Երևան +23°
Ներքին 6 ամիս առաջ - 20:44 11-11-2021

Ինչպես խուսափել միջանցք տրամադրելուց․ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը՝ ՅԱԽՔ

Երեկ երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանը տեղեկացրել է Հայաստանին՝ Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա մաքսակետեր է դնելու։ Ընդ որում, դա ասաց դեմքի այնպիսի արտահայտությամբ, որ այդպես էլ պետք է լիներ։ Իհարկե, շատ զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ բան ասում են՝ մինչև բուն իրադարձության տեղի ունենալը կամ ասում են դառը ճշմարտությունը՝ ոչ թե հակառակը։ Ինչ խոսք, սա մեծ առաջընթաց է։

Առավոտյան էլ տեսանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը շատ սթափ նստած էր կառավարության նիստին և կարդում էր նախապես գրված տեքստը։ Իհարկե, պարոն վարչապետը կարողանում է իրավիճակն այնպես ներկայացնել, որ միամիտներին թվա, թե Հայաստանը կրկին շահում է ու հաղթում, և այս անգամն էլ բացառություն չէր։ Ըստ նրա՝ եթե ադրբեջանցիները մաքսակետ չդնեին Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա, ապա Հայաստանը պետք է միջանցք տրամադրեր Ադրբեջանին՝ դեպի Նախիջևան, բայց շնորհիվ մեր մեծ առաջնորդի՝ նման բան մեզ չի սպառնում։ Կարելի է միայն ենթադրել, թե էլ ինչ հաղթանակներ է Հայաստանը տոնելու՝ Ադրբեջանին նման միջանցք չտրամադրելով։ Օրինակ՝ միջանցք չտրամադրելու համար առաջիկայում Հայաստանը երևի վերջնականապես կործանի իր տնտեսությունը, գուցե հանուն այդ վեհ նպատակի՝ Ամուլսարը շահագործվի, հաստատ այդ նպատակով կլինեն պարգևավճարներ և գուցե նորից կիրառվի հանրահավաքներ կազմակերպելու արգելքը։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ մենք մեզ պետք է ավելի պաշտպանված ու ապահով զգանք, որ նման խորաթափանց ստրատեգն է առաջնորդում մեզ։ Իհարկե, ստացվում է, որ զուտ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանը էլի է տարածքներ զիջում, որովհետև տեղի է ունենում փաստացի սահմանազատում, վարչապետի մորուքոտ բերանով ճանաչում է, որ այդ ճանապարհը պատկանում է Ադրբեջանին, բայց սրանք չափազանց մանր հարցեր են այն վիթխարի հաջողության առջև, որին հասավ մեր կառավարությունը․ հերթական անգամ չտրամադրեց միջանցքը։

Բացի նրանից, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պետք է դասերի գնա Նիկոլ Փաշինյանի մոտ և սովորի, թե ինչպես պետք է պետական պաշտոնյան ներկայացնի հաղթանակները, Արմեն Գրիգորյանը ճիշտ կանի, որ անդրադառնա նաև Հայաստանի նոր ազգային անվտանգության ռազմավարությանը, որովհետև ակնհայտ է, որ նախկինը, ըստ որի՝ Հայաստանը շրջապատված էր թշնամիներով, անդառնալիորեն հնացել է։ Անվտանգության նոր հայեցակարգը կարելի է վերցնել բնությունից։ Հրաշալի օրինակ կարելի է վերցնել Հայաստանում տարածված մի թռչունից՝ հոպոպից։ Ինչպես հայտնի է, այս փոքրիկ և գեղեցիկ թռչունները չափազանց խորամանկ են անվտանգության հարցերում։ Բանն այն է, որ նրանք իրենց անվտանգությունը կառուցում են կեղտի միջոցով․ և՛ մայր հոպոպը, և՛ մեծացող ձագերը կեղտոտում են բնի մեջ, ի վերջո, թաղվում են այդ կեղտի մեջ, բայց բնից այնպիսի հոտ է գալիս, որ ոչ մի կենդանի չի համարձակվում մոտենալ։

Նույնը կարելի է կիրառել (թեև արդեն անգիտակցաբար կիրառվում է) Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կառուցելիս։ Բայց որպեսզի ցույց տանք, որ արդեն ամեն ինչ գիտակցված է, կարելի է հոպոպ բառն ավելացնել կառույցի անվան մեջ, ընդ որում, դա կարելի է անել դասական ուղղագրությամբ՝ Յոպոպային անվտանգութեան խորհուրդ, իսկ Արմեն Գրիգորյանին էլ կսկսենք կոչել՝ ՅԱԽՔ։

Գևորգ Էմին-Տերյան

հրապարակախոս