Արտաքին 2 տարի առաջ - 09:41 30-11-2021

Փոթորիկը Թուրքիայից տեղափոխվել է Ղրիմ. թերակղզին հոսանքազրկված է

Ուժգնացող քամին հոսանքազրկել է Ղրիմի մի հատվածը, Սիմֆերոպոլի մի քանի շրջանում հոսանք չկա, չեն աշխատում լուսացույցները, կանգնած են տրոլեյբուսները, բջջային կապի և ինտերնետի խափանումներ են նկատվում։ Այս մասին հաղորդում են ականատեսները։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները նաև 11 դեպք են արձանագրել՝ կապված ծառերի տապալման հետ։

Սիմֆերոպոլում քամու պոռթկումները հասել են 26 մ/վրկ-ի, իսկ քաղաքի շրջակա տարածքներում՝ մինչև 40 մ/վրկ: Վթարային հոսանքազրկում է տեղի ունեցել Սիմֆերոպոլի մարզում, Բախչիսարայում, Բախչիսարայի շրջանում, Կիրովի մարզում։

Սևաստոպոլում ուժեղ քամու պատճառով «Ծովակալ Լազարև» լաստանավը չի երթևեկում ծովածոցով։ Ինչպես հաղորդել են «Ղրիմէներգո»-ից, այս պահին վնասված է 30-ից ավելի էլեկտրահաղորդման հոսքագիծ։ Վթարի վերացման ուղղությամբ աշխատում է 200 մասնագետ։

Ըստ կանխատեսումների, առաջիկա ժամերին վատ եղանակը ոչ թե հանդարտվելու է, այլ միայն թափ է հավաքելու։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը բնակչությանը զգուշացրել է արտակարգ պատահարների հնարավորության մասին։