Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:12 30-11-2021

Հայաստանի ազատ անկումը․ ո՛չ կրթություն ունենք, ո՛չ մեղք

Շատերին կարող է թվալ, որ մեր անկայուն երկրում հնարավոր չէ կայուն որևէ բան գտնել։ Բայց դա սխալ կարծիք է։ Մեր երկիրն ունի կայունության իր խորհրդանիշը։ Դա համատարած դեգրադացիան է։

Երբ հարցնում եք, թե ի՞նչն է պատճառը, փորձում եք գտնել բազմաթիվ պատճառաբանություններ, պատասխաններ, տերմինախեղդ արած վերլուծություններ ոչնչի մասին։ Ու այդ ամբողջ շիլափլավի մեջ միշտ կորչում է հիմնական պատճառը։ Մեր դեգրադիացիայի հիմնական պատճառը կրթության որակն է։ Եթե մնացած ոլորտներում տարբեր տարիներին ունեցել ենք տարատեսակ վայրիվերումներ, ապա կրթության կորը շատ կայուն ու հաստատուն քայլերով միայն անկում է ապրում։

Այս անկումը կոծկելու համար հաճախ հղում ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի տվյալներին, համաձայն որի՝ Հայաստանում գրագիտության մակարդակը կազմում է 99 տոկոս։ Սակայն նույն այդ հետազոտությունը շատ ավելի ծավալուն է, քան այս գայթակղիչ թիվը, ու երբ խորանում ենք բուն հետազոտության մեջ, պատկերն այնքան էլ հուսադրող չէ։

Ըստ այդ հետազոտության՝ ցուցանիշի ամենամեծ աճը գրանցվել է 1932-1940 թթ.՝ ութ տարվա ընթացքում 17%-ից հասնելով 84%-ի։ Դա ԽՍՀՄ՝ թռիչքի պատրաստվող տարիներն էին։Հետազոտության մեջ մի հետաքրքիր տվյալ էլ կա։

Բայց նախ ի՞նչ ենք հասկանում՝ գրագիտություն ասելով։ Թեև այդ հասկացությունն օգտագործում ենք տարբեր կոնտեքստներում, սակայն երբ փորձում ենք տալ այդ տերմինի սահմանումը, բոլորի մոտ գրեթե նույն պատասխանն է՝ տառաճանաչություն։ Իրականում կա գրագիտության երկու տեսակ՝ ընդհանուր գրագիտություն և ֆունկցիոնալ գրագիտություն։

Հիմա եկեք հասկանանք, թե ի՞նչ նկատի ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս երկու տերմինների պարագայում։ Ի դեպ, չափանիշները սահմանվել են դեռ 1978 թվականին.

- մարդն անգրագետ է, եթե չի կարողանում հասկանալ, կարդալ և գրել կարճ պարզ դատողություն իր առօրյա կյանքի մասին,
- մարդը ֆունկցիոնալ առումով անգրագետ է, եթե չի կարողանում մասնակից լինել բոլոր այն
գործողություններին, որոնք իր խմբի կամ համայնքի արդյունավետ գործունեության համար գրագիտություն են պահանջում, և որոնք նրան հնարավորություն կտային կարդալու, գրելու և հաշվելու հմտություններն
օգտագործել հանուն իր և համայնքի զարգացման:

Եթե հավատանք պաշտոնական թվերին , ապա ընդհանուր գրագիտության մակարդակը Հայաստանում 99 տոկոս է։
Պատկերն ավելի քան հուսադրող է ու առանձնապես անհանգստանալու կարիք չկա։ Սակայն երբ փորձում ենք գտնել ֆունկցիոնալ գրագիտության վերաբերյալ գեթ մեկ պաշտոնական տվյալ, գտնում ենք միայն մեկ բան՝ ոչինչ։

Հայաստանում այս ցուցանիշը վերլուծելու համար երբեք ոչ մի հետազոտություն չի արվել, համենայն դեպս, հրապարակված տվյալ չկա, ու հիմնավոր կասկած է առաջանում, որ ԿԳՄՍՆ գաղափար էլ չունի այս երևույթի մասին։ Ստիպված ենք դիմել արտասահմանյան հետազոտություններին։

Ըստ տարբեր հաշվարկների ու հետազոտությունների՝ վերջին 18 տարիների ընթացքում Հայաստանում սովորողների
առնվազն 20 %-ը կամ ընդհանրապես չի համապատասխանել, կամ էլ դժվարությամբ է համապատասխանել ֆունկցիոնալ գրագիտության պահանջներին։ Այս մարդիկ բոլորն արդեն չափահաս են ու ըստ էության որևէ մասնակցություն չեն ունենում իրենց շրջապատի ու համայնքի զարգացման կամ ընդհանրապես որևէ գործընթացի։ Սրանից կարելի է ենթադրել, որ Հայաստանում ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակն ամենաքիչը 20 % է։ Ու սա այն դեպքում, երբ տվյալները ստացվել են մոտավոր ու կցկտուր ինչ-որ տվյալներ իրար համադրելու արդյունքում։ Ամբողջական հետազոտության դեպքում պատկերն ավելի աղետալի կլինի։

Իսկ որպես «вишенька на торт» կարող ենք բերել ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման
կազմակերպության) Համընդհանուր հիմնական հմտությունների զեկույցը
։ Համաձայն այդ զեկույցի՝ Հայաստանում
կրթություն ստացած (բարձրագույն ու միջին մասնագիտական) անձանց մոտ 45% -ը այդպես էլ ձեռք չի բերել իր
մասնագիտության համար անհրաժեշտ հմտությունները։ Սա 2015-ի դրությամբ։ Ավելի թարմ տվյալ դեռևս չի հրապարակվել։

Սակայն այնպես չէ, որ պատկերն ավելի դրական տեղաշարժ ունի։ Դա կարելի է ենթադրել նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ելույթից։

Այս տարվա հունիսի 5-ին՝ իր հանդիպումներից մեկի ժամանակ Փաշինյանը, խոսել էր, որ կրթության ու գրագիտության մակարդակը աղետալի վիճակում է․ «Մեր մեծագույն պարտությունը երրորդ հանրապետության պատմության մեջ, այն է, որ 2018-ի դրությամբ Հայաստանի մինչև 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է եղել, հասկանո՞ւմ եք՝ կարդալ չգիտի մեր 10 տարեկան երեխաների 30 տոկոսը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Դրան նաև հավելել էր, որ եթե այս խնդիրը լուծենք, ապա երկրի ՀՆԱ-ն կբարձրանա 293 տոկոսով։ Այս տվյալները, սակայն, ոչ թե իր կառավարության հետազոտության տվյալներն էին, այլ նախկինում արված հետազոտություններից վերցրած տվյալ ու եզրակացություն։ Խոսքը ՏՀԶԿ Համընդհանուր հիմնական հմտությունների 2015 թվականի զեկույցի մասին է։ Թե ինչպես էր 2015 թվականը Փաշինյանի մոտ դարձել 2018, մնում է անհասկանալի։

Սակայն ֆունկցիոնալ անգրագիտությամբ մեր խնդիրները չեն ավարտվում։ 2003 թվականից Հայաստանը մասնակցում է մաթեմատիկայի ու բնագիտական առարկաների միջազգային միտումների հետազոտության ծրագրին՝ TIMSS։ Գնահատումը կատարվում է 4 տարին մեկ։ EVNreport-ի վերլուծության համաձայն՝ 2003-2015 թթ. Հայաստանում աշակերտների 16-28%-ը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի TIMSS միջազգային գնահատման ստորին շեմը: Այսինքն՝ աշակերտները տարրական գիտելիքներ չունեն ամբողջ թվերի ու տասնորդական կոտորակների մասին և չեն կարողանում թվաբանական պարզագույն գործողություններ կատարել: Բայց սա չէ ամենասարսափելին, այլ այն, որ 8-11%-ն այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել գնահատել նրանց (մաթեմատիկայի բնագավառում 2003 , 2011, 2015 թթ. TIMSS գնահատումները):

Գրեթե նույն պատկերն է նաև բնագիտական առարկաների դեպքում․ Հայաստանում աշակերտների 24-42%-ը տոկոսը չի հաղթահարել բնագիտության TIMSS միջազգային գնահատման ստորին շեմը: Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառում հիմնարար գիտելիքների բացակայության մասին (բնագիտության բնագավառում 2003 , 2011, 2015 թթ. TIMSS գնահատումները):

Այստեղից էլ բացատրությունն այն երևույթի, թե ինչու են մարդիկ այդքան հեշտ հավատում, որ պատվաստման միջոցով փորձում են իրենց չիպավորել, 5G-ն քաղցկեղ է առաջացնում և այլն։ 2019 թվականի արդյունքները նույնպես հուսադրող չեն։ Ավելին՝ նման խայտառակ ցածր արդյունք չենք ունեցել մնացած բոլոր տարիներին։

Գնահատման առավելագույն միավորը տեսականորեն սահմանված է 1000 միավոր։
550 միավորից վերև արդյունքը համարվում է բարձր արդյունք, 625 և բարձր միավորը համարվում է շատ բարձր արդյունք։ 2019-ին Հայաստանը մաթեմատիկայից հավաքել է 498 միավոր։ Սա համարվում է միջինից ցածր արդյունք։ Ընդ որում, խոսքը չորրորդ դասարանցիների մասին է։

Բնական գիտությունների պարագայում արդյունքն ավելի վատ է։ Այստեղ մեր չորրորդ դասարանցիները հավաքել են
466 միավոր։ Երկու արդյունքներն էլ հնարավոր ամենացածր արդյունքներն են 2003 թվականից ի վեր, թեև պետք է նշել, որ
յուրաքանչյուր տարի արդյունքը միայն բացասական դինամիկա է գրանցել։

Բայց այնպես չէ, որ հումանիտար գիտությունների պարագայում ինչ-որ հուսադրող բան կա։ Ամենամեծ վկայությունը
հայոց լեզվի միասնական քննություններն են։
2019-ին Հայաստանում բուհ դիմորդների մոտ 20%-ը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական
քննության
նվազագույն շեմը։ Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թթ. հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54,6%-ը: Այս տարի հավելյալ քննություն հանձնողների մոտ 50 տոկոսը չի կարողացել հաղթահարել նվազագույն շեմը։

Ու այս հարցն իշխանություններին ոչ միայն չի անհանգստացնում, այլև ինչ-որ տեղ կարող է ուրախացնել։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել հայոց լեզվի ու պատմության դեմ պետական խաչակրաց արշավանքը, ինչի մասին մենք խոսել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում։

Երբ Արայիկ Հարությունյանը դարձավ ԿԳՄՍ նախարար, ասաց, որ սկզբից պետք է չորացնել ճահիճը, այնուհետև անցնել երկարաժամկետ միջոցառումների։ Իշխանափոխությունից հետո սկզբում ամեն չնչին հարցի համար փաշինյանական ոճով դասադուլներ էին տեղի ունենում, այնուհետև եկավ չարաբաստիկ համավարակն ու կրթության մասին բոլորը մոռացան։

Ճահիճը ոչ միայն չի չորացել, այլև ավելի մեծ լանդշաֆտներ է ընդգրկում, ավելի գունագեղ բաղադրությամբ։ Կրթությանն ուղղված օրենքներն էլ միտված են ոչ թե առկա վիճակը շտկելու, այլ պարզապես ոլորտն ավելի մեծ վերահսկողության տակ վերցնելու ու այլախոհների բերանը փակելու համար։ Ոչ ավելին։ Կրթության կարևորության մասին հիշում են միայն նախընտրական քարոզարշավների ժամանակ, իսկ ընտրություններից հետո հանկարծ ի հայտ են գալիս ավելի կարևոր ու առաջնահերթ բաներ։

Այնպես որ դեգրադացիոն կայունությունը դեռ շարունակվելու է։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

12:00 Ալեն Սիմոնյանին կտանեի «Ծղոտներ» ու «ուբիդիտ» կանեի, թե այդ տարածքներն ումն են. Վարդան Ղուկասյան
08:14 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ Հրապարակ
07:42 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. Փաստ
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
11:57 Զառա Արամյանը տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur․am
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
22:02 Գյումրիում բարի մարդիկ ինձ կարի մեքենա նվիրեցին, հիմա իմ ձեռքի շնորհքով եմ ապրում. արցախցի դերձակ
08:42 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
17:45 Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով
18:30 Որ ոչ ոք գլխի չընկնի․ Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել