copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:06 29-11-2021

Ո՞ւմ են խանգարում հայերենն ու հայոց պատմությունը․ ԿԳՄՍ «ոչմիթիզականությունը»

Եթե մինչև օրս բողոքում էիք նոր սերնդի՝ հայոց լեզվի իմացության չափազանց ցածր մակարդակից, զուգահեռ էլ կարոտով հիշում «սովետի երանելի ժամանակները», ուրեմն Ձեզ ավելի մեծ հիասթափություն է սպասվում։ Շուտով սրան էլ եք երանի տալու։ Կառավարության նոյեմբերի 25-ի որոշման համաձայն՝ հայոց լեզվի ու գրականության ու հայոց պատմության քննությունները հանվել են պարտադիրների ցանկից։ Այժմ ապագա ուսանողները հնարավորություն ունեն ընտրելու այդ առարկաների ու անգլերենի միջև։

Ամբողջ խնդիրն այն է, որ ընդունելության քննությունները, ցավոք սրտի, Հայաստանի քաղաքացիների՝ հայոց լեզվի ու հայոց պատմության իմացությունը ստուգելու միակ եղանակն են։

Ըստ էության, պետությունը չէր վստահում դպրոցական ավարտական քննություններին, քանի որ վերահսկողություն սահմանելը բավականին բարդ էր, այդ պատճառով էլ սահմանված էր հավելյալ քննություն, որտեղ ստուգվում էին գոնե հիմնարար առարկաների իմացությունը։

Հիմա դա այլևս պարտադիր չէ, քանի որ ճնշող մեծամասնությունն ընտրելու է անգլերենը։ Դա ունի մի քանի բացատրություն։

Նախ՝ իր դերն է խաղում PR-ը։ Հայաստանում աշխատանքի գրեթե բոլոր հայտարարություններն անգլերենով են, անգամ այն դեպքում, երբ ո՛չ աշխատանքային պարտականությունների, ո՛չ էլ կարիերայի աճի համար անգլերեն ընդհանրապես հարկավոր չէ։ Նույնիսկ անգլերենի գերազանց իմացության դեպքում։ Բոլորը պահանջում են անգլերենի իմացություն, իսկ հայերենի չիմացությունը կարծես թե խնդիր չէ գործատուների համար։ Հետևաբար, երիտասարդների համար անգլերենը դիտարկվում է որպես ավելի պրակտիկ ու անհրաժեշտ հմտություն, առանց որի՝ հնարավոր չէ անգամ ամենացածր որակավորման աշխատանքի տեղավորվել։

Այստեղից էլ գալիս է երևի այն սովորությունը, որ ժամանակակից ու ավելի կրթված երևալու համար հայերեն բառերից շատերը կամաց-կամաց փոխարինվում են անգլերեն բառերով ու արտահայտություններով ու արդյունքում ստացել ենք ինչ-որ տձև, խառն ու անհասկանալի լեզու։

Հետո՝ անգլերենի քննություն կազմակերպելն ու այն հանձնելը տեխնիկապես մի քանի անգամ ավելի հեշտ է, քան հայոց լեզուն կամ հայոց պատմությունը։

Սա հաստատեց նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։

«Մի բան հաստատ կարող եմ ասել, սա արվում է միայն մեկ նպատակով, որպեսզի հեշտացվեն ընդունելության քննություները և կարողանան բավարար քանակով ուսանողներ հավաքագրել։ Թե ինչ հետևանքներ կունենա, սա հարցի բոլորովին այլ կողմն է, որին գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց պատմաբանը։

Պատմաբանը վստահ է, որ հատկապես հայոց պատմության թերի իմացությունը հետագայում աղետալի հետևանքների է հանգեցնելու, քանի որ այն պարտադիր չէ անգամ միջազգայնագետների համար․

«Դուք պատկերացնու՞մ եք դիվանագետի, որը չգիտի սեփական պատմությունը։ Ինչպե՞ս է նա ընդհանրապես Հայաստանն ու հայ ժողովրդին ներկայացնելու միջազգային կառույցներում ու դա այն դեպքում, երբ թշնամին խեղաթյուրում է ոչ միայն իր, այլև մեր ու բոլոր հարևանների պատմությունը ու կարողանում է միջազգային հանրությանը համոզել, որ դա ճիշտ է»,- ասում է Խաչատուր Ստեփանյանը։

«Քանի մենք կանք, գոյություն ունենք, մեր լեզուն չի մեռնի, բայց հանրային հաղորդակցության մի մեծ շերտ շատ է տուժելու, գուցե անվերադարձ»։ Այս կարծիքին է լեզվաբան, ՀՊՄՀ-ի հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը։

Ըստ նրա՝ եթե ընդունելության համար այն դիտարկվում է որպես անպետք կամ երկրորդական առարկա, դպրոցներում նույնպես տուժելու է լեզվի ուսուցման մակարդակը, իսկ եթե տուժեց լեզուն, տուժելու են նաև մյուս առարկաներն ու մասնագիտությունները։

«Կրթական համակարգում մայրենին երկրորդ պլան մղելով՝ մենք կանգնելու ենք ընդհանուր դեգրադացման վտանգի առաջ, քանի որ լեզուն հանրային հաղորդակցության կարևորագույն բաղադրիչն է»,- ասում է Լևոն Գալստյանը։

Ամեն դեպքում արդեն հաջորդ քննությունները կանցնեն անգլերենի գրեթե լիակատար գերակայությամբ։ Թե ինչ հետևանքներ դա կունենա, շուտով կտեսնենք։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

12:48 Տարիքով մարդուն տվել են պոլին․ լարված իրավիճակ Աբովյան փողոցում
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ