Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:42 29-11-2021

Մենք ցանկանում ենք մասնակցել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծմանը. Էրդողան  

Թուրքիան հույս ունի իր մասնակցությունն ունենալ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ճգնաժամի կարգավորման գործում և մտադիր է շարունակել այդ թեմայով քննարկումը Մոսկվայի և Կիևի հետ։ Այս մասին թուրք լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանից վերադառնալիս։

«Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է առաջին հերթին Ղրիմի թուրքերին: Մենք բազմիցս այդ հարցերը քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի և հատկապես պարոն (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ: Մենք ցանկանում ենք, որ (այս տարածաշրջանը) չլինի այն տարածքը, որտեղ տիրում է պատերազմ: Թող ապագայում այս տարածքում տիրի խաղաղություն, մենք ցանկանում ենք դրական առումով վերաբերմունք ձևավորել այս հարցի նկատմամբ»,- թուրք առաջնորդի խոսքերն է մեջբերել Yeni Şafak թերթը:

Էրդողանը հաստատում է նաև, որ Թուրքիան «կմիջնորդի այդ հարցում, կքննարկի այդ հարցը» Մոսկվայի և Կիևի հետ։ «Մենք կզարգացնենք այդ բանակցությունները ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ: Մենք ցանկանում ենք մասնակցել այդ խնդրի լուծմանը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։