Երևան +16°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:12 29-11-2021

Ստալինի ծոռը դիմել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքին՝ իր նախապապին արտաշիրիմելու հարցում օգնելու խնդրանքով

Խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի ծոռը՝ Սելիմ Բենսաադը, Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլին խնդրել է Ստալինի աճյունը վերահուղարկավորելու անհրաժեշտության մասին բանավեճի «դատավոր» դառնալ։ Բենսաադի նամակը հրապարակել է «Բլոկնոտ» պարբերականը։

Ստալինի ծոռը պնդում է, որ Ստալինը կցանկանար հուղարկավորվել Նովոդևիչի գերեզմանատանը՝ իր երկրորդ կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի կողքին։ Բացի այդ, նա խնդրում է արտաշիրիմել իր նախապապի աճյունը, որպեսզի ստուգի նրա թունավորված լինելու վարկածը։

Բենսաադը պարզաբանել է, որ դիմել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքին, քանի որ համոզված է, որ իր նախապապը հավատացյալ մարդ է եղել։ Նա նաև ասել է, որ ցանկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կամ «Պատրիոտ» այգում գտնվող կենտրոնական տաճարին սրբապատկեր փոխանցել, որն իբր պատկանել է Ստալինին։

1953թ.-ի մարտին Ստալինի մահից հետո նրա աճյունը տեղափոխվել է Կարմիր հրապարակում գտնվող դամբարան, իսկ 1961թ.-ին՝ թաղվել Կրեմլի պատի մոտ գտնվող գերեզմանում։

Բենսաադի պապը Ստալինի ավագ որդին է՝ Յակով Ջուգաշվիլին, որը մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերության մեջ։ Յակով Ջուգաշվիլիի դուստր՝ Գալինան, ամուսնացել է Ալժիրի քաղաքացի Հոսին Բենսաադի հետ, Սելիմը նրանց որդին է։ Լրագրող Լանա Պարշինայի հետ նա գրել է «Ստալինի ընտանիքի գաղտնիքները» գիրքը:

Ամենից շատ դիտված