copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:56 29-11-2021

Պորոշենկոյի օրոք ինձ երկու անգամ առաջարկել են զբաղեցնել վարչապետի պաշտոնը. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ելույթ ունենալով Թբիլիսիի քաղաքային դատարանում, հայտարարել է, որ երբ Ուկրաինայի նախագահը Պյոտր Պորոշենկոն էր, իրեն երկու անգամ առաջարկել են զբաղեցնել վարչապետի պաշտոնը, բայց նա հրաժարվել է։

«Այդ ամենը հանուն այն բանի, որպեսզի վերադառնամ Վրաստան, որին ես խելահեղության աստիճանի սիրում եմ, և որտեղ իմ ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիք կար»,- ասել է Սաակաշվիլին։

Նախկին նախագահը նաև հայտարարել է, որ տարբեր երկրներում վրաց արտագաղթողների հետ հանդիպմանը իրեն պատմել են Վրաստանում ծանր կյանքի մասին, որը «կորցնում է իր անկախությունը և աստիճանաբար անցնում Ռուսաստանի վերահսկողության տակ»։

«Իմ նախագահության ժամանակ սովորական մարդկանց կյանքը շատ ավելի լավն էր, քան հիմա: Դա վերաբերում է նաև ազգային արժույթի փոխարժեքին և գործազրկությանը։ Ողբերգություն է, երբ վրացիները վաստակելու նպատակով Վրաստանից մեկնում են Լեհաստան՝ սեզոնային աշխատանքի։ Վերջին տարիներին Վրաստանից արտագաղթել է գրեթե 700 հազար քաղաքացի։ Սա ողբերգություն է, որը կատարվում է մեր աչքի առաջ։ Ես չէի կարող նստել Կիևում և տեսնել, թե ինչպես է քանդվում իմ երկիրը»,- ասել է Սաակաշվիլին։