copy image url
Խոսք 2 տարի առաջ - 14:58 30-11-2021

Արցախն ինձ համար երբեք քաղաքականություն չի եղել. Ասպրամ Կրպեյան

Մեր պատմության ամենաբարդ շրջաններից մեկը հաղթահարելու համար գործադրվող պայքարի ուղիների, տեսլականի, ու ազգային համախմբան մասին Oragir.News-ը զրուցել է «Թաթուլ Կրպեյան խաղաղություն» հիմնադրամի համահիմնադիր տնօրեն, իրավաբան, «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ։

-Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդը Դուք էիք ու որոշեցիք վերցնել պատգամավորական մանդատը։ Ի՞նչ առաքելությամբ եք գնացել Ազգային ժողով։

-Առաքելությունս մեկն է, և դա արդեն կարգախոս է դարձել, որը հուսով եմ կդառնա յուրաքանչյուր հայի համար նպատակ և կարգախոս։ Դա այն միտքն է, որ չկա Հայաստան առանց Արցախի, և չկա Արցախ՝ առանց Հայաստանի։ Այս կարգախոսը շատ խոսուն է, և իր մեջ ամփոփում է այն ամբողջ օրակարգը, որով եկել եմ Ազգային ժողով։

-Մենք հիմա ապրում ենք մեր պատմության ամենաբարդ շրջաններից մեկում։ Ըստ Ձեզ՝ իրավիճակից դուրս գալու ելքը ո՞րն է: Սահմանին իրավիճակն անընդհատ սրվում է Սյունիքում, իսկ վերջես նաև Գեղարքունիքում, որի հետևանքով հայկական կողմն անընդհատ ունենում է մարդկային և տարածքային կորուստներ, նոր գերիներ ու անհետ կորածներ։ Սա կրելու է շարունակական բնույթ, ի վերջո, իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծման ենք հասնելու։

-Այս պահին իրավիճակը միայն մեկ հանգուցալուծում ունի։ Նախ՝ այս օրհասական մարտահրավերին հավուր պատշաճի դիմակայելու համար մենք պետք է օր առաջ ազատվենք իշխող հանցախմբից, որը ինքնանպատակ չէ։ Սա մեզ հնարավորություն կտա իրապես դիմակայելու մեր պետականությանը սպառնացող գոյութենական վտանգին և կասեցնելու այդ վտանգը։ Այս ամենի լուծումը տեսնում եմ միայն համախմբման միջոցով։ Ովքեր ազնվորեն, իրապես մտահոգված են մեր պետականության, հայրենիքի ապագայով, պետք է օր առաջ համախմբվեն և համախմբման կոչ անեն, մի կողմ դնեն խմբային, անձնական, կուսակցական շահերը և հստակ հասկանան, որ մեկ օրակարգ պետք է ունենանք, դա հայկականան պետականության փրկման օրակարգն է։ Մեր օրակարգում միայն մեկ հարց պետք է լինի, որի շուրջ պետք է քննարկումներ լինեն, այն է՝ մենք ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ։

-Քաղաքացիներն ամեն օր ականատես են լինում պատգամավորների միջև տեղի ունեցող ծեծկռտուքների, հայհոյանքների ու վիրավորանքների, դա նայում են մարդիկ, ովքեր երկրի առաջնային մանդատ կրող պետական մարմնի անդամներն են։ Ո՞նց եք պատկերացնում ձեր համագործակցությունը երկու խմբակցությունների հետ։
-Ես ազգային օրակարգ ասելով՝ նկատի ունեի այն բոլոր ուժերին, ովքեր ունեն համախմբման օրակարգ։ Իսկ իշխող հանցախումբը շատ հեռու է ազգային օրակարգը ներկայացնողը լինելուց, քանի որ իրենք բազմիցս ապացուցել են, որ սպասարկում են թուրք-ադրբեջանական օրակարգը։ Եվ մենք դրա գործուն քայլերը ամեն օր տեսնում ենք։ Այնպես որ, ես անձնապես իմ անունից կարող եմ ասել, որ համագործակցություն չի եղել, ու չի լինելու։ Նրանց օրակարգը ապազգային ու հակահայկական է, և այստեղ համագործակցության որևէ եզր չի կարող լինել։ Համախմբումը պետք է լինի բոլոր այն ուժերի կողմից, որոնք ազգային օրակարգի ջատագովներն են և հստակ հասկանում են մարտահրավերի ծավալները, գիտակցում են, որ այն, ինչի ականատեսն ենք հիմա, պետք է օր ու վարկյան առաջ կանգնեցվի։

-Տարբեր ուժերի կողմից խաղաղ ցույցեր են ընթանում, որի նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը։ Նրանք ցանկանում են թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն։ Պահանջում են նաև, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Վերջնարդյունքն ի վերջո ո՞րն է լինելու, ինչի՞ կհանգեցնեն նմանատիպ ցուցերը։

-Նոյեմբերի 9-ից հետո տարբեր ուժեր տարբեր նախաձեռնությամբ են հանդես եկել։ Ես իմ պայքարի և դիրքորոշումների հարթակը ընտրել եմ արդեն։ Թիմը ու համախոհների խումբը, որոնց հետ որոշել եմ պայքարել արհավիրքների դեմ, արդեն հայտնի է։ Շատ կարևոր է արձանագրել, որ սա ինձ համար չի եղել և չի լինելու քաղաքական պայքարի հարթակ ու դա ինքնանպատակ չէ։ Սա ինքնության համար մղվող պայքար է, որովհետև Արցախն ինձ համար երբեք քաղաքականություն չի եղել, այն ինքնություն է։ Իսկ հայրենիքն ու պետականությունը բարձրագույն արժեքներ են, որոնց համար պայքարել, ու պայքարելու եմ, քանի դեռ շնչում եմ։ Այնպես որ, բոլոր այն ուժերը, որոնք կիսում են այս դիրքորոշումը, և համակարծիք են մոտեցումներիս ու սկզբունքներիս հետ, ոչ մի խնդիր չեմ տեսնում նրանց հետ համագործակցելու հարցում։ Սա թե՛ հրապարակավ ու թե՝ ֆիզիկական մասնակցությամբ՝ հայտնել եմ։ Հուսով եմ, որ պահն իրոք կհասունանա ու համազգային համախմբման ականատեսը կլինենք, որը իրական դիմադրության սկիզբը կլինի։ Մենք հիմա անցումային շրջափուլում ենք գտնվում։ Մեկ վայրկյանում ու մեկ օրում չի կարող համախմբում լինել։ Բազմաթիվ տեղեկատվական, ահաբեկչական տեխնոլոգիաներով բաժան-բաժան են արել հանրությունը, մեկ վայրկյանում համախմբել չի ստացվի։ Սա տևական, հետևողական աշխատանք է, ու բոլորը պետք է լծված լինեն այդ գործին։ Ոչ մի անձնական կամ խմբային անջրպետ չպետք է լինի համախմբման ճանապարհին։


Քնարիկ Պետրոսյան