտքի տակ» փորելը դառնում է ընկալելի, թիկունքից հարվածելը՝ հաճելի, տրամաբանական է, որ աշակերտն էլ պետք է մեծերի օրինակով թաքուն ձայնագրի ափերից դուրս եկած ուսուցչին, ու ձայնագրությամբ ընտանիքի միջոցով «գործ սարքվի»: Ստալինի փառավորված ուրվականը վաղուց թևածում է հայոց երկնակամարում:

Այժմ «դատվող» ուսուցիչը կորցրել է 3 աշխատանքները, գործընկերները նրան սատար չեն կանգնում: Լավ է, որ վաստակաշատ ուսուցիչ Գյուլնարա Ալեքսանյանը համարձակվել է պաշտպանել պատմության ուսուցչին՝ հիշեցնելով, որ անգամ խորհրդային տարիներին մանկավարժներն այսքան կաշկանդված չեն եղել, որքան այս վարչախմբի օրոք:

Նա հիշել է նաև Բիսմարկին, որ Ֆրանս-պրուսական պատերազմի ավարտից հետո պատվո ճաշի ժամանակ առաջին բաժակը բարձրացրել է գերմանացի զինվորին դաստիարակած գերմանացի ուսուցչի համար:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանն իր ինտելեկտուալ և կառավարչական հմտություններով անգամ չի հավակնում Բիսմարկի ծաղրանկարը լինել, թեև նրա կուսակիցները կոչ էին անում «չշշկռվել»՝ իբր գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլն է, որը ոչ միայն պարտվեց պատերազմում, զրոյացրեց մեր տասնամյակների հաղթանակները, այլև իր ԿԳ և ԿԳՄՍ նախարարների միջոցով ստորացրեց ուսուցիչներին: Վերջերս էլ հայտարարվեց, թե ուսուցիչների գրոշաչափ աշխատավարձը համարժեք է նրանց աշխատանքին: Ու վիճակն էլ ավելի է ծանրանալու, քանի դեռ ունենք վիժված «Բիսմարկ», ցավը զգացմունքայնորեն բարձրաձայնելու համար «դատվող» մանկավարժ, հարմարվող մասնագիտական հանրույթ, իսկ «կլյաուզնիկությունն» իբրև ուղիղ ճանապարհ է համարվում:

Արեգ Արևյան