copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:38 15-10-2021

Ռուսական օրենքի թուրքական տարբերակը․ իշխանական մամուլի վերածնունդը

Թուրքիայում արդեն պատրաստ է օրենքի նախագիծը, ըստ որի՝ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք ունեն արտասահմանյան ֆինանսավորում, ստանձնելու են լրացուցիչ պարտավորություններ։ Սա, ըստ էության, դառնալու է 2020 թվականի դեկտեմբերին ՌԴ պետդումայի ընդունած, Դաշնային խորհրդի հաստատած, ապա նախագահ Պուտինի կողմից ստորագրված «Արտասահմանյան գործակալ-ֆիզանձանց մասին» օրենքի թուրքական տարբերակը։ Ըստ ռուսական օրենքի՝ արտասահմանյան գործակալի կարգավիճակ կարող է տրվել ֆիզիկական այն անձանց և կազմակերպություններին, որոնք գրանցված չեն որպես իրավաբանական անձ։ Ըստ թուրքական օրենքի նախագծի, որը մշակվել է ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (թուրքերեն՝ Milliyetçi Hareket Partisi, հակիրճ՝ MHP) կողմից, բոլոր այն կառույցները, որոնք իրականացնում են «տեղեկատվական-հետախուզական գործունեություն»՝ աջակցություն ստանալով արտասահմանից, Թուրքիայում պետք է ունենան «հատուկ կարգավիճակ», իսկ նման կարգավիճակի արժանացած անձինք և կազմակերպությունները պետք է հստակորեն նույնականացվեն։ Ավելին՝ բոլոր մեդիակառույցները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվում են արտասահմանյան աղբյուրներից, պարտավոր են գրանցել իրենց ներկայացուցչությունները՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը պարբերաբար զեկույցներ ներկայացնելով ծավալած գործունեության վերաբերյալ։

Այսօր Թուրքիայի տպագիր և հեռուստատեսային մասս-մեդիայի մոտավորապես 95%-ն այս կամ այն կերպ կապված է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP) կամ իշխանամետ շրջանակներին։ Բայց անգամ այս ցուցանիշը բավարար չէ Էրդողանին և նրա շրջապատին։ Իշխանությունից հանրային դժգոհության աճին զուգահեռ՝ Թուրքիայում հատկապես 2016 թվականի հուլիսյան իրադարձություններից հետո մեծացել է ճնշումը համեմատաբար անկախ լրատվամիջոցների վրա, ինչի արդյունքում թուրք ընդդիմադիրներն իրենց նյութերը հրապարակում են այլընտրանքային այնպիսի հարթակներում, ինչպիսիք են «Mediascope»-ը, «Mezopotamya News»-ը կամ «T24»-ը։ Չունենալով բավարար ռեսուրսներ՝ այս լրատվամիջոցները շատ հաճախ սնվում են արտասահմանի ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ հանրային հիմնադրամների միջոցներից։ Ի հակառակ թուրքական իշխանությունների դժգոհության՝ ընդդիմադիր լրատվամիջոցները հիմնականում սնվում են եվրոպական ֆինանսավորումից, սակայն նոր օրինագծի ընդունմամբ՝ թուրք ընդդիմադիրները զրկվելու են նաև այս դոնորներից։ Բոլոր այն մեդիաները, որոնք կհրաժարվեն Թուրքիայում գրանցել իրենց ներկայացուցչությունները, կամ կհրաժարվեն հաշվետու լինել ներքին գործերի նախարարությանը, քրեական պատասխանատվության կենթարկվեն ընդհուպ 5 տարի ժամկետով, կամ կպարտավորվեն վճարել մոտ մեկ միլիոն լիրայի չափով տուգանք։ Ըստ Ֆեթհի Յըլդըզի՝ որը MHP-ի փոխնախագահն է և օրենսդրական նախագծի հեղինակը, օրենսդրական ակտն ուղղված է թափանցիկության ապահովմանը, քանի որ կան կազմակերպություններ և ֆիզիկական անձինք, որոնք, ստանալով գումար, խոսքի ազատության անվան ներքո քննադատում են թուրքական կառավարությանը։ Յըլդըզի հավաստմամբ՝ օրենքը չի տարածվելու արտասահմանյան այնպիսի մեդիահսկաների վրա, ինչպիսիք են BBC-ին կամ DW-ն, քանի որ այս կառույցների ֆինանսավորման աղբյուրները թափանցիկ են և հայտնի են բոլորին, մինչդեռ կան միջազգային այնպիսի լրատվամիջոցներ, որոնք հետաքրքրված են միայն թուրքական իշխանությունների քննադատությամբ։ MHP փոխնախագահը հավելել է, որ տեղի ունեցողը կապ չունի խոսքի ազատության սահմանափակման հետ, քանի որ այդ առումով Թուրքիան որևէ խնդիր չունի։

Այն, որ Թուրքիան մամուլի և խոսքի ազատության առնչությամբ ոչ միայն ունի խնդիրներ, այլև կանխամտածված խորացնում է այդ խնդիրները, միջազգային հանրությանը հայտնի է վաղուց։ Օրինակ՝ մայիսին գերմանական լրատվության հսկաներից մեկը՝ «Deutsche Welle»-ն, Բոննում կազմակերպել էր միջազգային կոնֆերանս (Global Media Forum)` նվիրված լրատվամիջոցների և քաղաքականության փոխհարաբերություններին։ Մայիսի 28-ին պանելային քննարկման ժամանակ, որի կենտրոնական թեման զանգվածային մեդիայի, քաղաքական գործիչների և խոսքի ազատության առնչակցության ժամանակակից հիմնահարցերն էին, մասնակցում էր նաև թուրքական «Cumhuriyet» (թարգմանաբար՝ Հանրապետություն) թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը։ Լսելով Ալեքսեյ Նավալնու աջակից Լեոնիդ Վոլկովի տեսաուղերձը (վերջինս ֆորումին չէր կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել, քանի որ մայիսի 22-ին բերման էր ենթարկվել Մոսկվայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ իրականացվող բողոքի ակցիան յութուբյան ալիքով հեռարձակելու համար), Դյունդարը նշել էր, թե Վոլկովի ուղերձից հետո բացատրության կարիք այլևս չկա, քանի որ այդպիսին է դրությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը և Թուրքիան՝ հավելելով, որ դա այն գինն է, որն իրենք ստիպված են վճարել իրենց հայրենիքում։ Ըստ էության, Վոլկովին համերաշխություն հայտնելու ուղերձը պայմանավորված էր նաև նույնական կենսագրությամբ, քանի որ Դյունդարի դեմ գործով վերջնական դատական ակտի հրապարակումից առաջ երեք ամիս թուրք լրագրողը եղել է կալանավորված։

Դյունդարը Գերմանիայում հաստատվել է դեռևս 2016 թվականին։ Ընդունելով, որ լրագրողի կյանքին վտանգ է սպառնում, գերմանական իշխանությունները նրան ապահովել են անձնական թիկնապահով։ Պատճառն այն է, որ թուրք լրագրողը ստիպված էր Գերմանիա գաղթել այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները վերջինիս մեղադրեցին պետական գաղտնիքը բացահայտելու մեջ և դատապարտեցին 5 տարվա ազատազրկման։ 2015 թվականին, գլխավորելով «Cumhuriyet» թերթի խմբագրությունը, Դյունդարը ռեպորտաժ էր հրապարակել, որով հաստատում էր, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները բեռնատարներով զենք են փոխադրել Սիրիա։ Ավելին՝ Թուրքիայում նրան մեղադրում էին նաև 2013-ին Պոլսում Գեզի զբոսայգու ցույցերը կազմակերպելու համար։ Իսկ ահա Դյունդարի հավաստմամբ՝ թուրքական իշխանություններն արել են հնարավոր ամեն բան՝ վերահսկողության տակ վերցնելու զանգվածային լրատվամիջոցները, ինչի հետևանքով ավելի քան 150 լրագրողներ Թուրքիայում ճաղերի հետևում են հայտնվել մասնագիտական գործունեություն ծավալելու համար։ Հետևապես, ամենևին զարմանալի չէ, որ, ըստ թուրք լրագրողի՝ Թուրքիայում այժմ իշխանությունների և զանգվածային լրատվամիջոցների միջև հակասություններ առկա չեն։

Թուրքիայում այսօր զանգվածային լրատվության համար շարունակում է վտանգավոր մնալ նաև լուրերի և ազատ խոսքի տարածումը սոցիալական ցանցերի միջոցով։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սոցիալական ցանցերը բարենպաստ միջոց են ազատորեն շնչելու և կարծիքով կիսվելու կամ տարածելու տեսանկյունից, մինչդեռ սոցիալական հարաբերությունների վիրտուալացման դարաշրջանում ոչ ժողովրդավար իշխանությունների կողմից առաջին հերթին թիրախավորվում են հենց համացանցային հարթակի կարծիքի առաջատարներն ու նրանց օգտատիրական լսարանը։ Այլ կերպ ասած, լրագրողի դեմ կարող է շրջվել ոչ միայն իր հոդվածը կամ սյունակը, այլև իր հրապարակային գրառումը սոցիալական ցանցերի անձնական էջերում։ Որպես օրինակ՝ Ջան Դյունդարի դեմ քննիչները որպես ապացույց օգտագործել էին նաև 2013 թվականի նրա գրառումները, ըստ որոնց՝ լրագրողը հասարակական անկարգությունների կոչ էր անում։ Հետևապես, ամենևին զարմանալի չէ, որ ավանդական և սոցիալական մեդիայի ոլորտում Թուրքիայի իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող խախտումներն ու արհեստական խոչընդոտները հաշվի առնելով՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը 2021 թվականի Խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրների շարքում Թուրքիային կարգել էր 153-րդ հորիզոնականում (49,79): Ընդ որում, ընդունելով ժողովրդավարության արժեքները մանիպուլացնելու, խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և խորքային առումով գրաքննության ավանդույթներին հետևելու պրակտիկան, եվրաինտեգրացման թեկնածու Թուրքիան վերջին տարիներին հաստատակամորեն պահպանում է հետնապահի դիրքերը։ Այսպես՝ նույն ինդեքսում 2020-ին Թուրքիան գտնվել է 154-րդ (50,02), իսկ 2019 և 2018 թվականներին՝ 157-րդ տեղում (համապատասխանաբար՝ 52,81 և 53,50 ինդեքսային ցուցանիշ)։

Հաշվի առնելով այս բացասական միտումներն ու հատկապես շրջանառվող օրենսդրական նախաձեռնությունը՝ թուրքական լրագրողական նախաձեռնությունները (շնորհիվ Լրագրողների միության՝ ի դեմս փոխնախագահ Յուսուֆ Քանլըի, Անկարայի լրագրողական միության ղեկավար Էսրա Քոչաքի և այլն) սկսել են ակտիվ աշխատանքներ ձեռնարկել՝ հասկանալով, որ էրդողանական ապարատը վերջնականապես ցանկանում է թաղել ազատ խոսքն ու քննական միտքը։ Անկարողունակ գտնվելով կատարվածի համար անմիջականորեն մեղադրելու նախագահ Էրդողանին, իրավապաշտպան կազմակերպություններն ու հատկապես լրագրողական շրջանակները քննադատում են հենց կոալիցիոն կառավարության մաս կազմող MHP-ին։ Օրինակ՝ ըստ «Մամուլի միջազգային ինստիտուտ» (IPI) միջազգային կազմակերպության թուրքական համակարգող Ռենան Աքյավազի՝ իրենք մտահոգված են, քանի որ MHP-ի առաջարկը ԶԼՄ-ների համար իսկական սպառնալիք է՝ ուղղված անկախ լրագրության հետագա գոյությանը։ Իսկ ահա Թուրքիայի նախագահին ենթակա Հաղորդակցության վարչության (թուրքերեն՝ İletişim Başkanlığı) նախագահ Ֆահրեթթին Ալթունի կարծիքով՝ իրենք որքան հնարավոր է շուտ պետք է քայլեր ձեռնարկեն հասարակական կարգը պաշտպանելու ուղղությամբ՝ ժողովրդին ապահովելով իրական լրատվություն ստանալու իրավունքի իրացմամբ։ Ըստ էության, նախագահի ամբողջ ապարատն այս օրենքի նախագծով փորձում է տպավորություն ստեղծել, որ ոչ թե պայքարում է այլակարծության, ազատ խոսքի դրսևորումների կամ ֆինանսական աղբյուրների չեզոքացման դեմ, այլ ելնելով կեղծ լուրերի հոսքի վերահսկման և սահմանափակման նկատառումներից։ Այս պնդումն առնվազն կարելի է հիմնավորել այն փաստարկով, որ Թուրքիայում, առանց այդ օրենքի նախագծի, արտասահմանից սնվող մեդիահարթակներն, այսպես թե այնպես, պարբերաբար ֆինանսական հաշվետվություններ են ներկայացրել համապատասխան կառույցներին։ Մյուս կողմից, ըստ էության, թուրքական իշխանությունների նման սանձարձակ գործելաոճի պատճառը 2020 թվականի հոկտեմբերից շարունակվող քայլերն են, որոնք այդպես էլ պատշաճ ուշադրության և համարժեք բողոքի չարժանացան, մինչդեռ իշխանությունները, օգտվելով 5651 օրենքից, գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցրին համացանցային կոնտենտը։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել

Ձեզ գուցե հետաքրքրի