copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:27 29-11-2021

Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Թուրքմենստանի առաջին տիկնոջ լուսանկարը․ նա նախկինում չէր հայտնվել հանրության առաջ

Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Թուրքմենստանի առաջին տիկին Օգուլգերեկ Բերդիմուհամեդովայի լուսանկարը։ Նոյեմբերի 27-ին Աշխաբադում բանկետի ժամանակ Թուրքմենստանի նախագահներ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ համատեղ լուսանկար են արվել իրենց կանանց հետ։

Էրդողանը երկօրյա այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Թուրքմենական պաշտոնական հրապարակումներում նախկինում երբեք չի հրապարակվել Բերդիմուհամեդովայի լուսանկարը։ Թուրքմենստանի առաջին տիկնոջ առաջին լուսանկարներից մեկը հրապարակել է SonDakika-ն։

Ինչպես գրում է Nowadays-ը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը սովորաբար միայնակ է հայտնվում հեռուստաէկրաններին և պաշտոնական թերթերի ու ամսագրերի առաջին էջերին, իսկ թուրքմենական հրապարակումները երբեք չեն ցուցադրում նրա կնոջը։ Ընտանեկան լուսանկարներում սովորաբար պատկերված են նրա որդին, դուստրերն ու թոռները:

«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը մատնանշում է, որ լայն հանրությունը դեռ չգիտի Օգուլգերեկ Բերդիմուհամեդովայի մասին պարզ փաստեր, թե քանի տարեկան է նա և ինչով է զբաղվում։ Բերդիմուհամեդովը կողակցին արտասահմանյան ճամփորդությունների չի տանում։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պաշտոնը 2007 թվականին՝ Սափարմուրադ Նիյազովի մահից հետո, ով մինչ այդ երկիրը ղեկավարում էր 21 տարի։ Բերդիմուհամեդովը կրում է «Արկադաղ» տիտղոսը, որը թարգմանաբար նշանակում է «հովանավոր»։ 2012 և 2017 թվականներին նա նախագահական ընտրություններում հաղթել է, ըստ պաշտոնական տվյալների, 97,14% և 97,69% ձայներով։

Ամենից շատ դիտված